Գլխավոր Լրահոս

Ամեն ինչ առջևում է

Ամեն ինչ առջևում է

Երեկ հայտնի դարձավ, որ Հանրապետական կուսակցությանն են անդամակցում ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Թե՛ Գաբրիելյանը և թե՛ Թովմասյանը բավական լավ մասնագետներ և պարկեշտ մարդիկ են, որոնց ներկայությունից, ինչ խոսք, կառավարությունը առնվազն իմիջային առումով շահում է:

Մյուս կողմից՝ այն երկու ոլորտները, որ ղեկավարում են Գաբրիելյանն ու Թովմասյանը, բավական լուրջ խնդիրներ ունեն: Ֆինանսատնտեսական ոլորտի խնդիրներն առնչվում են երկրի ընդհանուր տնտեսական ծանրի վիճակին: Արդարադատության ոլորտում խնդիրները նույնքան, եթե ոչ ավելի խորն են՝ արդարության և անկախ դատարանների բացակայություն, դատարանների ղեկավարում Բաղրամյան 26-ից և սուբօրդինացիա դատախազությանը և այլն:

Այս համատեքստում Գաբրիելյանի ու Թովմասյանի անդամակցությունը ՀՀԿ-ին կարելի է դիտել որպես Սերժ Սարգսյանի՝ մարտի 10-ին ՀՀԿ համագումարին հնչեցրած ելույթի տրամաբանական շարունակություն: Ելույթի հիմնական մեխն այն էր, որ իրականում հեչ էլ վատ չէ, հաջողություններ են արձանագրվել, երկիրն առաջընթաց է ունեցել և այլն:

Այսինքն՝ ստեղծվում է մտացածին մի պատկեր, որը ներկելու համար նոր գույներ են պետք: Տվյալ դեպքում Գաբրիելյանի և Թովմասյանի գույնը այդ չեղած պատկերին նոր գույն է հաղորդում: Մի գույն էլ ավելանում է ի դեմս Վիկտոր Դալլաքյանի, որը, չլինելով և չդառնալով օլիգարխ, տարիներ շարունակ կարողացել է մեծամասնականով հաղթանակ տանել Վանաձորում:

Ստացվում է ծիածանի նման մի բան, երբ կան գույներ, և կա կամար, բայց դրանք անմիջապես չքանում են, երբ Արեգակը փոխում է դիրքը:

Թերևս քչերը հավատան, որ պրոֆեսիոնալ ֆինանսիստն ու իրավաբանն այնքան են տարվել ցեղակրոնության ուսմունքով, որ օր-մեծություն որոշում են մնացյալ կյանքը նվիրաբերել այդ գաղափարներին: Պարզ է, որ աշխատում է պարտադրանքի ինստիտուտը՝ կա՛մ դառնում եք հանրապետական, կա՛մ էլ զրկվում եք պաշտոնից և բոլոր արտոնություններից: Աշխատում է նաև համոզելու ինստիտուտը՝ վարչապետն իր վաղուցվա թիմակիցներին հորդորում է անդամակցել իր՝ վերջերս անդամակցած կուսակցությանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն երրորդ կուսակցությունն է, որին անդամակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը. մինչ այդ նա եղել է ՀՀՇ-ի և ԱԺՄ-ի անդամ: Իսկ նախագահ Սերժ Սարգսյանը նախքան ՀՀԿ-ին անդամակցելը եղել է ՀՀՇ-ի և Կոմկուսի անդամ:

Այնպես որ՝ Գաբրիելյանի ու Թովմասյանի համար ամեն ինչ դեռ առջևում է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում