ԱՄՕ-ի և «Արմավիա»-ի՝ չորս օր տևած բանակցային գործընթացը կտապալվեր, եթե չլինեին լրագրողները։ Երեկ ԱՄՕ-ի ղեկավարությունը հրատապ ասուլիս էր հրավիրել, որի նպատակն էր հայտարարել, որ օդանավակայանը համաձայնել է «Արմավիա»-ի ներկայացրած առաջարկներին և պատրաստ է համաձայնագիր ստորագրել, մինչդեռ առավոտյան «Արմավիա»-ի ներկայացուցիչը լքել էր բանակցությունների սենյակը՝ տապալման եզրին կանգնեցնելով համաձայնագրի ստորագրումը։ Մինչ լրագրողները կհասնեին օդանավակայան, որտեղ նախատեսված էր ասուլիսը, «Արմավիա»-ի ներկայացուցիչն արդեն ստորագրել էր այդ համաձայնագիրը։
Ասուլիսին ներկայացնելով համաձայնագիրը՝ ԱՄՕ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշեց, որ այն ուղղված է Հայաստանում ավիացիայի զարգացմանը։ Օդանավակայանը այս չորս օրվա քննարկումների արդյունքում համաձայնել է բավարարել «Արմավիա»-ի պահանջները, մասնավորապես՝ վերանայել սպասարկման սակագները:
Ավիաընկերությունն իր հերթին պարտավորվել է սահմանված ժամանակացույցով՝ մինչև սեպտեմբեր, մարել կուտակած պարտքերը։ «Ես առաջին անգամ են հանդիպում հայտարարությունների, երբ ավիաընկերությունն իր անհաջողությունների համար մեղադրում է օդանավակայանին։ Մենք չենք ընդունում այն բոլոր մեղադրանքները, որ «Արմավիա»-ի խնդիրների մեղավորը «Զվարթնոց»-ն է։ Օդանավակայանի սպասարկման ծախսերն ավիաընկերության ընդհանուր ծախսերում մեծ տեսակարար կշիռ չունեն՝ մոտ 15%»,– ասաց Վենդեն։
Զեղչ պարտքի դիմաց
Օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանն ասաց, որ վերջին վեց ամիսների ընթացքում «Արմավիա»-ն օդանավակայանին $5,3 մլն պարտք է կուտակել։ «Ակնկալում ենք, որ պարտքի մի մասը կմարվի մոտ օրերս, սա հաստատված է համաձայնագրով։ Դրա դիմաց մենք տրամադրել ենք հատուկ սակագներ, որը պահանջում էր «Արմավիա»-ն։ Ընկերությունը խոստացել է պարտքը կարճ ժամանակում մարել»,– նշեց նա:
Շխյանի խոսքով՝ դա շատ մեծ պարտք է, օդանավակայանի համար չափազանց կարևոր են այդ գումարները ստանալը, և դա է եղել սեղանին դրված հիմնական խնդիրը։ Ըստ նրա՝ եթե «Արմավիա»-ն մոտ օրերս չկատարի իր պարտավորությունները, համաձայնագրով նախատեսված սակագները, որ պետք է ուժի մեջ մտնեն ապրիլի 1-ից, չեն գործի։
«Օրակարգ»-ի հարցին, թե համաձայնագիրը ստորագրելուց առաջ արդյոք ուսումնասիրվե՞լ է «Արմավիա»-ի ֆինանսական վիճակն ու վճարունակությունը, Շխյանը պատասխանեց, որ օդանավակայանը նման իրավասություններ չունի։ «Մենք միայն խնդրել ենք ներկայացնել զարգացման իրատեսական պլան, որի հիման վրա և հաշվարկել են սակագները։ Մեզ համար կարևոր է կուտակված պարտքի մարումը, և ցանկանում ենք՝ որքան հնարավոր է այն շուտ մարվի»,– ասաց Շխյանը։
Սնանկությունն այլընտրանք չունի
Կարելի է ասել, որ «Զվարթնոց»-ն այլընտրանք չունի, քան ընդունել «Արմավիա»-ի պահանջները, քանի որ վերջինիս հնարավոր սնանկացման դեպքում կկորցնի այդ գումարները: Օրերս «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր, որ կա՛մ «Զվարթնոց»-ը կիջեցնի սակագները 25%-ով, կա՛մ իրենք կդադարեցնեն չվերթները և կսկսեն սնանկության գործընթաց։ Ընդ որում՝ Բաղդասարովը ավելի հակված էր այն տարբերակին, որ «Արմավիա»-ն ավելի շուտ սնանկ հայտարարվի, քան օդանավակայանը զեղչեր տրամադրի։
Նման զարգացումների պայմաններում «Արմավիա»-ի սնանկացումն ընդամենը ամիսների հարց է, և այս ժամանակահատվածը «Զվարթնոց»-ը փորձում է օգտագործել «կորցրած» փողերի գոնե մի մասը հետ ստանալու համար։ Խնդիրն այն է, որ թեև «Արմավիա»-ն իր պարկում մի շարք օդանավեր ունի, դրանք բոլորը կա՛մ լիզինգով են վերցված, կա՛մ գնված են վարկային միջոցներով, և փաստացի ընկերությանը չեն պատկանում։ Մյուս կողմից՝ «Արմավիա»-ն պարտքեր ունի նաև այլ գործընկերներին, մասնավորապես Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանին պարտք է $2 մլն: Վերջինիս ևս երաշխավորական նամակներ է ուղարկել, որ կմարի պարտքը։
Ավելի շատ պարտքեր
«Օրակարգ»-ի տեղեկություններով՝ անցած երկու տարիներին Կենտրոնական բանկի օժանդակությամբ հայկական մի քանի բանկ «Արմավիա»-ին տրամադրել են մի քանի միլիոն դոլարի սինդիկացված վարկ։ Թերևս այդ վարկի առկայությունն է պատճառներից մեկը, որ «Արմավիա»-ի և ԱՄՕ-ի բանակցությունների համար վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկվել էր նաև ԿԲ ներկայացուցիչը։
Ի դեպ՝ երեկ Ռուսաստանի ավիացիոն տրանսպորտի դաշնային գործակալությունից («Ռոսավիացիա») «Օրակարգ»-ին ասացին, որ «Արմավիա»-ն դեռ չի կատարել իր պարտավորությունները և չի մարել պարտքի մի մասը։ Հիշեցնենք, որ պարտքերը չմարելու համար «Ռոսավիացիա»-ն մարտի 6-ին մի քանի ժամով դադարեցրել էր «Արմավիա»-ի ինքնաթիռների աերոնավիգացիոն սպասարկումը Ռուսաստանի օդում։
Այսօր կարելի է պնդել, որ Բաղդասարովի համար ամենաշահավետ լուծումը իր ընկերության սնանկացումն է, ինչին ամեն կերպ խոչընդոտում են ՀՀ Կառավարությունն ու «Զվարթնոց»-ը:
Civilnet










