Գլխավոր Լրահոս

Հայկական դեղագործությունը հիվանդ է

Հիշեցնենք՝ արտահանման ռազմավարական ծրագրի դեղագործությանը նվիրված բաժնում դեղերի արտադրության ծավալը ներկայում գնահատված է $8 մլն, արտահանումը՝ $5 մլն, աշխատակիցների թիվը՝ 550:

Բայց այս թվերը դեռ ոչինչ չեն ասում: Շատ ավելի կարևոր են ոլորտում ընթացող խորքային գործընթացների գնահատականները: Արտահանման ծրագիրն իրագործելու համար առաջին հերթին ահրաժեշտ է GMP ստանդարտների (արտադրության պատշաճ կանոններ) ներդրումը: Դա ոչ ոք չի հերքում. 2013-ից հետո նույնիսկ ԱՊՀ-ում չի մնա երկիր, որը թույլ կտա ներմուծել GMP սերտիֆիկատ չունեցող դեղ:

Բայց այս պահին Հայաստանում 12 դեղագործական ընկերություններից GMP ստանդարտներին համապատասխանող միայն երկու կամ առավելագույնը երեք ընկերություն կա: Մյուսներին մնացել է ընդամենը ինը ամիս, բայց արդեն նշաններ կան, որ ընկերությունների մի մասը չի հասցնի այդ ժամկետում վերակազմավորվել: Թե ինչ կլինի «ուշացող» ընկերությունների հետ, պարզ չէ:

GMP ստանդարտները ներդրումներ են պահանջում, կախված ընկերության չափից ու տեխնոլոգիաներից՝ $1-10 մլն: Պետությունը գործնականում չի աջակցում ֆինանսների հայթայթման առումով, իսկ շուկայում էժան վարկերի աղբյուրները խիստ սահմանափակ են: Կառավարությունը 2009թ. օգնեց դեղագործական ընկերություններից մեկին $10 մլն արտոնյալ տոկոսադրույքով վարկ ստանալ հակաճգնաժամային ֆոնդից: Արդյունքում ունեցանք ժամանակակից ու GMP ստանդարտներին լիովին համապատասխանող գործարան: Սակայն Կառավարության ֆինանսական աղբյուրը ցամաքեց, թեև մյուս դեղագործականներն էժան վարկերով կարող էին էապես արագացնել իրենց զարգացման ծրագրերը:

Բացի դեղագործական ընկերություններից՝ դեղ պատրաստելու իրավունք ունեն բազմաթիվ դեղատներ, իսկ այս ոլորտում ընդհանրապես բարձիթողի վիճակ է:

Արտադրական խնդիրներ

Դեղերի արտահանման ռազմավարական ծրագրում մի կարևոր դրույթ կա՝ Հայաստանում պետք է հիմնել դեղերի հումքի արտադրություն: Այս արտահայտությունն իր մեջ անորոշություն է պարունակում: Դեղն անցնում է հետևյալ տեխնոլոգիական հիմնական ցիկլը՝ քիմիական նյութը վերածվում է դեղանյութի, որից էլ պատրաստում են դեղ: Ծրագրում «դեղերի հումք» արտահայտությունը չի պարզաբանում՝ խոսքը դեղանյութի՞, թե՞ քիմիական հումքի մասին է: Իսկ տարբերությունը շատ մեծ է: Քիմիական նյութերը, որպես կանոն, ունեն առնվազն 15 տարվա պահպանման ժամկետ:

Մշակվելուց և դեղանյութ դառնալուց հետո դրա պահպանման ժամկետը նվազում է մինչև 5 տարի: Սա նշանակում է, որ լիարժեք «անկախություն» ստանալու համար Հայաստանը պետք է զարգացնի քիմիական հումքի արտադրությունը, այլ ոչ թե դեղանյութերի: Դեղանյութեր Հայաստանը հիմնականում ներմուծում է Չինաստանից կամ Հնդկաստանից, որոշ չափով՝ ԱՄՆ-ից կամ այլ երկրներից: Մեր տեղական ընկերությունները զարկ չեն տալիս դեղանյութի արտադրությանն այն պատճառաբանությամբ, որ շուկան փոքր է, իսկ այլ շուկաներում դժվար է մրցակցել չինականի հետ: Հետևաբար՝ հնարավոր են պահեստներում կուտակումներ, իսկ ինչպես արդեն նշեցինք, դեղանյութի պահպանման ժամկետը սահմանափակ է:

Հայաստանում միայն մեկ ընկերություն կա, որ դեղի հումք է արտադրում՝ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը: Առանց այս ինստիտուտի հետ համագործակցության՝ մյուս ընկերությունները հազիվ թե կարողանան իրականացնել դեղահումքի արտադրություն: Բայց այդ համագործակցության հեռանկարները մնում են անորոշ՝ ինստիտուտը թեև պետական է, ստիպված է սեփական կարիքները հոգալ սեփական բիզնես գործունեության հաշվին, այսինքն՝ մյուս դեղագործական ընկերություններին դիտարկում է որպես մրցակից, այլ ոչ թե գործընկեր:

Դրսի շուկաների խնդիր

Մյուս խնդիրը կապված է արտահանման շուկաների նվաճման հետ: Ներկայում Հայաստանն ունի արտահանման երեք հիմնական շուկա՝ Վրաստան (արտահանման 38%), Ռուսաստան (18%), Ուզբեկստան (13%): Ընդ որում՝ վրացական շուկայում Հայաստանը հասել է այն առավելագույնին, որ հնարավոր էր հասնել: Հիմնական պոտենցիալը ռուսական ու ուզբեկական շուկաներն են: Սակայն Ռուսաստանն ինքը մեծ թափով զարգացնում է սեփական դեղագործությունը և նշանակալի արդյունքների է հասել: Ընդ որում՝ Ռուսաստանը շեշտը դրել է սեփական դեղերի մշակման ու առաջխաղացման վրա, իսկ Կառավարությունը չի զլանում զգալի աջակցություն ցուցաբերել դեղագործությանը՝ պետպատվերների տեսքով:

Ինչ վերաբերում է Ուզբեկստանին, ապա այստեղ խնդիրները բոլորովին այլ հարթության վրա են: Այդ երկրի շուկա մուտք գործելը բավական դժվար է վարչական սահմանափակումների պատճառով: Բավական է ասել, որ դոլարի կոնվերտացիայի համար անհրաժեշտ է 1-6 օր: Բացի այդ՝ ուզբեկական սումի ամենամեծ անվանական դրամանիշը 1000 սումն է, իսկ դա նշանակում է, որ $100-անոցը փոխանակելիս տալիս են մի քանի տուփ սումեր, ինչը բազում անհարմարություններ է ստեղծում: Մի խոսքով՝ ուզբեկական շուկան բոլորի համար չէ, որ բաց է, ու ռազմավարական ծրագրեր կազմել այդ շուկայի հաշվով այնքան էլ տրամաբանական չէ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում