Գլխավոր Լրահոս

Տեղեկատվական բացը մեր հիմնական խնդիրներից է

-Պարոն Հովհաննիսյան, տեսախցիկների տեղադրման հետ կապված՝ վարորդներից բողոքներ ստանո՞ւմ եք:

-Վարորդները հիմնականում բարձրացնում են այնպիսի հարցեր, որոնք բխում են տեղեկատվության, խորհրդատվության պակասից, դրանք բողոքներ չեն: Սովորաբար հարցնում են՝ ինչպես է պետք վճարել տուգանքները, ինչ անել, եթե տուգանված ավտոմեքենայի տերը Հայաստանում չէ, և նմանատիպ տեխնիկական հարցեր: Տեղեկատվական բացը մեր հիմնական խնդիրներից է:

Որոշ ժամանակ առաջ ճանապարհային ոստիկանությունը փոխեց ճանապարհային նշանները, որոշ առանցքային մայրուղիների առավելագույն արագությունը նվազեցրեց, սակայն հասարակությունն այնքան էլ տեղյակ չէր այս փոփոխություններից, և որոշ վարորդների մոտ թյուրիմացություն էր առաջացել: Այսօր իրավիճակն անհամեմատ լավ է, նմանատիպ հարցերի վերաբերյալ կենտրոնը խորհրդատվություն է տրամադրում վարորդներին: Համենայն դեպս, տեսախցիկների հետ կապված բողոքներ դեռ չկան, իսկ ծագող հարցերը մեծ չեն:

-Տեսախցիկներով երթևեկության վերահսկողությունը վաղուց արդեն ընդունված պրակտիկա է բազմաթիվ զարգացած երկրներում: Հայաստանում ընդունված կարգ կա, որ պետավտոտեսուչի աշխատավարձի որոշ մասը գոյանում է նաև նրա արձանագրած խախտումների գումարից: Արդյոք վտանգ չկա՞, որ տեսախցիկների ավելացումը և կոնկրետ փողոցներում ավտոտեսուչների «անհետացումը» կարող է վերջիններիս դրդել ավելի ռեպրեսիվ լինել վարորդների նկատմամբ:

-Այո՛, ճանապարհապարեկային ծառայության տեսուչների հավելավճարները գոյանում են խախտումների գումարից: Սակայն մինչև տեսախցիկների տեղադրումը մենք շատ քիչ դեպքեր ենք ունեցել, երբ Երևանում տեսուչները վարորդներին տուգանել են արագությունը գերազանցելու համար: Մեր գործունեության երեք տարիների ընթացքում մենք ունեցել ենք մոտ 400 գործ, որոնք ներկայացվել են դատարան, իսկ այսօր մոտ 60 գործ դեռ ընթացքի մեջ է:

Այս ժամանակահատվածում ոչ մի պաշտոնական բողոք չի վերաբերել արագության գերազանցմանը: Ինչպես մինչև տեսախցիկների տեղադրումը, այնպես էլ հիմա տեսուչները խնդիրներ չունեն արագության գերազանցման տուգանքների հետ, այսինքն՝ տեսուչների հավելավճարների աննշան մասն էր գոյանում այս տեսակի տուգանքներից, ինչը նշանակում է, որ տեսախցիկների տեղադրումը չի ենթադրում հավելավճարների կրճատում տեսուչների համար:

-Հայաստանում ավտոմեքենաների տեխզննումը ձևական բնույթ է կրում և կարծես ընդամենը ծառայում է որպես բյուջեի համալրման միջոց: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է անել, որ մի կողմից տեխզննումից իսկապես շահի երթևեկության մասնակիցների անվտանգությունը, մյուս կողմից՝ վարորդների համար լրացուցիչ բարդություններ չստեղծվեն:

-Մենք միշտ ասել ենք, ասում ենք ու կասենք, որ ըստ օրենքի՝ վարորդն է պատասխանատու ավտոմեքենայի սարքին լինելու համար: Սա նշանակում է, որ տեխզննման կետերն ընդհանրապես պատասխանատվություն չեն կրում մեքենաների տեխնիկական վիճակի համար: Մինչև մենք այդ պատասխանատվությունը չտեղափոխենք տեխզննման կետերի վրա, որոնք ավտոմեքենաների անսարքության պատճառով առաջացած վթարի հիմնական պատասխանատուն կլինեն, այս խնդիրը չի լուծվի:

Նմանատիպ որոշում պետք է կայացնել և ամրագրել օրենքով, որի դեպքում տեխզննման կետերը կկատարեն իրենց գործը ինչպես հարկն է: Այս պայմաններում միակ շահագրգիռ կողմը մնում են ապահովագրական ընկերությունները, որոնք շահագրգռված են, որ ավտոմեքենան սարքին լինի: Մեր կենտրոնն առաջարկել էր տալ այս հսկողությունն ապահովագրական ընկերություններին, սակայն այս առաջարկը մերժվել էր Կառավարության կողմից: Մեզ, իհարկե, մեկնաբանել են, թե ինչու է մերժվում առաջարկը, սակայն անկեղծ ասած՝ այդ բացատրությունից մենք ոչինչ չենք հասկացել:

-Ինչպե՞ս կգնահատեք ԱՊՊԱ-ի ներդրումը Հայաստանում: Արդյոք բոլոր առկա խնդիրները հարթվե՞լ են:

-Մենք ի սկզբանե կողմ էինք պարտադիր ապահովագրության ներդրմանը, որն ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է: Հայաստանի հարևան երկրների զգալի մասը վաղուց է ներդրել այս ինստիտուտը: Ճիշտ է, Վրաստանը օրենքն ընդունելուց հետո ժամանակավոր դադարեցրեց այն, սակայն դրա պատճառն այն էր, որ այս գործընթացն այնտեղ ուղեկցվեց խաբեբայություններով, որոնց մասշտաբայնությունն այնքան մեծ էր, որ ստիպված էին դադարեցնել օրենքի գործածությունը: Հայաստանում իրավիճակն անհամեմատ լավ էր, համենայն դեպս առաջին տարվա ընթացքում մենք ոչ մի պաշտոնական բողոք չենք ստացել այս օրենքի գործածության վերաբերյալ: Հիմնական բողոքները վերաբերել են պատահարի գնահատմանը, հատուցումների չափերին:

Սկզբնական փուլում առկա էր որոշակի տեղեկատվական բաց, քանի որ թե՛ ճանապարհային ոստիկանությունը, թե՛ ապահովագրական ընկերությունները չէին տրամադրում բավականաչափ տեղեկատվություն: Այսօր այնպիսի բողոքներ ենք ստանում, որ ապահովագրական ընկերությունները վնասը երրորդ կողմին հատուցելուց հետո պահանջում են, որ վարորդները վերադարձնեն այդ գումարները: Սակայն դա ընդամենը խոսակցություն է, չկա ոչ մի պաշտոնական բողոք, փաստաթուղթ, կոնկրետ ապահովագրական ընկերության անվանում: Իհարկե, նման բողոքներն օդից չեն, սակայն դրանք նաև հիմնավորված չեն:

-Նախորդ տարի Դուք կանխատեսել էիք ԱՊՊԱ-ի սակագների աճ: Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակն այսօր: Գո՞հ են արդյոք վարորդները ապահովագրական ընկերությունների մատուցած ծառայություններից:

-Մինչև ԱՊՊԱ-ի ներդրումը մենք կարծում էինք, որ Հայաստանում սակագները կաճեն ճիշտ այնպես, ինչպես դա եղավ Ռուսաստանում, ինչի հետևանքով բազմաթիվ փոքր ապահովագրական ընկերություններ սնանկացան: Սակայն փորձը ցույց տվեց, որ սակագները մնացին անփոփոխ: Ավելին՝ այսօր ապահովագրական ընկերություններին վերագրում են գերշահույթներ:

Գուցե իսկապես ապահովագրական ընկերությունները գերշահույթներ են ստանում, սակայն կարևորն այն է, որ բողոքներ չունենք այս ինստիտուտից, և օրենքը սահուն կերպով է գործում հայաստանյան իրականության մեջ: Չեմ կարծում, որ սակագները կաճեն: Երբ Ազգային ժողովում Դաշնակցություն կուսակցությունը բարձրացրեց այս հարցը, մենք որոշեցինք չարձագանքել առանց վերջնական արդյունքներն իմանալու: Իհարկե, ապահովագրական ընկերությունները շահույթներ ստացել են, սակայն վիճելի է՝ գերշահույթ է դա, թե արդարացի շահույթ: Այս իրավիճակում դժվար թե սակագների բարձրացման խնդիր առաջանա:

Բացի այդ՝ Ավտոապահովագրողների բյուրոն հայտարարեց, որ կավելացվեն հատուցումների գումարները, այսինքն՝ մահացած վարորդի համար հատուցումը Դ650հազ-ից կդառնա Դ1 մլն: Մյուս դեպքերում փոխհատուցվող գումարները կաճեն 15-20%-ով: Ընդհանուր առմամբ՝ չեմ կարծում, որ հաջորդ տարի սակագների փոփոխություն կլինի: Երկու տարի հետո, երբ կիրառվեն բոնուս-մալուսները, վարորդները շահագրգռված կլինեն ավելի քիչ խախտումներ անել՝ ավելի քիչ վճարելու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում