Գլխավոր Լրահոս

Չենք փոխվելու, հավատացե՛ք

Փետրվարի 8-ին Ազգային ժողովում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնի բիզնեսմեններ այլևս չեն լինելու: «Այդ քաղաքական որոշումը հանրապետության նախագահը հստակ հայտնել է, և այդ սկզբունքը մենք իրականացնելու ենք»,– ասել էր նա:

ՀՀԿ-ն երեկ հրապարակել է մեծամասնական ընտրակարգով  առաջադրվող 33 պատգամավորության  թեկնածուների ցանկը, որոնց ճնշող մեծամասնությունը  գործարարներ են։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցին, թե ինչու են առաջադրել հիմնականում գործարարների, պատասխանել է. «Գործարարը վատ բան չի, և մենք կարծում ենք, որ նրանց մեծամասնությունը շատ մեծ շանսեր ունեն հաջողության հասնելու»:

Ուշագրավ է, որ առաջադրվածների մեծ մասը նախկինում էլ պատագամավոր է եղել և աչքի չի ընկել ո՛չ ԱԺ աշխատանքներին մասնակցելու, ո՛չ էլ օրենսդրական նախաձեռնություններ դրսևորելու հարցում:

Շարմազանովի հայտարարությունը, որ նրանք «մեծ շանսեր ունեն հաջողության հասնելու», երկու իրողության մասին է խոսում.

ա) Այդ անձինք իսկապես մեծ շանսեր ունեն, քանի որ տիրապետում են արդար ընտրությունները շրջանցելու մեխանիզմներին ու փորձին:

բ) Առանց այս մարդկանց ընտրություններին ներկայանալը ՀՀԿ-ի համար մահացու վտանգավոր է:

Հանրապետականը թերևս իրոք ցանկանար, որ իր թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական թեկնածուներն ավելի պարկեշտ և սկզբունքային մարդիկ լինեին, ոչ թե նախկինում որևէ նախաձեռնություն չդրսևորած և խորհրդարանի աշխատանքներից մշտապես բացակայող գործարարներ:

Այս խավին ապավինելը խոսում է այն իրողության մասին, որ ՀՀԿ-ն բավական խոցելի դիրքերում է և հաղթանակի հասնելու համար հույսը դրել է մեծամասնական տեղերի վրա: Հենց մեծամասնականով ստացած ձայներով է Հանրապետականը փորձելու փոխհատուցել հնարավոր կորուստները համամասնականում:

Գործարարների ծանրակշիռ ներկայությունը ՀՀԿ թեկնածուների շարքում ապացուցում է, որ չնայած հնչող հայտարարություններին՝ իշխանությունն ընդունակ չէ ոչ միայն իր բովանդակությունը, այլև իմիջը փոխելու: Եվ բնական է, որ այս իրավիճակում պետք է ասի՝ «Հավատա՛նք, որ փոխենք», որովհետև չի կարող ասել՝ «Փոխվել ենք, հավատացե՛ք» կամ «Փոխվելու ենք, հավատացե՛ք»: n

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում