Գլխավոր Լրահոս

Հանրապետական կուսակցության անցյալ

Հանրապետական կուսակցության անցյալ

ՀՀԿ-ն պաշտպանել է Տեր-Պետրոսյանին, ապա՝ Քոչարյանին, ապա՝ Սարգսյանին

Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) վերջին՝ 13-րդ համագումարում այդ կուսակցության առաջնորդ և երկրի նախագահ Սերժ Սարգսյանը իր մեկուկեսժամանոց ելույթի մի հատվածը նվիրեց Հանրապետականին՝ գովաբանելով ու փառաբանելով նրա անցած ուղին և դերակատարությունը Հայաստանի և հայ ժողովրդի կյանքում:

Անկասկած, ՀՀԿ-ն 1991-ից ի վեր կարևոր դերակատարություն է ունեցել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Մյուս կողմից՝ ոչ վաղ անցյալի շատ իրադարձություններ, մեղմ ասած, ճիշտ չեն ներկայացվում կամ ներկայացվում են իշխող ՀՀԿ-ի համար բարենպաստ լույսի ներքո:

Ինչպե՞ս մի քանի հոգուց կազմված ՀՀԿ-ն քսան տարիների ընթացքում դարձավ իշխող կուսակցություն: Այսօր ՀՀԿ անդամ դառնալը դարձել է կոմունիստ դառնալու նման մի բան, ինչպես ԽՍՀՄ տարիներին: Եթե իշխանություն ես ուզում կամ չես ուզում իշխանությունը կորցնել, ապա պետք է դառնաս հանրապետական: Այսօր ՀՀԿ ղեկավարության և անդամների մի ստվար հատված նախկին կոմունիստներ են կամ ՀՀՇ-ականներ: Այսպիսով՝ նախկին կոմունիստներն ու ՀՀՇ-ականները, որոնք կտրականապես մերժել են ազգային գաղափարախոսությունը, այսօր, որքան էլ հեգնական է, դարձել են ազգային գաղափարախոսության կրողները:

1990թ. հիմնադրված ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսություն հիմք է ընդունել Գարեգին Նժդեհի ուսմունքը՝ ցեղակրոնությունը կամ ցեղապաշտությունը: 1990-1997 թթ. ՀՀԿ նախագահը Աշոտ Նավասարդյանն էր, որը 1991թ. մասնակցել է Հայաստանի նախագահական առաջին ընտրություններին և վեց թեկնածուների մրցապայքարում զբաղեցրել վերջին տեղը՝ ստանալով ընդհանուր քվեների 0,16 տոկոսը: Հանգուցյալ Նավասարդյանի ստացած քվեները ցույց են տալիս, թե 1991թ. ՀՀԿ-ին ինչ կշիռ և հեղինակություն ուներ Հայաստանի ներքաղաքական կյանքում:

Նավասարդյանի մասնակցությունը նախագահական ընտրություններին չէր նշանակում, թե ՀՀԿ-ն ընդդիմություն է ՀՀՇ-ին ու Լևոն Տեր-Պետրոսյանին: Այդ օրերին հիմնական ընդդիմությունը ՀՅԴ-ն էր ու Պարույր Հայրիկյանի Ազգային ինքնորոշում միավորումը (ԱԻՄ): Հանրապետական կուսակցությունը ոչ միայն ընդդիմություն չէր, այլև Տեր-Պետրոսյանի քաղաքականության պաշտպանն էր: Այսպես, երբ 1994թ. Տեր-Պետրոսյանը կասեցրեց ՀՅԴ-ի գործունեությունը և հալածանքներ սկսեց դաշնակցականների նկատմամբ, ՀՀԿ-ն չդատապարտեց Տեր-Պետրոսյանի այդ քայլը:

Իսկ երբ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողություններն ընդդիմադիր ՀՅԴ-ի նկատմամբ, ՀՀԿ-ն հայտարարությամբ քննադատեց ամերիկացիների՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու կեցվածքը: Այսպիսով՝ ՀՀԿ-ն անուղղակի կերպով արդարացրեց Տեր-Պետրոսյանի՝ ՀՅԴ-ին հալածելու քաղաքականությունը: Ավելին՝ մի քանի ամիս անց՝ 1995թ. խորհրդարանական ընտրություններին, ՀՀԿ-ն ՀՀՇ-ի հետ նույն ցուցակով՝ «Հանրապետություն» դաշինքով, մասնակցեց ընտրություններին: Հենց այդ կեղծված ընտրությունների շնորհիվ էր, որ ՀՀԿ-ն՝ որպես կուսակցություն, իր մի քանի մանդատն ստացավ խորհրդարանում:

1996թ. նախագահական ընտրություններում, երբ ընդդիմադիր ուժերը պաշտպանեցին ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, ՀՀԿ-ն կրկին հավատարիմ մնաց իշխանությունների կողքին կանգնելու մարտավարությանը և կրկին պաշտպանեց Տեր-Պետրոսյանին: Այս դեպքերը հիշեցնում ենք, որովհետև ՀՀԿ-ն այսօր ոչ միայն չի ուզում հիշել անցյալը, այլև այնպես է քարկոծում 1991-1998 թթ. Հայաստանը, կարծես ինքը չէր ՀՀՇ-ին ու Տեր-Պետրոսյանին պաշտպանողը: Այսօր հանրապետականները հայտարարում են, որ 1996թ. նախագահական ընտրությունները կեղծվել են: Դա, անշուշտ, մոտ է իրականությանը, սակայն փաստ է, որ ժամանակին ՀՀԿ-ն Տեր-Պետրոսյանի 1996թ. ընտրվելը/չընտրվելը կասկածի տակ չի դրել:

1998թ. սկզբին, երբ պալատական հեղաշրջման արդյունքում Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, ՀՀԿ-ն և նրա նոր առաջնորդ, այժմ հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանը պաշտպանեցին Վազգեն Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին, որոնք գլխավոր դեր կատարեցին Տեր-Պետրոսյանի հրաժարականի հարցում: ՀՀԿ-ն 1998թ. նախագահական արտահերթ ընտրություններում կրկին պաշտպանեց իշխանություններին՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, որը միայն երկրորդ փուլով հաղթեց Կարեն Դեմիրճյանին: Ինչպես 1996թ., այնպես էլ 1998թ. և հետագա նախագահական մյուս ընտրությունները Հայաստանի քաղաքացիների մի ստվար հատված համարում է կեղծված:

Ընդամենը մեկ տարի անց՝ 1999թ. խորհրդարանական ընտրություններին, ՀՀԿ-ն արդեն դաշինք կազմեց Կարեն Դեմիրճյանի հետ, որի դեմ և հօգուտ Քոչարյանի աշխատել էր 1998թ. նախագահական ընտրություններում: Երբ Հայաստանի երկու հզոր անհատականություններ՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, ձևավորեցին «Միասնություն» դաշինքը և հաղթեցին խորհրդարանական ընտրություններում, ՀՀԿ-ն իշխանության պաշտպանից ու կցորդից վերաճեց իրական իշխանության, քանի որ Վազգեն Սարգսյանը դարձել էր ՀՀԿ առաջնորդը:

ՀՀԿ-ն 2003թ. նախագահական ընտրություններում պաշտպանեց անկուսակցական Ռոբերտ Քոչարյանին: Երկրի վարչապետը (2000-2007 թթ.) ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանն էր: Չնայած այս իրողությանը՝ ՀՀԿ-ն Հայաստանում դեռ լիովին իշխանության տերը չէր: Այսպես՝ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը կազմվում էր անկուսակցական Քոչարյանի մասնակցությամբ և նաև ցուցումով:

2008թ. նախագահական վիճելի ընտրություններից հետո, երբ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրեց Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն դարձավ իշխանություն բառի բոլոր իմաստներով:

Այս պատմական հակիրճ «ճամփորդությունը» ամբողջական չի լինի, եթե չհիշենք, թե քաղաքական և գաղափարական ինչ անցյալ ունեն այսօրվա ՀՀԿ ղեկավարները:

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ինչպես գրված է նրա պաշտոնական կենսագրականում, ժամանակին եղել է կոմունիստ: Ապա դարձել է ՀՀՇ-ական և Տեր-Պետրոսյանի ամենահավատարիմ զինակիցներից մեկը մինչև 1998թ. իշխանափոխությունը: Այս մասին նրա պաշտոնական կենսագրության մեջ հիշատակում չկա:

ՀՀԿ առաջնորդներից Տիգրան Սարգսյանը, որը մի քանի տարի առաջ դարձավ ՀՀԿ անդամ, ևս հասցրել է մի քանի կուսակցություն փոխել, թեև նրա պաշտոնական կենսագրականում միայն ՀՀԿ անունն է նշված: Կոմունիստ եղել է, թե ոչ՝ դժվար է ասել, բայց հաստատ է, որ Սարգսյանը ՀՀՇ-ական էր, ով 1991թ. հեռացավ և Վազգեն Մանուկյանի ու մի քանի այլ նախկին ՀՀՇ-ականների հետ հիմնադրեց ԱԺՄ-ն: Թե երբ է Սարգսյանը հեռացել ԱԺՄ-ից, դա էլ հայտնի չէ:

Միասին վերհիշենք մեր ոչ վաղ անցյալի պատմությունը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում