Ակադեմիական ճշմարտություն է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի և ֆինանսական շուկայի տոկոսադրույքների միջև առկա է ուղղակի կապ: Հայաստանում այդ կապը թույլ է: Բացի այդ՝ ֆինանսական շուկայի մասնակիցները չեն հետևում ԿԲ-ի ազդակներին և քաղաքականությանը։
2012թ. մարտի 6-ի ԿԲ խորհրդի նիստի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ արձանագրությունում նշվում է, որ փետրվարին շուկայական ռեպո միջին տոկոսադրույքը հունվար ամսվա նկատմամբ նվազել է 0,5-տոկոսային կետով և կազմել 10,9%, միջբանկային ռեպո տոկոսադրույքը նվազել է 0,3-տոկոսային կետով և կազմել 10,7%: Մինչև մեկ տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ միջին տոկոսադրույքը նույնպես նվազել է և կազմել 8,9% (նվազումը՝ 1,7-տոկոսային կետ): Բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը նախորդ ամսվա համեմատ նվազել է 3,2-տոկոսային կետով և կազմել 7,7%:
Այս նվազումներն ուշագրավ են, եթե հաշվի առնենք, որ շուկայի «լակմուսային թուղթը»՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, անցած տարվա սեպտեմբերից այս կողմ չի փոփոխվել՝ ամեն անգամ ԿԲ-ն թողում է 8%-ի մակարդակում։
ԿԲ-ում նշում են, որ 8%-ը ֆինանսական շուկայի և տնտեսության վրա թողնում է չեզոք ազդեցություն։ Սա նշանակում է, որ փետրվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրված 0,9% գնանկումը և փետրվարին 12-ամսյա 3% գնաճը այդքան էլ կապված չեն ԿԲ-ի գործողությունների հետ։ Փետրվարյան գնանկումը մեծապես պայմանավորված է եղել մրգերի (3,7%) և բանջարեղենի (10,7%) գների նվազմամբ։
Ստացվում է, որ փետրվարին գնաճը նահանջել է մրգերի և բանջարեղենի շնորհիվ, իսկ ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազումը առաջին հերթին փոքր գնաճի արդյունք է։ ԿԲ-ի կողմից նշվող բոլոր ֆինանսական գործիքների ժամկետայնությունը առավելագույնը մեկ տարի է։
Շուկայի մասնակիցները լավատես չեն
Մյուս կողմից՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածի համար ֆինանսական շուկայի մասնակիցները թերևս այդքան էլ լավատես չեն։ Այսպես՝ փետրվարին միջնաժամկետ պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը մնացել է անփոփոխ՝ 14,6%։ Երկարաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը փետրվարին կազմել է 15,4%, իսկ արդեն մարտին Ֆինանսների նախարարությունը երկարաժամկետ պարտատոմսերը տեղաբաշխել է 15,73% եկամտեբերությամբ։
Այն, որ միջնաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը դրսևորում է աճի միտումներ, ավելի շատ պայմանավորված է արտարժութային շուկայի միտումներով և սպասումներով։
Փետրվարին արտարժույթի շուկայում ազգային արժույթը ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,3%-ով՝ կազմելով Դ388,6/$1։ Եվրոյի և ռուբլու նկատմամբ արժեզրկումը եղել է ավելի մեծ՝ համապատասխանաբար 2,7% և 4,68%: Նախորդ տարվա փետրվարի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 6,06%-ով, եվրոյի նկատմամբ՝ 3,07%-ով, ռուբլու նկատմամբ՝ 4,29%-ով:
Ֆինանսական շուկայում առկա են դրամի հետագա արժեզրկման սպասումներ, և հաշվի առնելով այն, որ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը որոշում է պահանջարկը (շուկայի մասնակիցները), այլ ոչ թե առաջարկը (Ֆինանսների նախարարությունը), առաջիկա ամիսներին տոկոսադրույքների աճը կպահպանվի։ Պետական պարտատոմսերի եկամտաբերության աճը, դրամի հետագա արժեզրկումը կհանգեցնեն դրամային ավանդների և վարկերի տոկոսադրույքների աճի։
Civilnet










