-Պրն Բիքվիթ, «Ֆիգարո ռեստորաններ» ընկերությունն արդեն երկար ժամանակ ներկա է Հայաստանում: Դժվա՞ր է արդյոք աշխատել հայաստանյան շուկայում: Ինչո՞վ է առանձնանում հայ հաճախորդը այլ մշակույթների հաճախորդներից:
-Հայաստանում աշխատելը բավական հետաքրքիր է հատկապես ինձ համար, քանի որ ես արևմտյան մշակույթի կրող եմ: Աշխատելը նման միջավայրում նոր հորիզոններ է բացում, ստիպում է ուշադրություն դարձնել նոր մանրուքների: Դա գուցե նոր մարտահրավեր է, սակայն նաև հնարավորություն է ծանոթանալու նոր բիզնես մշակույթի, նոր հետաքրքիր մարդկանց հետ: Յուրաքանչյուր երկրում սպառողները տարբեր սպասումներ ու պահանջներ ունեն, և յուրաքանչյուր երկրում բիզնեսը պարտավոր է հարմարվել նոր կանոններին, որպեսզի ապահովի իր անդրազգային մրցունակությունը:
Դու չես կարող նույն ձևով բիզնես ծավալել Ամերիկայում և Հայաստանում: Ակնհայտ է, որ հայաստանյան շուկա մտնող բիզնեսները պետք է նոր մոտեցումներ որդեգրեն, հայ սպառողի պահանջները հաշվի առնեն: Ընդհանուր առմամբ՝ ամեն տեղ հաճախորդները պահանջում են որակ, որը վերաբերում է թե՛ մատուցվող ծառայություններին, թե՛ սննդին, թե՛ ընդհանուր միջավայրին: Այո՛, հայաստանյան շուկան առանձնահատուկ է, սակայն ոչ էքստրաօրդինար:
-Հայաստանյան շուկայում ծառայությունների բարձր գները ոչ միշտ են համապատասխանում մատուցման որակին: Ինչո՞վ բացատրել դա:
-Սա բավական բարդ հարց է: Այստեղ ընդհանուր առմամբ գները բարձր են, քանի որ Հայաստանը ցամաքային երկիր է, շրջապատված է ոչ բարյացակամ հարևաններով: Բավական ծախսատար է ապրանքների ներմուծումը, և ընկերությունների համար ավելի դժվար է եկամուտ ստանալ առանց գները բարձրացնելու: Բացի այդ՝ այստեղ առկա է մասշտաբի էֆեկտի խնդիրը, շուկան փոքր է:
Մեծ շուկաներում պայքարում են միլիոնավոր սպառողների համար, այնինչ Հայաստանում, իսկ ավելի ճիշտ է ասել՝ Երևանում, առավելագույնը 1-1,5 մլն հաճախորդ կա: Այսինքն՝ նմանատիպ զարգացող շուկայում կատարվում են մեծ ծախսեր, սակայն փոքր շուկայի մասշտաբով, ինչը ստիպում է բարձրացնել գները: Դժբախտաբար, Հայաստանում մենք գործ ունենք նաև ցածրորակ ծառայությունների հետ: Սակայն կարծում եմ, որ հաճախորդները բարձր գների դեպքում պետք է պահանջեն նաև բարձրորակ սպասարկում: Դրա համար պետք է հաճախորդներին ավելի լավ ճանաչել և առաջնահերթություն տալ սպասարկման որակին, այլ ոչ թե գնին:
-Հայաստանյան իրականությունում գոյություն ունի անբարյացակամ, անգամ ոչ հարգալից վերաբերմունք սպասարկման ոլորտում աշխատող մարդկանց, հատկապես մատուցողների նկատմամբ: Առնչվե՞լ եք արդյոք նմանատիպ խնդրի հետ: Ինչպե՞ս կարելի է կոտրել այդ կարծրատիպը:
-Ես 100 տոկոսով համաձայն եմ Ձեզ հետ: Հայաստանյան հասարակությունում բավական երկար ժամանակ ծառայությունների ոլորտի աշխատողների նկատմամբ վերաբերմունքը բացասական է եղել, ինչը հանգեցրել է որակական հետընթացի: Ծառայություններ մատուցելը գրեթե նույնացվում է ստրկության, ցածր խավի աշխատանքի հետ:
Ստացվում է, որ ինչպես հաճախորդներն են վերաբերվում մատուցողներին, այնպես էլ սպասարկման ոլորտի աշխատողներն են վերաբերվում հաճախորդներին՝ ցածրորակ ծառայություններ մատուցելով: Սպասարկման ոլորտում աշխատում են երիտասարդները, իսկ նմանատիպ վերաբերմունքի պայմաններում նրանք աշխատում են վախի, ճնշվածության միջավայրում: Պետք է այս խնդիրը լուծել ու սկսել դրդապատճառներից: Այս ոլորտում աշխատելը պետք է դառնա երիտասարդի կարիերայի սկիզբ, ոչ թե կանգառ տեղում:
Օրինակ՝ մեր ընկերությունում սկսում ես ամենաներքևից ու աճում են մինչև կառավարչի պաշտոն: Մենք մոտիվացնում ենք այն մարդկանց, որոնք ցանկանում են աշխատել այս ոլորտում և երկարատև հեռանկարներ ունեն մեր ընկերության հետ կապված: Այսինքն՝ իրատեսական է սկզբում աշխատել որպես մատուցող և աճել մինչև մասնաճյուղի կառավարիչ: Համենայն դեպս, այդ մեխանիզմով ենք աշխատում մենք: Ինքս կարիերան այդպես եմ սկսել: Սա նորմալ երևույթ է Արևմուտքում, այնտեղ այդ ճանապարհով են կայանում:
Այնինչ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալը դարձել է պարտադիր երևույթ, որից հետո յուրաքանչյուրն ակնկալում է ունենալ բարձր պաշտոն, շատ լավ աշխատանք: Պետք է հասկացնել երիտասարդությանը, որ կարելի է սկսել ներքևից և աճել, դա հնարավորություն կտա անընդհատ սովորել և կայանալ որպես մասնագետ և անձ: Այս առումով կարևոր է, որ տեղական ընկերությունները երիտասարդներին հնարավորություն տան զարգանալու, իրենց մտահղացումներն իրականացնելու, առաջարկեն խրախուսական փաթեթներ, ստեղծեն ազատ, անկաշկադ երջանկության մթնոլորտ: Ես լիովին համոզված եմ, որ սա հնարավոր է, և սա արդիական ընկերության բնորոշում է:
-Դուք ասում եք՝ Հայաստանի շուկան փոքր է, բայցևայնպես այս շուկայում արտասահմանյան բազմաթիվ բրենդներ են ներկայացված: Ի՞նչն է նրանց բերում այստեղ:
-Հայաստանն ունի ժամանակակից միջավայր: Չնայած հայերը սիրում են իրենց բարքերը, ինչպես արևելյան մշակույթի կրողները, բայց հայերը ցանկանում են մասնակից լինել արևմտյան շուկայի զարգացումներին, ցանկանում են լինել Արևմուտքի մասը: Այդ պատճառով համաշխարհային բրենդները մտնում են այս շուկա: Հայերը Արևմուտքի երկրներում շատ են լինում և այն ամենը, ինչ տեսնում են այնտեղ, ցանկանում են տեսնել նաև իրենց սեփական երկրում:
-Որպես արտասահմանցի գործարար՝ ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի բիզնես միջավայրը:
-Հայաստանում բիզնես միջավայրը շատ արագ է փոխվում: Չնայած հայերի մեծ մասը համաձայն չէ այս տեսակետին, նրանք չեն կարող տեսնել այն, ինչ ես եմ տեսնում: Ես հաճախակի եմ լինում արտասահմանում և ամեն անգամ վերադառնալով Հայաստան՝ տեսնում եմ այդ դինամիկան: Հայաստանում կան շատ նիշաներ, որոնք դեռ զբաղեցված չեն: Երբ այդ նիշաները զբաղեցվեն, կփոխվի ընդհանուր բիզնես միջավայրը: Այստեղ այնքան բան կա անելու:
Այդ հանգամանքը շուկան առավել գրավիչ է դարձնում: Կարևոր է, որ նոր ընկերությունները հասկանան, թե ինչի կարիք ունի հայ սպառողը, հետազոտեն շուկան ու գտնեն անհրաժեշտ բիզնեսները: Եթե լինես ոլորտի առաջնեկը, հաստատ հաջողության կհասնես, քանի որ մրցակցությունը շատ ուժեղ է այստեղ, և առաջնեկն ունի իր առավելությունները: Միանգամայն տրամաբանական է, որ նոր կազմակերպությունների մուտքը շուկա սահմանափակված է, քանի որ խոսքը փոքր շուկայի մասին է, որին պետք է ներկայանալ նոր ապրանքներով և ծառայություններով:
-Դուք Երևանում նոր բրենդ եք բացում՝ Seanabon, ինչպես նաև Segafredo ցանցի երրորդ սրճարանը: Կարելի՞ է ասել, որ հայ սպառողները սիրում են եվրոպական սննդային բրենդները:
-Այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, պետք է գրավել շուկայի հնարավորինս մեծ մասնաբաժին: Մենք ցանկանում ենք գրավել առկա թափուր սեգմենտը, ունենք նոր թիրախային շուկաներ, որոնք զարգանալու նմանատիպ հնարավորություն են ընձեռում: Ասենք, եթե Segafredo-ն շեշտը դնում է ժամանակակից, ուրախ, եվրոպական ապրելակերպով հայաստանյան սպառողի վրա, ապա մեկ այլ սրճարան թիրախավորում է ուրիշ ճաշակի և ապրելակերպի հաճախորդների: Յուրաքանչյուր հաճախորդ իր նախասիրություններն ու ճաշակն ունի և ընտրում է իրեն հոգեհարազատ մթնոլորտը: Նույնը վերաբերում է Seanabon սրճարանին, որը նորություն կլինի հայկական շուկայի համար:
Civilnet










