Ըստ ԼՂՀ կառավարության հաղորդագրության՝ երեկ «Վալլեքս» խմբի հետ համաձայնագիր է ստորագրվել Կաշենի շահագործման վերաբերյալ։ ԼՂՀ Վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ մեկնարկում է Արցախի վերջին տասնամյակի ամենախոշոր տնտեսական ծրագիրը, ինչի հաջող իրագործումը կուղեկցվի հարկային խոշոր մուտքերի և սոցիալական առանձին խնդիրների լուծմամբ:
Արա Հարությունյանը ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը կարող է դառնալ Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից մեկը, և այդ նպատակով կառավարությունն իր հերթին միջոցներ է հատկացնում ընդերքի համակողմանի ուսումնասիրության համար:
«Վալլեքս» խմբի ղեկավար Վալերի Մեժլումյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանը ներկայացրել են նոր հանքավայրի շահագործման հեռանկարները և այն հիմնական անելիքները, որոնք թույլ կտան ստանալ արդյունաբերական լավ ցուցանիշներ։
Հանքավայրի շահագործումը նախատեսվում է սկսել մինչև 2015 թ., կարդյունահանվի հիմնականում պղինձ և մոլիբդեն: Ըստ ծրագրի՝ առաջիկա 10 տարիներին կմշակվի մոտ 17 մլն տոննա հանքանյութ:
Նշենք, որ «Բեյզ Մեթըլս»-ը հիմնադրվել է 2002թ: Ընկերության հիմնադրման նախանշված նպատակն էր «Վալլեքս» խմբի ընկերությունների արտադրական հզորությունների համար կայուն հանքահումքային բազայի ստեղծումը: Ընկերությունը շահագործում է Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը։ Ըստ ընկերության պաշտոնական կայքի՝ տարեկան արտադրում է մոտ 20 հազ. տոննա ապրանքային խտանյութ՝ պղնձի 15-16% և ոսկու 32-34 գրամ/տոննա պարունակությամբ: Պղնձի տեխնոլոգիական կորզման ցուցանիշը կազմում է 94%, ոսկունը՝ մինչև 75%: Ստորգետնյա հանքից տարեկան արդյունահանվում է շուրջ 350 հազ. տոննա հանքաքար:
Civilnet










