ՕԵԿ-ը, Սալտիկովան և Կրեմլի հանգուցյալները
Հիշյալ երկու մտքերում էլ երևում է՝ դրանք ասողներն իրենց թիկունքում չունեն մարդուն, որը պետք է ճիշտ հասկանա իրենց: Նրանք պարզապես բառեր են ասում: Արթուր Բաղդասարյանն էլ երկու օր առաջ ասել էր, որ իր կուսակցության անդամների թիվը հասել է 160 հազարի: Այսպիսով՝ ինչ ապացուցեց ՕԵԿ-ը բոլոր այն տարիներին, երբ համագործակցում էր Սերժ Սարգսյանի հետ:
Ռուսական հայտնի ասացվածք կա՝ «Նորություններ էստրադայից» շարքից՝ երգչուհի Իրինա Սալտիկովան ավելի լավ է վաճառվում, քան նրա ալբոմները: Մեկ այլ հայտնի անեկդոտ. «Մկները բղավում են՝ Լեոպո՛լդ, դո՛ւրս արի: Ինչպես են ինձ զզվացրել այս մկները,– մտածում է Լեոպոլդը: Եվ անվերջ մտնում է ու մտնում»: Ձեր թույլտվությամբ ևս մեկ անեկդոտ՝ թզուկը մոտենում է «Մաշինա վրեմենի» խմբի մենակատար Անդրեյ Մակարևիչին և ասում՝ Անդրեյ, ես հասակ եմ առել ձեր երգերի ներքո:
Նախ՝ բոլոր այս տարիներին վաճառվել է Արթուր Բաղդասարյանը և ոչ մի տող նրա որևէ մտքից: Երկրորդ՝ անցած տարիներին ինքն իրենով ՕԵԿ-ը որևէ հանրօգուտ գործողություն չի արել, նրա առաջնորդը միայն տեղավորվել է և օր օրի՝ ավելի ու ավելի հիմնավոր: Երրորդ՝ իշխանությունը ՕԵԿ-ին կամ Արթուր Բաղդասարյանին նոր բովանդակություն չի հաղորդել: Նա այնպիսին է, ինչպիսին մինչև Սերժ Սարգսյանի հետ համագործակցելն էր: Համագործակցել՝ նշանակում է կա՛մ թև տալ, կա՛մ թև առնել: Ի՞նչ շահեց ՕԵԿ-ը: Ուներ երեք նախարարություն, երկուսը ձեռքից առան:
Ի՞նչ շահեց Սերժ Սարգսյանը: Շահեց այն, որ մարսեց մարտի 1-ը: Մարտի 2-ից Արթուր Բաղդասարյանը նրան այլևս պետք չէր: Մարտի 2-ից Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի խաչն է: Եվ երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ «ՕԵԿ-ն ապացուցեց, որ քաղաքականությունը բարոյական է», պարզ երևում է, որ բառախաղ է անում հայոց լեզվի հաշվին: Նախ՝ ՕԵԿ-ը քաղաքական կառույց չէ վաղուց, երկրորդ՝ ՕԵԿ-ը և բարոյականությունը որպես բառեր միմյանց կողքին գտնվելու իրավունք ունեն, բայց երբեք համընկալում չեն դառնա: Բարոյական են ՕԵԿ անդամները, որոնք միայն Աստծուն հայտնի պատճառներով չեն լքում այդ կառույցը:
Հնարավոր է, որ բանասիրական կրթություն ստացած Սերժ Սարգսյանն իրեն հայտնի եղանակով փորձել է հասկացնել Արթուր Բաղդասարյանին, որ իր կուսակցության անդամները վատ վիճակում են: Երրորդ՝ բարոյականությունը չի կարող լեզու գտնել մարտի 1-ի մեղսակից մարդու հետ, որը հայտարարում է, որ կուսակցության անդամների թիվը հասել է 160 հազարի: Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը ուրվականի հայտարարություն է, և նրա բարոյականությունը համապատասխանաբար ուրվականի բարոյականություն է, որն իր կուսակցությունը բազմապատկում է մարդկանցով, որոնք չկան:
Հայտնի իլյուզիոնիստ Դեյվիդ Կոպերֆիլդն անցնում է Կրեմլի պատի միջով: Պատի մեջ նրան դիմավորում են ընկեր Գրոմիկոն, ընկեր Սուսլովը, ընկեր Ուստինովը և այլ պաշտոնատար անձինք: Սա էլ որպես վերջաբան:
Թեմա
Մհեր Արշակյան










