ՏԱԻ-ն առաջին եռամսյակում կազմել է 60,4, իսկ ԳՄԻ-ն՝ 46,4։ Ըստ մեթոդաբանության՝ եթե ինդեքսը 0 է, նշանակում է, որ բոլոր հարցվածները նշել են նվազում, 100 արժեքը նշանակում է աճ, իսկ 50 արժեքը՝ կայուն վիճակ։ Որպես կայուն մակարդակ ընդունվում է ինդեքսի տատանումը 45-ից մինչև 55: Ստացում է, որ գործարոր միջավայրը թեև «կայուն վիճակի» միջակայքում է, այն գտնվում է ստորին սահմանում և բարելավման ուղղությամբ ոչ բավարար միջոցառումների բացակայության հետևանքով կարող է արդեն գալիք եռամսյակում հայտնվել «նվազման» միջակայքում։
Անբավարար գործարար միջավայր
Նշենք, որ ԳՄԻ-ն աճել է հիմնականում սպասումների հաշվին. առաջին եռամսյակի գործարար միջավայրի փաստացի ինդեքսը կազմել է 39,3, սպասումներինը՝ 53,4։ Ստացվում է, որ գործարար միջավայրը առաջին եռամսյակում փաստացի գտնվել է «նվազման» միջակայքում, իսկ թե սպասումները որքանով կիրականանան, պարզ կլինի ԿԲ-ի հաջորդ զեկույցում։
ԿԲ-ի հարցումների ժամանակ առաջին եռամսյակում գործարար միջավայրի բարելավում նշել են բոլոր ոլորտների ընկերությունները՝ բացառությամբ արդյունաբերության։ Մյուս կողմից՝ ԿԲ-ն կազմակերպությունների պատասխանների հիման վրա արձանագրել է, որ տնտեսական ակտիվության մեծ աճ է գրանցվել շինարարության և արդյունաբերության ոլորտներում, ինչը նախորդ տարվա նկատմամբ թողարկման ծավալների աճի հնարավորություն է:
Ստացվում է, որ արդյունաբերությունը, որը տնտեսական աճի խթան է հանդիսանում, գործարար միջավայրի առումով բարելավում չի արձանագրել։
Թեև ՏԱԻ-ն աճ է արձանագրել, առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության փաստացի ենթաինդեքսը աննախադեպ ցածր է եղել շինարարության և առևտրի ոլորտներում՝ 16,7 և 17,2 համապատասխանաբար: Նման ցածր մակարդակն է պատճառը, որ սպասումների մասով այս երկու ոլորտներում արձանագրվել է ինդեքսի 99,7% աճ։
Ներդրումները՝ սպասվածից քիչ
Հարցումների մասնակցած կազմակերպությունների 35%-ը պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարել. նախորդ եռամսյակում 26,5% էին պատրաստ ներդրումներ կատարել։
Միևնույն ժամանակ՝ այս եռամսյակում փաստացի ներդրումներ կատարած կազմակերպությունների թիվը (21,6%:) փոքր է եղել նախորդ եռամսյակում պատրաստակամություն հայտնած կազմակերպությունների թվից (26,5%)։ Անցած տարվա եռամսյակների տվյալներից երևում է, որ ներդրումներ կատարելու պատրաստակամություն ընկերություններն ավելի շատ են հայտնում, քան հետագայում անում են։
Գալիք եռամսյակում ներդրումներ կատարելու պատրաստակամություն կազմակերպությունները հայտնել են ըստ հետևյալ ոլորտների. շինարարություն՝ 42,3%, առևտուր՝ 27,4%, ծառայություններ՝ 50,9%, արդյունաբերություն՝ 26,7%:
Ինչպես և նախորդ եռամսյակում այս տարի կազմակերպությունների համար ներդրումների ֆինանսավորման հիմնական աղբյուր են հանդիսանալու տեղական բանկերից և վարկային կազմակերպություններից ստացվող վարկերը և սեփական շահույթը: Ուշագրավ է, որ այս տարվա առաջին եռամսյակում կազմակերպությունների պատասխանները ներդրումների ուղղությունների մասով ամբողջովին համընկնում են 2011թ. նշված ուղղություններին՝ մեքենաների և սարքավորումներ ձեռքբերում (արդյունաբերության և շինարարության ոլորտներում) և պաշարներում ներդրումներ (առևտրի ոլորտում):
Պահանջարկը խնդիր է
Կազմակերպությունների գործունեությանն այս եռամսյակում խոչընդոտել է ինչպես ներքին պահանջարկի նվազումը, այնպես էլ 2012-ից ուժի մեջ մտած հարկային օրենսդրության փոփոխությունները: Պահանջարկի նվազումը առաջնային խնդիր է բոլոր ոլորտների համար։
Արդյունաբերական կազմակերպությունների համար էական նշանակություն են ունեցել հարկային օրենսդրության փոփոխությունները: Այդ կազմակերպությունների խոչընդոտների դասում երրորդ տեղը զբաղեցրել է փոխարժեքը։ Երկու եռամսյակ շարունակ ֆինանսական ռեսուրսների բացակայությունը, որպես խոչընդոտ, զիջել է իր դիրքերը՝ հանդիսանալով ըստ կարևորության յոթերորդը:
Արդյունաբերական կազմակերպությունների կողմից փոխարժեքը որպես երրորդ խոչընդոտ նշելն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ անցած տարի Կառավարությունը և ԿԲ-ն բազմիցս հայտարարել են, որ թուլացող ազգային արժույթը նպաստում է տեղական արտադրությանը և արտահանմանը։ Բայց կազմակերպությունների պատասխաններից հետևում է, որ դրամի սահուն արժեզրկումը ոչ թե դրական երևույթ է, այլ խոչընդոտ։
Ուշագրավ է, որ հարկային օրենսդրության փոփոխությունները արդյունաբերական կազմակերպությունների համար եղել են ոչ թե նպաստավոր, այլ «լուրջ խնդիր»։
Civilnet











