Երեկ Կառավարությունը հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթին։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով՝ փոփոխություններն ուղղված են «Դելյուքս» որակավորման նոր կարգի ներդրմանը, որը կլրացնի գոյություն ունեցող կարգերը:
Օրենսդրական փոփոխության հիմնավորման մեջ Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ Հայաստանում գործում է 1-5-աստղանի կարգերով հյուրանոցների որակավորման ընթացակարգը՝ կամավորության սկզբունքով: Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ նախարարությունն արձանագրել է, որ մի շարք երկրներում, բացի հիմնականում կիրառվող առավելագույն 5-աստղանի որակավորման կարգից, առավել շքեղ հյուրանոցների տարբերակման համար կիրառվում է 5 աստղից բարձր որակավորման կարգ, օրինակ՝ «5-աստղանի դելյուքս», կամ որակավորման կարգ չհամարվող շքանշան, օրինակ՝ ակոլադա, կամ մակդիր՝ սուպերիոր: Հայաստանում մինչ այժմ դա չի կիրառվել, և այժմ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ներդնել այն։
Այս նախաձեռնությունն անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում այսօր գործող շուրջ 150 հյուրանոցներից ընդամենը 16 հյուրանոց և 10 հանգստյան տուն ունեն կարգ՝ աստղ։ Ընդ որում՝ Հայաստանում առկա է 5 աստղ ունեցող ընդամենը երկու տեղական հյուրանոց՝ «Գոլդեն Փելես» և «Լաթար»:
Միջազգային հյուրանոցային խոշոր ցանցերի մասնիկ հանդիսացող «Մարիոտ Արմենիա» կամ «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցներն ընդհանրապես աստղեր չունեն ու թերևս այդ հարցով չեն էլ դիմել Էկոնոմիկայի նախարարությանը: Ամենայն հավանականությամբ՝ այդ հյուրանոցների բրենդներն ավելին արժեն, քան Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության տված աստղերը։
Նման պայմաններում, երբ հյուրանոցների ընդամենը 10%-ն է դիմել աստղեր ստանալու համար, և դրանցից ընդամենը 1/3-ն է աշխատում զբոսաշրջիկների համար, հազիվ թե հյուրանոցները ձգտեն աստղեր ստանալ: Նախ՝ դրա համար հարկավոր կլինի բավարարել մի շարք չափանիշներ, ինչը նշանակում է հավելյալ ծախսեր, երկրորդ՝ կոնկրետ աստղերի համար տարեկան ֆիքսված գումարների վճարումը՝ անկախ հյուրանոցի չափից, խնդիր կարող է լինել հյուրանոցների, հատկապես փոքրերի համար, որոնք գերակշռում են: Իսկ տարեկան վճարները հետևյալ տեսքն ունեն. 5 աստղ՝ Դ1,25 մլն, 4 աստղ՝ Դ800 հազ., 3 աստղ՝ Դ450 հազ.։
Civilnet










