Գլխավոր Լրահոս

Մեր «ընդերքային» հարստությունը

2003թ. Ռուսաստանի Ազգային ռազմավարության խորհուրդը պատրաստեց մի զեկույց՝ Ռուսաստանում օլիգարխիան պատրաստվում է հեղաշրջման: Այնտեղ գրված էր, որ «օլիգարխիան լայնորեն օգտագործում է իր ազդեցությունը պետական մարմիններում, հրապարակայնորեն արհամարհում է օրինական նորմերը և կոռուպցիայի հիմնական աղբյուրն է»: Փաստն այն է, որ հեղաշրջում որպես այդպիսին Ռուսաստանում տեղի չունեցավ, որովհետև նախագահը հենց առաջին օլիգարխն էր:

Երբ նախագահը առաջին օլիգարխն է և ոչ թե օլիգարխիայի երաշխավորը, երկրում օրենքի անունից որևէ գործողություն տեղի չի ունենում: Այսինքն՝ այնտեղ խոսքի ազատությունը սոսկ տերմին է, անկախ դատարանը հասկացություն է միայն դատաիրավական թեմաներով սեմինարների ժամանակ, միջին խավ ընդհանրապես գոյություն չունի:

Օլիգարխիան գնում է Ազգային ժողով, որպեսզի իր ընկալումներից դուրս որևէ հասկացություն երկրում չթպրտա: Օլիգարխիան չի վստահում ինտելեկտուալներին: Սերժ Սարգսյանն Ազգային ժողովը կառավարում է ոչ թե իր կուսակցության համեմատաբար ընկալելի դեմքերով, այլ օլիգարխիայով: Հայաստանի տիպի երկրներում օլիգարխիան երկրի «ընդերքային» ամբողջ հարստությունն է: Այսինքն՝ նախագահը գիտի երկրի ֆինանսական հզորության օջախը: Այդ օջախի գլխին կանգնած է ինքը: Վերջինս նրանց ուղարկում է Ազգային ժողով, որպեսզի չկորցնի տեսադաշտից:

Կյանքը ցույց է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին չէր սխալվում, երբ տղամարդ էր փնտրում երկրում: Օլիգարխիան կամային որևէ հատկություն չունի, ինքնուրույն որևէ որոշում չի կայացնում: Պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեպքն ամենաբնորոշն է: Մարդը մի շաբաթ առաջ խոսք էր տալիս, որ ներկայիս զբաղվածությամբ առաջիկա խորհրդարանում անելիք չունի: Այսօր պարզվում է, որ նա առաջադրվելու է: Դա, ինչպես ինքն է ասում, կուսակցության պահանջն է:

Կուսակցության պահանջ Հայաստանում գոյություն չունի: Դա Սերժ Սարգսյանի պահանջն է: Նա չի կարող թույլ տալ, որ պարոն Հայրապետյանի նման օլիգարխը խաղից դուրս գա: Մեր խորհրդարանի նիստերի օրերի հետ համընկնող ՖԻՖԱ-ի սեզոնային նստաշրջանները լուրջ փաստարկ չեն, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը չզբաղեցնի այն աթոռը, որը նրա փոխարեն կարող է զբաղեցնել, ասենք, ՀԱԿ-ի ներկայացուցիչը: Սամվել Ալեքսանյանն արդեն հայտարարել է առաջադրվելու մասին: Ասպարեզ է եկել լրագրողների հայտնի թշնամի Թոխմախի Մհերը՝ Մհեր Սեդրակյանը: Հրանտ Վարդանյանի տղաներն խորհրդարանում ունեն իրենց «անխափան» աթոռները՝ տարբեր տարիներին տարբեր կուսակցությունների ցուցակներով:

Օլիգարխիան Ազգային ժողովի «ընդերքն է»: Որովհետև Ազգային ժողով ասվածն իրականում գոյություն չունի: Որպեսզի մի հատ «Ա1 պլյուս» եթերազրկի, իշխանությունը հնարեց մոտ տասը հեռուստաընկերություն: Տասը հեռուստահաճախականություն տրվեց, միայն Աստված գիտի, թե ինչ հեռուստաընկերությունների (բացառություն էր «Հայրենիք»-ը): Որպեսզի մեկ եղանակ ստեղծող ընդդիմադիրի դեմն առնի, Սերժ Սարգսյանը ասպարեզ է նետում իր օլիգարխներին, որպեսզի նրանք աթոռ զբաղեցնեն:

Գլխավոր եզրակացությունն այն է, որ այս ընտրությունները կեղծվելու են և արդեն իսկ կեղծված են: Քանզի ո՞ւմ է հայտնի գոնե կես օլիգարխ, որն ընտրություն է տանուլ տվել: Կեղծված են, որովհետև արհամարհված է Սահմանադրության 5-րդ գլխի 65-րդ հոդվածը, երկրորդ՝ խաղի կանոնները չեն կարող փոխվել միայն կեղծելու արժեքն իմացող խաղացողներով:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում