Գլխավոր Լրահոս

Օդից կախված վտանգ

«Արմավիա»-ն սկսել է մարել պարտքերը. նախօրեին Ռուսաստանի ավիացիոն տրանսպորտի դաշնային գործակալությունում («Ռոսավիացիա») «Օրակարգ»-ին տեղեկացրին, որ «Արմավիա»-ն կատարել է պարտավորությունները՝ մարտի 16-ին մարել է պարտքի մի մասը՝ դեկտեմբերի $178 հազ-ը (վերջնաժամկետը մարտի 20-ն էր)։ «Ռոսավիացիա»-ում ասացին, որ հայկական ընկերությունը կարող է չվերթներ իրականացնել Ռուսաստանի օդային տարածքով։ «Արմավիա»-ի ընթացիկ պարտքը «Ռոսավիացիա»-ին կազմում է $354 հազ.։

Ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ունեցող այս ընկերության սնանկացումը ֆինանսական խնդիրներ կստեղծեր ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանի համար, որին պարտք է $5 մլն, այլև Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի համար, որին պարտք է $2 մլն։

«Օրակարգ»-ի աղբյուրների համաձայն՝ վերջին երեք տարվա ընթացքում «Արմավիա»-ն հայկական մի քանի բանկերից մի քանի տասնյակ միլիոն դոլարի վարկեր (ընդհանուր առմամբ՝ մոտ $50 մլն) է ներգրավել: Բացի այդ՝ ռուսական «Վնեշէկոնոմբանկ»-ի վարկային միջոցներով «Արմավիա»-ն անցած տարի ձեռք է բերել Sukhoi Superjet-100 ինքնաթիռ, ևս մեկը նախատեսում է գնել այս տարի։ Թեև վարկի ծավալի մասին չի հայտարարվում, բայց հայտնի է, որ այդ օդանավերի բազային գինը մոտ $35,5 մլն է (նախկինում գինը $31,7 մլն էր)։

Ֆինանսական շուկայի մասնակիցները «Օրակարգ»-ին հաղորդեցին, որ առևտրային բանկերի կողմից «Արմավիա»-ի վարկավորմանն օժանդակել է Կենտրոնական բանկը, որպեսզի նրան սինդիկացված վարկ տրամադրվի, և այդ վարկի առկայությունն է պատճառը, որ ԿԲ ներկայացուցիչն ընդգրկվել էր «Արմավիա»-ի և «Զվարթնոց»-ի միջև ծագած խնդրի լուծման նպատակով վարչապետի ստեղծած աշխատանքային խմբում։ ԿԲ-ն, սակայն, հերքում է «Արմավիա»-ի վարկավորմանն իր մասնակցության մասին լուրերը։

«Օրակարգ»-ի հարցմանն ի պատասխան՝ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունում ասացին. «ՀՀ Կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի և իր կողմից լիցենզիա ստացած կազմակերպությունների ընթացիկ գործունեությանը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի («Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն)»:

Հարցին, թե ինչու է ԿԲ ներկայացուցիչը ներգրավվել «Արմավիա»-ի ու «Զվարթնոց»-ի խնդրի քննարկմանը, ԿԲ-ում պատասխանել են. «ՀՀ Կառավարության կողմից առաջարկ է ստացվել՝ ներգրավվել «Օդային փոխադրումների մատչելիության խնդիրների ուսումնասիրման» աշխատանքային խմբում, ինչին Կենտրոնական բանկը դրական է արձագանքել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արմավիա» ընկերությունը կարևորագույն տնտեսավարող սուբյեկտներից է»:

Անկախ նրանից, թե ԿԲ-ն ինչ մասնակցություն է ունեցել (կամ չի ունեցել) «Արմավիա»-ի վարկավորմանը, պարզ է մի բան, որ այդ ընկերությանը «ազգային» կարգավիճակի տրամադրումը ոչ միայն վնասներ է հասցրել տնտեսությանը, այլև բանկերին ստիպել է ավելի քիչ պահանջկոտ լինել։ Խնդիրն այն է, որ Կառավարությունը տասը տարով՝ մինչև 2013թ., «Արմավիա»-ին տվել է ներքին և միջազգային չվերթներ իրականացնելու բացառիկ իրավունք։ Դա նշանակում է, որ փաստացի «Արմավիա»-ն գործում է Կառավարության հովանու ներքո, և ընկերությանը վարկավորելիս բանկերը հաշվի են առել հենց այդ գործոնը:

«Արմավիա»-ն դարձել է դանդաղ գործողության ռումբ, որի պայթյունը չի բխում ո՛չ պետության, ո՛չ էլ բանկային համակարգի շահերից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում