Կայուն «կլիենտներ»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին հավաստի չեն թվում «կոնկուրենտ ֆիրմայի»՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության օրերս արած հարցումները, ըստ որոնց՝ ԲՀԿ-ն ավելի շատ ձայն ունի ԱԺ ընտրություններում, քան ՀՀԿ-ն։ Ադիբեկյանի «տվյալները» հակառակն են վկայում, որովհետև ինքը քաղաքականապես «ակտիվ բնակչության շրջանում անցկացված հարցումներն է ներկայացնում, ոչ թե Հայաստանի ընդհանուր բնակչության»։
Պարոն Ադիբեկյանն այլ խոսքով, «կոնկուրենտ» սոցիոլոգի հարցումներում էսենցիայի ավելցուկ է նկատում։ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը սպառնում է հայկական սոցիոլոգիայի հոր՝ այս բոլոր տարիներին վաստակած հացի մեթոդոլոգիային։ Հայրն առաջարկում է իր մեթոդոլոգիան։ Երկու դեպքում էլ լիմոնադ ստանալու համար անհրաժեշտ է գազ և էսենցիա։
Հայկական սոցիոլոգիայի հայրը համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում կձևավորվի կոալիցիա ՀՀԿ-ի շուրջ։ Իսկ եթե հանկարծ սոցիոլոգը հայտարարի հակառակը, որ կոալիցիա կձևավորվի ԲՀԿ-ի կամ ՀԱԿ-ի շուրջ, դրանից նրա «սոցիոլոգիան» կդադարի՞ «սոցիոլոգիա» լինել։ Ո՛չ, չի դադարի, որովհետև Ահարոն Ադիբեկյանը խոսում է ոչ թե հնարավորի, այլ անհրաժեշտության մասին: Հնարավորը քվեն է, որը չի կարելի կեղծել, անհրաժեշտությունը՝ քվեն ՀՀԿ-ի օգտին, որն առանց կեղծելու չի լինում:
Բայց ինչո՞ւ է Ահարոն Ադիբեկյանը կարծում, որ մենք ընդհանրապես սոցիոլոգիական հարցումների կարիք ենք զգում: Երկրորդ՝ ինչո՞ւ է կարծում, որ իր անցկացրած հարցումների կարիքն ենք զգում: Մենք նույնիսկ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի հարցումներով ոգևորված չենք, որովհետև, ըստ դրանց, ՀՀԿ-ն 37 տոկոս աջակցություն ունի:
Սոցիոլոգիան բայղուշություն չէ: Անցած բոլոր տարիներին մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է իշխանությունը պրն Ադիբեկյանին կանխավ պատվիրել հրապարակել այն թվերը, որոնք ինքը նկարելու է ընտրությունների ժամանակ: Լինել իշխանության «կայուն կլիենտը» չի նշանակում իմանալ այն մարդկանց ախորժակը, որոնք նույնիսկ բնական հումքից պատրաստված լիմոնադ չեն սիրում:
Իմ ծանոթներից մեկը Դուբայից խոշոր խմբաքանակով տղամարդու ներքնազգեստ էր բերել Հայաստան: Հարցնում եմ՝ էդքան տղամարդ ունե՞նք: Ասում էր, չէ, բայց էստեղ խորամանկություն կա, ինքը «ունիվերսալ տրուսիկ ա՝ համ շալվարի տակից կարաս հագնես, համ ստադիոնում սրանով կարաս վազես, համ էլ որպես շործիկ [կիսատաբատ - Ս. Փ.] կարաս հագնես»: Ծանոթս ակնկալում էր, որ «կլիենտները» կգնահատեն ներքնազգեստի բազմաֆունկցիոնալությունը ու ներքնազգեստով կպառկեն, ներքնազգեստով կվազեն մարզադաշտում և ներքնազգեստով կիջնեն Աշտարակի ձոր:
Հայկական սոցիոլոգիան ինձ հիշեցնում է այդ ներքնազգեստը՝ ինքը համ թիվ է, համ ապագա կեղծիքների մասշտաբն է, համ էլ հաց է: Ադիբեկյանը «լիմոնադ է փակում անասնաֆերմայում» և ուզում է, որ բոլորը դա ընկալեն որպես Վրաստանի զովացուցիչ ըմպելիքների գործարաններից դուրս եկած տանձի լագիձե: Ու հենց հայտնվում է պանրագործարանի «սոցիոլոգը», Ադիբեկյանը հարվածի տակ է վերցնում պանրագործարանը և ոչ թե մտածողությունը, թե որտեղ պետք է արտադրվի լիմոնադը: Որը մեր դեպքում նաև ներքնաշոր է:
Թեմա
Մհեր Արշակյան










