Գլխավոր Լրահոս

Էստոնական երգ

Ըստ կազմակերպիչների՝ միջոցառման նպատակը ոչ միայն կենսաթոշակային բարեփոխումների միջազգային փորձի քննարկումն է, այլև հասարակության շրջանում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ իրազեկության և ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը։ Իրազեկության հիմնական խողովակը՝ հեռուստաընկերությունները, բացառությամբ մեկի, չէր մասնակցում միջոցառման լուսաբանմանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանում մեծ թափով կենսաթոշակային բարեփոխումներ են ընթանում, և 2014թ. հունվարի 1-ից ներդրվելու է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, որի հաջողությունը կախված է շահառուների իրազեկման մակարդակից և ֆինանսական գրագիտությունից։

Նշենք, որ ՀՀ Կառավարության ընդունած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրով, ինչպես նաև մի շարք ենթաօրենսդրական ակտերով ամրագրված են կենսաթոշակային ակտիվների ներդրման ուղղությունները։ Մասնավորապես՝ ակտիվների կառավարիչներին թույլատրվում է միջոցներ ներդնել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների (32 երկրների շարքում են պարտքային լուրջ խնդիրներ ունեցող Հունաստանը, Պորտուգալիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան) պետական և կորպորատիվ արժեթղթերում։

«Օրակարգ»-ի հարցին, թե Կառավարությունը չի՞ պատրաստվում վերանայել ներդրումների ուղղությունները՝ հաշվի առնելով Եվրոպայում վերջին պարտքային ճգնաժամը, նախարարը պատասխանեց. «Ինձ համար անհասկանալի է նման անհանգստությունը, երբ մենք դեռ չենք կիրառել պարտադիր կուտակային բաղադրիչը: Համակարգը կենդանի օրգանիզմ է և պատրաստ է արձագանքել ցանկացած հնարավոր խնդրի, և այս սեմինարին եվրոպացի մասնագետների հետ նույնպես քննարկվելու են խնդիրները, որոնք ապագայում կարող են ի հայտ գալ»։ Գրիգորյանի համոզմամբ՝ համակարգը կայուն պահելու համար իրենք ստեղծել են բոլոր նախադրյալները:

Էստոնական երգ

Հայաստանում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը մշակվել է Էստոնիայի փորձի հիման վրա։ Այդ երկիրը կենսաթոշակային բարեփոխումները սկսել է 1999թ., իսկ 2003թ. ներդրել է պարտադիր կուտակային համակարգը։ Սակայն ի տարբերություն Էստոնիայի, որտեղ պարտադիր կուտակային համակարգը տարածվում է 1983-ից հետո ծնված քաղաքացիների վրա, Հայաստանում այն տարածվում 1974-ից հետո ծնվածների վրա։ Էստոնիայում կուտակային վճարների դրույքաչափը սահմանված է 6%, որից 2%-ը վճարում է աշխատակիցը, իսկ 4%-ը՝ պետությունը, այն դեպքում, երբ Հայաստանում կուտակային վճարի չափը կազմելու է աշխատավարձի 10%-ը, որի կեսը վճարելու է պետությունը։

Միջոցառմանը ներկա Էստոնիայի ֆինանսների նախարարության կանցլեր (աշխատակազմի ղեկավար) Վեյկո Տալին «Օրակարգ»-ի հարցին, թե ինչ կորուստներ կրեցին կենսաթոշակային կուտակային ֆոնդերը Եվրոպայում պարտքային ճգնաժամի հետևանքով, պատասխանեց, որ այդ ֆոնդերը հիմնական վնասները կրեցին 2008-2009 թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ։

«Այդ տարիներին մենք կորցրինք ֆոնդերի արժեքի մոտ 1/3-ը, բայց դա արագ վերականգնվեց»,– ասաց նա՝ հավելելով, որ Եվրոպայում պարտքային ճգնաժամն ունեցել է ազդեցություն, բայց ոչ այնքան մեծ։ «Կարծում եմ, որ Եվրոպայում պարտքային ճգնաժամի խորացումը լուրջ ազդեցություն կունենա ոչ միայն կենսաթոշակային, այլև Եվրոպայի ողջ ֆինանսական և տնտեսական համակարգի վրա։ Մենք հուսով ենք, որ Եվրոպան կհաղթահարի այդ խնդիրները, և վերջին քայլերը հույս են ներշնչում ավելի լավ ապագայի նկատմամբ»,– նշեց էստոնացի պաշտոնյան։

Նշենք, որ 2008թ. Էստոնիայի Կառավարությունը դադարեցրել էր իր մասնաբաժնի փոխանցումը ապագա թոշակառուների կուտակային հաշվիներին։ Բացի այդ՝ Էստոնիան գնում է կենսաթոշակային տարիքի բարձրացման. այդ երկրում կանանց համար կենսաթոշակային տարիքը 61 տարին է, իսկ տղամարդկանց համար՝ 63 տարին։ 2026թ. կենսաթոշակային տարիքը կբարձրացվի 65-ի։

23 տարի կուտակել, 7 տարում ծախսել

Հարցին, թե արդյոք Հայաստանը չի՞ պատրաստվում վերանայել կենսաթոշակային տարիքը, սոցապնախարարը բացասական պատասխան տվեց: «Մենք գտնում ենք, որ այդ տարիքը (63) սահմանելը համահունչ է մեր պետության քաղաքականությանը։ Դեռ խոսակցություն չկա, որ պետք է կենսաթոշակային տարիք փոխվի»,– ասաց նա։

2010թ. տվյալներով՝ Հայաստանում կյանքի միջին տևողությունը կազմել է 74 տարի, այդ թվում՝ տղամարդկանցը՝ 70,4 տարի, կանանցը՝ 77,2 տարի։ Ստացվում է, որ կենսաթոշակային ներկայիս նվազագույն տարիքի պայմաններում տղամարդիկ կենսաթոշակները կուտակելու են 23 տարի և այդ միջոցները ծախսելու են ընդամենը 7 տարի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում