Երեկ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը հայտարարեց, որ թեև հարկային համաներման կիրառումը չափավոր դրական կլինի, երկարաժամկետ հատվածում այն դրական ազդեցություն չի թողնում հարկերի վճարման վրա։ Հորթոնը և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու Հայաստանում մարտի 14-27-ը ԱՄՀ առաքելության այցի մանրամասները: Ի դեպ՝ ազգությամբ ուրուգվայցի Տոլոսան իր ելույթն ընթերցեց հայերեն:
ԱՄՀ առաքելության՝ Հայաստան կատարած այցի նպատակն էր իշխանությունների հետ քննարկումներ ծավալել «Երկարաձգվող ֆինանսավորում» (Extended Financing Facility) և «Երկարաձգվող վարկավորում» (Extended Credit Facility) ծրագրերի չորրորդ ամփոփիչ ստուգման շուրջ։ «Չնայած պակաս սատարող արտաքին միջավայրին՝ ընդհանուր մակրոտնտեսական պայմանները շարունակել են բարելավվել։ Ենթադրվում է, որ 2011թ. տնտեսական աճը կլինի 4,4%՝ պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտների զգալի աճով»,– ԱՄՀ՝ ոչ այնքան հայերեն հնչող հաղորդագրությունը կարդաց Տոլոսան:
Նա նշեց, որ այս տարվա գնաճը եղել է չափավոր և փետրվարին կազմել է 4%-ից պակաս։ Տոլոսայի խոսքով՝ թեև հարկաբյուջետային ճշգրտումների շարունակականության, արտահանման և մասնավոր տրանսֆերտների զգալի աճի շնորհիվ զսպվել է արտաքին անհավասարակշռությունը, ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը համեմատաբար մեծ է, իսկ խոցելիությունների կրճատման համար պահանջվում են լրացուցիչ ջանքեր։
Ռիսկային բյուջե
Մարկ Հորթոնի խոսքով՝ արտաքին միջավայրի թույլ ֆոնի պայմաններում ԱՄՀ-ն վերանայել է Հայաստանի տնտեսական աճի նախորդ կանխատեսումը՝ այն իջեցնելով 3,8%-ի՝ նախորդ 4%-ի համեմատ: «Միջազգային գների նկատմամբ հետագա ճշգրտումների սպասումների բացակայության պայմաններում ակնկալում ենք, որ Հայաստանում գնաճը կգտնվի ԿԲ-ի կողմից նպատակադրված ցուցանիշի սահմաններում [բյուջեի հիմքում դրված է 4±1,5% գնաճ– Ա.Չ.]»,– ասաց Հորթոնը։
Այս տարվա բյուջեի հավելյալ եկամուտների Դ101 մլրդ-ի զգալի մասը (մոտ Դ70 մլրդ-ը) Կառավարությունը ծրագրել է ապահովել 4,2% տնտեսական աճի հաշվին։ «Օրակարգ»-ի հարցին՝ հաշվի առնելով, որ ԱՄՀ-ն վերանայել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները, բյուջեի կատարման ռիսկեր չկա՞ն, Հորթոնը պատասխանեց, որ նման ռիսկեր իսկապես կան: Հորթոնի խոսքով՝ ընդհանուր տնտեսական աճի հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տնտեսական աճի կառուցվածքին, նրան, թե որ ոլորտներն ինչ մասնակցություն ունեն աճի կառուցվածքում։
«Այս տարի Կառավարությունը հարկային բարեփոխումների բավարար միջոցառումներ է իրականացրել, և ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հնարավոր լինի տեսնել արդյունքները և այն, թե որքանով են դրանք համահունչ սպասելիքներին։ Կարծում եմ, որ նույնիսկ առանց տնտեսական աճի կանխատեսման նվազեցման՝ արդեն իսկ ելակետային տարբերակում եկամուտների ապահովման մասով առկա էին որոշակի ռիսկեր»,– ասաց ԱՄՀ պաշտոնյան։ Նա նշեց, թե վստահ է, որ և՛ կառավարությունը, և՛ ԱՄՀ-ն մոնիթորինգի կենթարկեն հարկահավաքման զարգացումները, որպեսզի ճշգրտումներ կատարեն տարվա ընթացքում։
«ԱՄՀ-ի գնահատմամբ՝ Հայաստանում հարկահավաքման ցուցանիշը, ի տարբերություն տարածաշրջանի երկրների, բավական ցածր է»,– ասաց Հորթոնը։
Նշենք, որ Հայաստանում 2012թ. համար ծրագրված է, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 17,36%, այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը 25% է, Թուրքիայում՝ 23,5%, Ռուսաստանում՝ 34%։
Դրամի արժեքը պարզ չէ
ԱՄՀ-ի անցած տարվա վերլուծությունների համաձայն՝ հայկական դրամը գերարժևորված է մոտ 15%-ով, և այդ հարցը մի քանի անգամ բարձրացվել է հայաստանյան իշխանությունների հետ քննարկումների ժամանակ։ Հարցին, թե որքանով է դրամի արժեքն իրական, Հորթոնը պատասխանեց, որ դժվար է միանշանակ ասել, թե դրամը արժեզրկված է կամ արժևորված, քանի որ առկա են հաշվարկման մի շարք մեթոդներ։ «Արժույթի փոխարժեքի հարցում կարևոր է, թե որ ժամանակահատվածն է դիտարկվում՝ մեկ ամիս, թե մեկ եռամսյակ...
Մենք նախընտրում ենք փոխարժեքը դիտարկել միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում, ինչպես նաև դիտարկում ենք մի շարք այլ գործոններ։ Դրանցից է ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը, որը թեև անցած տարի էապես կրճատվել է, բայց դեռ մեծ է։ Նույնիսկ արտահանման ավելացման և մասնավոր փոխանցումների աճի պայմաններում ընթացիկ հաշվեկշռի պակասուրդը շարունակում է մեծ լինել, որից էլ բխում է միջնաժամկետում ճշգրտումներ կատարելու անհրաժեշտությունը»,– ասաց ԱՄՀ ներկայացուցիչը։
Գործարար միջավայրի մասին
Խոսելով Հայաստանում գործարար միջավայրի մասին՝ Գիերմո Տոլոսան ասաց, որ իր՝ անցած տարվա ասուլիսից հետո Կառավարությունը մի շարք միջոցառումներ է իրականացրել, որոնք ուղղված էին միջավայրի բարելավմանը։ «Կառավարությունը գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ լուրջ տեխնիկական աշխատանքներ է իրականացնում, այդ թվում՝ բիզնեսի գրանցման դյուրինացման, օրենսդրական դաշտում, մրցակցության պաշտպանության ասպարեզում։ Բայց կան օրակարգային հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել։ Խոսքը մասնավորապես վերաբերում է օրենսդրական այն դրույթներին, որոնք պետք է կյանքի կոչեն պետական գերատեսչությունները, այդ թվում՝ հարկային և մաքսային մարմինները»,– ասաց նա։
Ըստ Տոլոսայի՝ զգալի բարելավման տեղ կա գործարարների նկատմամբ մոտեցումները փոխելու առումով, որպեսզի նրանք կարողանան գործունեություն ծավալել։ «Գործարար միջավայրի բարելավումը կբերի աշխատատեղերի թե՛ քանակական, թե՛ որակական ավելացման»,– նշեց ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչը։
Մարկ Հորթոնն էլ ասաց, որ գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ հարկավոր են վճռորոշ քայլեր: «Սա համարում ենք հաջորդ կառավարության ամենամեծ մարտահրավերներից մեկը»,– ասաց նա։
Եվս $60 մլն՝ մայիսին
ԱՄՀ առաքելության հայաստանյան այցի ընթացքում իշխանությունների հետ ձեռք են բերվել համաձայնություններ, որոնք կներկայացվեն հիմնադրամի տնօրենների խորհրդի հաստատմանը։ Ծրագրվում է, որ մայիսի վերջին ԱՄՀ տնօրենների խորհուրդը կքննարկի և կհաստատի Հայաստանին «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» ծրագրերի շրջանակում հերթական՝ մոտ $60 մլն տրանշը։ Այդ միջոցների մոտ $30 մլն-ը հատկացվելու է ԿԲ-ին՝ միջազգային պահուստների համալրման համար, իսկ մյուս մասը՝ Կառավարությանը՝ որպես բյուջետային վարկ։
2010թ. հունիսի որոշմամբ՝ ԱՄՀ-ն մինչև 2013թ. Հայաստանին ընդհանուր առմամբ պետք է տրամադրի 266,8 մլն SDR (շուրջ $400 մլն) վարկ: ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից հաստատվելիք հերթական տրանշից հետո վերոնշյալ ծրագրերով հատկացված վարկերի ընդհանուր գումարը կկազմի SDR 181 մլն ($279 մլն):
Civilnet










