Գլխավոր Լրահոս

Խայտառակություն ԵՊՀ-ի ներսում

Կայքերից մեկը ֆուտբոլի մեր ազգային հավաքականի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ ԵՊՀ ուսանողների հանդիպումը ներկայացրել է մանրամասնորեն: Եվ նույն նյութից էլ տեղեկանում ենք հանդիպման նպատակի մասին՝ ակտիվացնել ուսանողների ներգրավվածությունը հավաքականի երկրպագուների ակումբին: Ինչպես կասեր շուրջերկրյա առաջին ճանապարհորդ Ֆերդինանդ Մագելանը՝ տեղ հասանք:

Նախ՝ ի՞նչ ինտելեկտուալ հարց է փորձել լուծել հանդիպումը նախաձեռնող ԵՊՀ ուսխորհուրդը «ակտիվացնել ուսանողների ներգրավվածությունը հավաքականի երկրպագուների ակումբին» ձևակերպման ներքո։ Երկրորդ՝ ի՞նչ ինտելեկտուալ բավարարվածություն կարող են ստանալ ԵՊՀ ուսանողները ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին լսելով։ Ահա թե ինչպես է նա այդ հանդիպման ժամանակ արտահայտվել հավաքականի նախկին խաղացողներից մեկի մասին. «Գրիգոր Մելիքսեթյանը 10 տարեկանում ոնց եղել է, 26 տարեկանում այդպես էլ մնացել է»։

Գրիգոր Մելիքսեթյանը ծնողներ ունի։ Ունի հսկա հարազատություն և, հնարավոր է, երկրպագուների որոշ խումբ։ Դու՝ ՀՖՖ նախագահդ, պարզապես քաղաքացի չես, այլ խիստ որոշակի պարտավորություններ կրող պաշտոնյա, ԱԺ պատգամավոր, որը վերստին հավակնում է ընտրվել։ Գուրգեն Մելիքսեթյանը հրապարակավ, մամուլի որևէ միջոցով, Facebook-ով քո հասցեին որևէ արտահայտություն չի արել։

Ինչո՞ւ ես հարձակվում մեկի վրա, ով, միգուցե, իսկապես ազգային հավաքականում խաղալու տվյալներ չունի։ Էլ չեմ հարցնում, թե նա ինչպե՞ս է հայտնվել ազգային հավաքականում։ Ուսանողների ինչի՞ն է պետք իմանալ, թե ինչպիսին է եղել իրենց հայրենակիցը 10 տարեկանում և ինչպիսին է այսօր։ Եվ այդ ամենը կրթության նախարարի և համալսարանի ռեկտորի ներկայությամբ, որն իր հերթին ասել է. «Հայաստանի հավաքականը մեր հպարտությունն է դարձել»։

Տղերք, հպարտությունը ենթադրում է որոշակի ինտելեկտուալ լուծումներ։ Ես համաձայն եմ, որ մեր հավաքականը լավն է։ Բայց բացի նրա ելույթներով ուրախանալով՝ ուրիշ ի՞նչ ունենք նրանից ստանալու։ Չէ՞ որ ազգային հավաքականը Ռուբեն Հայրապետյանի ուղեկցությամբ ԵՊՀ խցկելով՝ դուք փորձել եք հենց այդ հարցին պատասխանել։ Փորձել եք ցույց տալ, որ ուսանողները, որոնք Շեքսպիր և Էյնշտեյն են յուրացնում, ստանալիք ունեն նաև այս առերեսումից։

Փոխարենը ամենաուշագրավը, որ տեղի է ունեցել, ահա թե ինչն է՝ «Բարսելոնա»-ի մարզահագուստ հագած ուսանողուհիներից մեկը բարկացրել է Ռուբեն Հայրապետյանին։ «Պետք չէ ազգային հավաքականի հետ հանդիպմանը ներկայանալ «Բարսելոնա»-ի մարզաշապիկով»։ Ո՞վ ասաց, որ պետք չէ։ Ինքը համալսարանի պատերի մեջ է, ոչ թե ՀՖՖ գրասենյակում։ «Բարսելոնա»-ի մարզահագուստից պետք է դժգոհի ԵՊՀ ռեկտորը։

Էթիկական պոռթկումը տեղին կլիներ բուհական չինովնիկի տեսանկյունից։ Բայց նույնիսկ այդտեղ չես կարողանում կողմնորոշվել։ Հնարավոր է, որ այդ աղջիկը պարզապես ըմբոստ է։ Եվ վերջին հաշվով աղջիկ է, որն իր հերթին կարող է բազմաթիվ երկրպագուներ ունենալ դահլիճում նստած։ Ինչպե՞ս ես քեզ թույլ տվել այդպիսի նկատողություն։

Ես չեմ ակնկալում, որ պետության մեջ կգտնվի որևէ պատասխանատու, որը պարզաբանումներ կպահանջի ռեկտորից և նախարարից այս մակարդակի հանդիպման համար։ Ի վերջո, եթե ոչ ոք չի լքել դահլիճը, ուրեմն ոչնչով ավելի լավը չի եղել հանդիպման մենթալիտետից։ Հո հենց այնպես չեն ցուցադրում «Գեներալի աղջիկը» ու «Դժվար ապրուստ» սերիալները։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում