Tert.am-ը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) տեղեկացել է, որ «Աշտարակ կաթ» ընկերության արտադրվող պանրի գնային փոփոխությունների վերաբերյալ հանձնաժողովն արդեն ուսումնասիրություններ կատարել է և գրավոր դիմում է ուղարկել ընկերությանը, որը 10-օրյա ժամկետում պետք է պատասխանի հանձնաժողովի հարցերին:
Հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը տեղեկացրել է, որ ՏՄՊՊՀ-ի՝ Երևանի խոշոր առևտրի կետերում կատարած ուսումնասիրություններից պարզվել է, որ պանրի գներն իրոք իջեցվել են: ՏՄՊՊՀ-ն մոնիթորինգ է կատարել «Երևան սիթի», «Սթար», «Նոր Զովք» և այլ խոշոր սուպերմարկետներում և պարզել է, որ պանրի գինը մի տեղում Դ2300-ից Դ2100 է դարձել, որոշ խանութներում՝ Դ2040-ից Դ1860, որոշներում էլ՝ Դ2300-ից Դ1900:
«Աշտարակ կաթ» ընկերությունում, Tert.am-ի հարցմանն ի պատասխան, նշել են, որ դեմպինգի շուրջ հրապարակումը ճշմարտության հետ առնչություն չունի:
««Աշտարակ կաթ» ընկերությունը 2011-12 թթ. ընդհանրապես որևէ երկիր պանիր չի արտահանել: Ասվածի մեջ հեշտությամբ կարելի է համոզվել՝ ընդամենը դիմելով ՀՀ մաքսային մարմիններին: Այսինքն՝ «ՌԴ-ում չվաճառված պանրի վերադարձն» իր բոլոր հետևություններով ընդամենը հերյուրանք է, և նյութի հեղինակը նման հայտարարություն կատարելուց առաջ պետք է ճշտումներ կատարեր գոնե մեր ընկերությունից»,– հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում:
Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, «Աշտարակ կաթ»-ը չի հերքում, որ կատարել է նման փոփոխություններ, սակայն ոչ թե Դ1600-ի է իջեցրել պանրի գինը, այլ Դ1700-ի: «Ավելին՝ Դ1600-ով «Աշտարակ կաթ»-ը պանիր չի էլ վաճառել: Մինչդեռ կան ընկերություններ, որոնք իրենց պանիրը վաճառում են հենց այդ գնով և անգամ ավելի էժան»,– նշել են ընկերությունում: Ընկերության պարզաբանմամբ՝ գների իջեցում կատարվել է այն բանից հետո, «երբ հիմնականում բոլոր մրցակից ընկերությունները, 2012թ. հունվարից սկսած, զգալիորեն իջեցրել էին այդ գները»։
ՏՄՊՊՀ մամուլի խոսնակը Tert.am-ին տեղեկացրել է, որ պանրի շուկայում ամենախոշոր ընկերությունների արտադրանքում հանձնաժողովը գների նվազում չի արձանագրել: «Պանրի շուկայում կան բազմաթիվ ընկերություններ, բայց ամենախոշոր ընկերությունների արտադրատեսակներում, որոնք մեր դիտակետում են՝ «Դուստր Մելանյա», «Չանախ», «Բիոկաթ» ընկերությունները, հանձնաժողովի մոնիթորինգի խումբը գնային որևէ փոփոխություն չի նկատել»,– ասել է նա:
Սահակյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը պահանջել է «Աշտարակ կաթ»-ից ներկայացնել հիմնավորում, թե ինչ է փոփոխվել գնագոյացման մեխանիզմում: «Երբ որ ներկայացվի հիմնավորումը, այն ժամանակ հանձնաժողովի մասնագետները կկատարեն համապատասխան վերլուծություն, կկատարենք որոշակի հաշվարկ, թե տվյալ ժամանակ գնված կաթի գինն ինչպիսին է եղել, և այլ հաշվարկներ, որից հետո կհասկանանք, թե որն է գնային նման փոփոխության պատճառը, ու կտեղեկացնենք նաև հանրությանը»,– ասել է նա:
Civilnet











