Հայաֆիկացման գործընթացը նպատակ ունի լուծել Մայքրոսոֆթի արտադրանքների տեղայնացման խնդիրը, ինչը կարևոր է հատկապես Հայաստանի մարզերի օգտագործողների համար:
«Օրակարգ»-ի հետ զրույցում «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ գործնականում միայն Լեզվի պետական տեսչությունն է հետաքրքրվել այդ հարցով: Ըստ նրա՝ լեզուն կարևորագույն խնդիր է ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում. «Ցավում եմ, որ չկա որևէ պետական մարմին, որը կունենար լիազորություններ լուծելու լեզվի (տերմինոլոգիայի) խնդիրը ոչ միայն ՏՏ ոլորտում, այլև մյուս ոլորտներում»:
Մինչև այժմ հայաֆիկացվել են Windows օպերացիոն համակարգի Windows XP, Windows Vista և Windows 7 տարբերակները, իսկ ծրագրային փաթեթներից՝ Office 2007-ը, Office 2010-ը և բրաուզեր Internet Explorer-ը: Windows 8-ի հայաֆիկացված տարբերակը պատրաստ է լինելու 2012թ. աշնանը:
Կան տերմիններ, որոնց հայաֆիկացված տարբերակները շատերի համար տարօրինակ են հնչում և անհասկանալի, օրինակ՝ file-ը՝ նիշք, կամ interface-ը՝ միջերես և այլն: Ըստ Գրիգոր Բարսեղյանի՝ դրանք վերջնական տարբերակներ չեն, և ժամանակի ընթացքում կարող են նոր բառեր ստեղծվել: Բացի դրանից՝ հաշվի է առնվելու սովորական օգտագործողների կարծիքը:
«Կան բառեր, որոնց՝ լեքսիկոն մտնելու համար տարիներ են պահանջվել: Օրինակ՝ համակարգիչ կամ համացանց բառերը: Հայաֆիկացվում է ավելի քան 2000 բառ, դա նույնն է, ինչ չինարեն սովորենք: Սակայն հայաֆիկացումն օգտագործողի հոգսը թեթևացնելու համար է: Ինչ խոսք, թարգմանության հարցում ոչ միայն լեզվաբանների կարծիքն է կարևոր, այլև սովորական քաղաքացիների»,– ընդգծեց նա:
Windows-ի հայաֆիկացմամբ զբաղվում են երկու կազմակերպություն՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Bi-line-ի փորձագետների երկու խմբեր (լեզվաբաններ և այլք): Բոլոր տերմինների նախնական թարգմանությունները վերջերս տեղադրվել էին «Մայքրոսոֆթ»-ի բաց ֆորումում, որտեղ յուրաքանչյուր ոք կարող էր կողմ կամ դեմ քվեարկել բառերին, ինչպես նաև առաջարկել սեփական տարբերակները:
«Մայքրոսոֆթ Հայաստան»-ի տնօրենը «Օրակարգ»-ին ասաց, որ հատուկ է ստեղծվել փորձագետների երկու խումբ, որպեսզի տերմինների թարգմանության տարբեր կարծիքներ ստացվեն:
«Հաճախ լինում են երկու ծայրահեղ կարծիքներ: Մեր խնդիրն է գտնել միջինը: Բոլոր փորձագետները, իհարկե, հաշվի են առնելու ֆորումում քաղաքացիների առաջարկած տարբերակները: Կան բառեր, որոնք առօրյա լեզվում մի բան են նշանակում, իսկ տեխնոլոգիաներում՝ այլ բան»,– ասաց նա՝ հավելելով, որ Windows-ի նախկին հայաֆիկացված տարբերակներում անհասկանալի բառերի տոկոսն ավելի մեծ էր:
Բարսեղյանը իր համակարգչում օգտագործում է հայաֆիկացված Windows 7 օպերացիոն համակարգը: Նրա խոսքով՝ երկու ամիս օգտագործելուց հետո ընտելանում ես տերմինոլոգիային, սակայն կան որոշ բառեր, որոնք, այնուամենայնիվ, ըստ նրա, կարելի է և չհայաֆիկացնել. «Օրինակ՝ file բառը հենց «ֆայլ» հայերեն տառերով հարմար է օգտագործել, կամ application-ը, որը թարգմանել են գործադիր, կարծում եմ՝ ճիշտը ծրագիր ասելն է: Իհարկե, մասնագետները պետք է որոշեն: Իրականում, հայերենի խոսակցականը գրականից շատ է տարբերվում, ինչը հենց հայաֆիկացման գործընթացի համար խնդիր է»:
Ներկայացնենք «Մայքրոսոֆթ»-ի բաց ֆորումից մի քանի տերմիններ, որոնց հայաֆիկացված տարբերակները հետևյալն են՝ start screen-մեկնարկային վահան, application-գործադիր, badge-տեղեկաքարտ, tablet PC-հարթ ԱՀ, press and hold-սեղմապահում, swipe-սահահարվածել, pinch-պտղունց, file հistory-նիշքի պատմություն, connection–կապորդ, folder-պանակ, click-կտտացնել, driver-սարքավար, control-կառավար, offline–անցանց, background–խորք, instant message-ճեպուղերձ, default–ենթադրյալ, item-միավոր, code-այլագիր, multimedia-բազմամիջանք, port-միացք, proxy–վստահորդ, screen shot-էկրանի հանույթ:
«Մայքրոսոֆթ»-ի արտադրանքների հայաֆիկացումը վաղ պատմություն ունի: Դեռ այն ժամանակ, երբ չկար ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, մեկնարկել էր արտադրանքների տեղայնացման գործընթացը: «Մայքրոսոֆթ»-ը պայմանագիր էր կնքել Bi-line ընկերության հետ: «Մայքրոսոֆթ Հայաստան»-ի հիմնադրումից հետո հայաֆիկացման գործընթացին միացել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
Civilnet










