Ցուցակը գլխավորում է Հարավային Կորեան, որտեղ ինտերնետի ներբեռնման միջին արագությունը կազմում է 16 Մբ/վ:
Հարավային Կորեային հաջորդում են Հոնգ Կոնգը (ներբեռնման միջին արագությունը՝ 10,5 Մբ/վ), Ճապոնիան (8,9 Մբ/վ), Լատվիան (8,9 Մբ/վ), Նիդեռլանդները (8,5 Մբ/վ), Շվեյցարիան (7,5 Մբ/վ), Չեխիան (7,3 Մբ/վ), Իռլանդիան (7 Մբ/վ), Ռումինիան (6,6 Մբ/վ): Տասնյակը եզրափակում է Դանիան (6,3 Մբ/վ): Նշված երկրներում 2011թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի միջին 5,4 Մբ/վ-ի համեմատ գրանցվել է ինտերնետի արագության ավելի քան 50% աճ:
Իսկ ինչպիսի՞ն է ինտերնետի արագությունը Հայաստանում: Ինչպես գրում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում, Հայաստանում այս ցուցանիշը 3,3 Մբ/վ է: Այս հետևությանը նա հանգել է՝ ելնելով Youtube տեսապորտալի ինտերնետի արագությունը հաշվարկող ներքին աշխարհագրական հաշվիչի ցուցիչներից:
Որքանո՞վ է այս ցուցանիշն իրական. «Օրակարգ»-ը Հայաստանում ինտերնետ ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից փորձել է ճշտել սպառողների կողմից ինտերնետի ամենապահանջված արագությունները:
«ԱրմենՏել» ընկերության Hi-Line ինտերնետ ծառայության առավելագույն ներբեռնման արագությունը, որն առաջարկվում է ֆիզիկական անձանց, մինչև 12 Մբ/վ է, որի իրական արագությունը տատանվում է 3-4 Մբ/վ-ի սահմաններում՝ կախված աշխարհագրությունից: Ընկերության հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը տեղեկացրեց, որ ամենատարածված սակագնային պլանը 2 Մբ/վ-ն է: Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ դա այսօր այն արագությունն է, որն անհրաժեշտ է շարքային սպառողին ինտերնետից օգտվելու համար:
«Օրանժ Արմենիա» ընկերությունը Հայաստանի ինտերնետ շուկա մտավ մինչև 7 Մբ/վ ներբեռնման արագության մոդեմներով: Ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով՝ երկու տարվա ընթացքում այդ մոդեմներն ամենաապահանջվածն են եղել սպառողի կողմից:
2012թ. սկզբին «Օրանժ»-ը կատարեց ցանցի թողունակության փոփոխություն, որից հետո 7 Մբ/վ մոդեմներին եկան փոխարինելու 14,4 Մբ/վ արագությամբ մոդեմները, որոնք, սակայն, նոր են, և դրանց օգտագործողները չեն գերազանցում 7 Մբ/վ մոդեմների սպառողներին: Սակայն 7 Մբ/վ մոդեմների իրական արագությունը միայն կատարյալ պայմաններում կարող է հասնել 5-6 Մբ/վ-ի:
Երևանում օպտիկամանրաթելային ցանցով ինտերնետ ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանն էլ «Օրակարգ»-ին ասաց, որ սպառողները նախընտրում են 8 Մբ/վ ներբեռնման արագությամբ սակագնային պլանը: Պետք է նշել, որ վերջինս ընկերության ամենացածր թողունակությամբ արագությունն է:
Իսկ թե ո՞ր թողունակությամբ սակագնային պլանն է առավել պահանջված «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպառողների կողմից, կոմերցիոն գաղտնիք է՝ ի տարբերություն մյուս օպերատորների: Այս մասին «Օրակարգ»-ին ասացին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամլո ծառայությունից:
Համադրելով այս բոլոր ցուցանիշները և հաշվի առնելով, որ «ԱրմենՏել»-ը զբաղեցնում է ինտերնետ շուկայի ավելի քան 50%-ը՝ ամենատարածված 2 Մբ/վ արագությամբ ինտերնետով, Youtube տեսապորտալի՝ 3,3 Մբ/վ ցուցանիշը մոտ է իրականությանը:
Հայաստանում նախորդ տարի այս ցուցանիշը միջինը 1,3 Մբ/վ էր: Հաշվի առնելով, որ ինտերնետի գինը Հայաստանում գնալով էժանանում է և ավելի հասանելի դառնում շարքային սպառողին՝ ակնկալվում է, որ 2012թ. վերջին միջին ներբեռնման 3,3 Մբ/վ ինտերնետի արագությունը կաճի:
Civilnet










