Սա այն դեպքում, երբ անցած տարի արտադրվել էր 275 հազ. տոննա լոլիկ։ Խոսելով կաթ մթերող ընկերությունների կողմից կաթի մթերման գների մասին՝ փոխնախարարը նշել է, որ Գյուղատնտեսության նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ նրանք այն չեն իջեցնի Դ150-ից: Ասել է թե՝ անցում պլանային տնտեսության:
Երեկ լրագրողների հետ համդիպմանը Մակարյանն ասել է, որ այս տարի վերամշակող ընկերությունները կմթերեն 25,5 հազ. տոննա պտուղ, որից՝ 10 հազ. տոննա ծիրան, 3,5 հազ. տոննա դեղձ և 4,3 հազ. տոննա խնձոր: Արտահանման մասով գյուղմթերքի պահանջարկը կկազմի 30,7 հազ. տոննա, որից՝ 16 հազ. տոննա ծիրան, 11,5 հազ. տոննա խաղող, 1,5 հազ. տոննա դեղձ և 4,4 հազ. տոննա բանջարեղեն:
Ըստ Մակարյանի՝ այս տարի վերամշակող կազմակերպությունների կողմից պտուղ-բանջարեղենի սպասվելիք մթերումների պահանջարկը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 21,5 հազ. տոննայով, իսկ արտահանումների ծավալը՝ 18 հազ. տոննայով:
Նշենք, սակայն, որ նույնիսկ նման աճի պայմաններում գյուղացիների հոգսը չի կարող նվազել։ Խնդիրն այն է, որ ընդհանուր առմամբ վերամշակող և արտահանող կազմակերպություններն այս տարի լավագույն դեպքում պատրաստ են գնել 50 հազ. տոննա պտուղ այն դեպքում, երբ անցած տարվա տվյալներով Հայաստանում արտադրվել է 239 հազ. տոննա պտուղ։ Ստացվում է, որ եթե այս տարի բերքի ծավալը պահպանվի անցած տարվա մակարդակին, ապա գյուղացին խնդիր է ունենալու բերքի 80%-ի իրացման հետ։ Այդ ծավալի իրացումն ամբողջովին կախված է լինելու վերավաճառողների «ախորժակից»:
Մակարյանն ասուլիսին նշել է, որ այս տարի իրացման կանխատեսվող ծավալների մասին տեղեկատվությունը գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների միջոցով տրամադրվելու են գյուղացիական տնտեսություններին, որպեսզի նրանք մինչև գարնանային գյուղատնտեսական աշխատանքներ սկսելը իմանան, թե ինչ մթերքների պահանջարկ կա այս տարի, որպեսզի իրացման հարցում հետո խնդիրներ չառաջանան:
Անհասկանալի է, սակայն, թե ունենալով թվեր, որ բերքի 80%-ի իրացման հետ խնդիր է լինելու, գյուղացին ի՞նչ պետք է անի ընդհանուր առմամբ 32 հազ. հա պտղատու այգիների հետ։
Մակարյանն ասել է, որ Արտաշատի պահածոների «Արտֆուդ» գործարանը մարտի կեսերին ամբողջությամբ մարել է գյուղացիներին ունեցած պարտքերը՝ մթերված լոլիկի եւ այլ բանջարաբոստանային կուլտուրաների դիմաց (News.am): Վճարումների ուշացումը նա պայմանավորեց նրանով, որ 2011թ. բերքը շատ է եղել, և «Արտֆուդ»-ը նախատեսվածից ավելի մթերում է իրականացրել, ինչն էլ հանգեցրել է շրջանառու միջոցների դեֆիցիտի:
Նշենք, որ «Արտֆուդ»-ը փոխկապակցված է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ։ Ստացվում է, գյուղնախարարն իր ֆինանսական խնդիրները տեղափոխել է գյուղացիների ուսերին։
Կաթնատուներով մտահոգ
Անցած շաբաթ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը խորհրդակցություն էր հրավիրվել կաթնամթերք արտադրողների հետ՝ միջամտելով կաթ մթերող ընկերությունների տնտեսական գործունեությանը և փորձելով պարտադրել, որ նրանք կաթի գինը չիջեցնեն:
Երեկ գյուղատնտեսության փոխնախարարը հայտարարել է, որ կաթնամթերք արտադրողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ նրանք կաթի մթերման գինը Դ150-ից չիջեցնեն: Նրա խոսքով՝ կաթի մթերման գնի իջեցումը կհանգեցնի անասնապահության ծավալների նվազմանը: Բայց թե ինչ կլինի կաթնամթերք արտադրող ընկերությունների հետ, և որքանով է ճիշտ, երբ ազատ շուկայի պայմաններում պետությունն է փորձում գին որոշել, Մակարյանը բնականաբար լռել է։
Civilnet










