Գլխավոր Լրահոս

Ի՞նչ են գրելու իրենց հուշերում մերոնք

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցով Սինգապուրում է:

63 կղզիներից բաղկացած այս երկիրը 1950-ականների հետամնաց ձկնորսական պրովինցիայից մի քանի տասնամյակի ընթացքում դարձել է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը: Սինգապուրյան հրաշքի հեղինակը այդ երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն է, որը 1959-ից մինչև 1990-ը ութ անգամ անընդմեջ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը ու նաև դրանով ռեկորդ սահմանել՝ դառնալով աշխարհի ամենաերկարակյաց վարչապետը: Հայաստանում, իհարկե, այս ռեկորդը կրկնել խորհուրդ չի տրվում, բայց Յուի խորհուրդներին ոչ թե խոսքով, այլ գործով հետևել պահանջվում է:

Երեկ Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամի անունից ՀՀ նախագահի պատվին պետական ընթրիք է մատուցվել, որի ընթացքում Սերժ Սարգսյանը, հիշելով Յուի 2009թ. հայաստանյան այցի մասին, ասել է. «Տնտեսական բարեկեցություն և սոցիալական արդարություն ապահովող ազգային մոդելի ստեղծման առումով Հայաստանը բազմաթիվ դասեր ունի քաղելու սինգապուրյան փորձից:

Այս կապակցությամբ թույլ տվեք հիշատակել պարոն Լի Կուան Յուի՝ Երևանում տված իմաստուն խորհուրդը, որը շատ վառ է մնացել իմ հիշողության մեջ. «Դուք պետք է կրթեք մարդկանց, ստիպեք ապրել և մտածել առաջին կարգի աշխարհի քաղաքացու պես: Ձեր հայացքն ուղղեք դեպի Եվրոպա, Ամերիկա և, ես կասեի, դեպի Արևելյան Ասիա»: Մի՞թե կարող էի չհետևել այս բյուրեղյա խորհրդին»:

1998թ. հրատարակած իր հուշերի հաստափոր գրքում Լի Կուան Յուն գրում է, որ Սինգապուրում չափահաս երիտասարդների մի նոր սերունդ կա, որը ծնվել ու մեծացել է բարեկեցիկ, անվտանգ ու ապահով երկրում, և այդ սերունդը կարող է նույնիսկ մտածել, որ իրերի էվոլյուցիոն, ինքնահոս զարգացման ճանապարհով հենց այդպես էլ իրենք ապրելու էին: Իր հուշերի ներածականում Յուն նշում է, որ հուշերը գրում է, որպեսզի հենց այդ սերունդը իմանա, որ այն, ինչ ունի, ինքնահոս չի ստացվել, դրա հետևում տիտանական աշխատանք ու նվիրում կա:

Յուն, ինչ խոսք, ռազմավարական մտածող պետական գործիչ էր, որը ապագան տեսնում էր առնվազն տասնամյակների կտրվածքով:

Արդյոք Հայաստանի ղեկավարները ապագան տեսնո՞ւմ են, չասենք տասնամյակների, բայց գոնե իրենց ղեկավարման ժամկետից դուրս: Եթե տեսնում են, իրենց սեփակա՞ն, թե՞ երկրի ապագան են տեսնում: Ի՞նչ են գրելու մե՛ր ղեկավարները, երբ արդեն գա գրելու ժամանակը: Ի՞նչ պատասխան են տալու այն սերնդին, որի հետ խոսում է Լի Կուան Յուն:

Հայաստանի շարքային քաղաքացու համար երազանք է ոչ միայն Սինգապուրի պես պետություն ունենալը, այլև այն, որ ընդհանրապես նման ցանկություն ունենան երկրի ղեկավարները:

Ի՞նչ են գրելու իրենց հուշերում մերոնք:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում