Կորուսյալ Հայաստան վերադարձի ճամփան անցնում է Արցախով
2012թ. փետրվարի 23-25-ը Անթիլիասում՝ հովանավորությամբ և մասնակցությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի կայացած միջազգային խորհրդաժողովը՝ «Հայոց ցեղասպանություն. ճանաչումից հատուցում», վերահաստատեց, որ Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդն է:
Միջազգային իրավունքի տեսակետից սա նշանակում է, որ ժամանակակից Թուրքիային են պատկանում Օսմանյան կայսրության ինչպես հաղթական, այնպես էլ ամոթալի ու արյունոտ էջերը: Եթե հայությունը ժամանակակից Թուրքիայից ունի հողային պահանջ, ապա պահանջատերը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը՝ որպես միջազգայնորեն ճանաչված միակ հայկական պետություն և նաև Հայաստանի Առաջին Հանրապետության իրավաժառանգորդ: Այսօր Հայաստանը Թուրքիայից հող կարող է ստանալ միայն տեսականորեն: Նման բան կարող տեղի ունենալ, եթե.
Առաջին՝ Հայաստանը պատերազմ է սկսում Թուրքիայի դեմ՝ իր հողերը ազատագրելու արդարացումով: Հաշվի առնելով Թուրքիայի ռազմական, քաղաքական ու տնտեսական հզորությունը, մարդկային և մյուս ռեսուրսները՝ կարելի է պատկերացնել, թե ինչ ողբերգական ելք կունենա այդ պատերազմը Հայաստանի ու հայ ժողովրդի համար:
Երկրորդ՝ Թուրքիան ներքին խլրտումների և խռովությունների հետևանքով տրոհվում և մասնատվում է: Անշուշտ, սա հնարավոր տարբերակ է՝ հաշվի առնելով, որ անգամ խոշոր պետությունները կարող են փլուզվել, ինչպես եղավ Խորհրդային Միության հետ: Եթե Թուրքիան փլուզվի, հայկական հողերը կանցնե՞ն հայերին, երբ այդ շրջաններն ունեն փաստացի նոր տերեր՝ ի դեմս քրդերի: Ի վերջո, հողը նրանն է, ով ապրում է այդ հողի վրա:
Երրորդ՝ իրավական ճանապարհ: Հայաստանը դիմում է միջազգային դատարան և հող պահանջում Թուրքիայից: Ամեն իրավական որոշման տակ կա քաղաքական ենթահող: Հետևաբար, եթե դիմում ես միջազգային դատարան, պետք է պատրաստ լինես ընդունելու նրա ամեն մի որոշում: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ որոշում կկայացնի միջազգային դատարանը:
Եթե անգամ այսօր Հայաստանը հողային պահանջատիրությամբ դիմի միջազգային դատարան, ապա տրամաբանական պահանջ կլինի հավակնություններ ունենալ միայն այն տարածքների նկատմամբ, որոնք մաս են կազմել Հայաստանի Առաջին Հանրապետության՝ Սուրմալուի գավառը (Արարատյան դաշտավայրի մեկ հատվածը՝ Արաքսի աջ ափը, ներառյալ Մասիս սարը), Կարսի մարզը և Արդահանի մարզի մեկ հատվածը:
Այդ տարածքները Հայաստանը կորցրել է 1920թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում՝ թուրք (քեմալական)-հայկական պատերազմի հետևանքով: Ալեքսանդրապոլի 1920թ. դեկտեմբերի պայմանագրով, որ ստորագրել են մի կողմից Հայաստանի Առաջին Հանրապետությունը (Ալեքսանդր Խատիսյան), մյուս կողմից՝ քեմալականները (Քյազիմ Կարաբեքիր), «Կարսի նահանգը և Սուրմալուն համարվում են վիճելի մինչև երեք տարի, որի ընթացքում հայոց կառավարությունը կարող է հայտարարել հանրաքվե՝ որոշելու այդ նահանգների վերջնական բախտը»:
Պայմանագրի երրորդ կետում ասվում էր, որ «հայերը հրաժարվում են Սևրի դաշնագրից, հետ են կանչում բոլոր այն հանձնաժողովները և ներկայացուցիչներին, որոնք գոյություն ունեն Եվրոպայում»:
Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրած ՀՅԴ առաջնորդներին քննադատողները միտումնավոր կամ չիմացության պատճառով մոռանում են, որ Կարսի պայմանագիրը, որը ստորագրվեց 1921թ. հոկտեմբերին, ապա վավերացվեց 1922թ. սեպտեմբերին, ավելի վատն է առաջին հերթին հենց նրանով, որ Խորհրդային Հայաստանը հրաժարվել է և՛ Կարսի մարզից, և՛ Սուրմալուի գավառից:
1920թ. հունվարի 28-ին Օսմանյան կայսրության խորհրդարանի ընդունած «Ազգային ուխտ»-ում ասվում էր, որ «Կարսի, Արդահանի և Բաթումի սանջակներում հնարավոր է անհրաժեշտության դեպքում երկրորդ ազատ հանրաքվեի անցկացումը»: Այստեղ ուշագրավն այն է, որ անգամ «Ազգային ուխտ»-ում, որով Օսմանյան կայսրության վերջին խորհրդարանը սահմանում էր ապագա Թուրքիայի սահմանները, Սուրմալուի գավառը չի ներառվել Թուրքիայի կազմում:
Հետևաբար, եթե Հայաստանի Հանրապետությունը հողային պահանջներ ներկայացնի Թուրքիային, ապա միջազգային իրավունքի տեսանկյունից իրատեսական է առաջին հերթին Սուրմալուի գավառի հանդեպ հավակնությունը:
Իրականության մեջ Հայաստանը Թուրքիայի հանդեպ ունի՞ որևէ տարածքային պահանջ: 1991-ից ի վեր, երբ Հայաստանը անկախացավ, նրա որևէ կառավարություն և որևէ նախագահ Թուրքիային չի ներկայացրել որևէ հողային պահանջ, բայց նաև չի ստորագրել որևէ փաստաթուղթ, որով հրաժարվում է ժամանակակից Թուրքիային անցած պատմական հայկական հողերից:
2009թ. հոկտեմբերին 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայաստան-Թուրքիա երկու արձանագրություններով (կրկնենք, որ սրանք ոչ թե արձանագրություններ են, այլ պայմանագրեր, այդ պատճառով էլ պահանջում են երկու երկրների խորհրդարանների վավերացումը), որի տակ դրված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ստորագրությունը, Հայաստանը հրաժարվել է տարածքային պահանջներից և վերահաստատել ժամանակակից Թուրքիայի սահմանները:
Ճիշտ է, այդ արձանագրությունները չեն կարող համարվել իրավական ուժ ունեցող, քանի դեռ դրանք չեն վավերացվել երկու խորհրդարանների կողմից: Հայաստանը և նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել են, որ այդ փաստաթղթերը կվավերացվեն, եթե առաջինը վավերացնի Թուրքիայի խորհրդարանը:
Այստեղ մեկ ուրիշ կարևոր իրողություն կա, որը դուրս է մնացել արձանագրությունները քննադատող հայ իրավագետների, քաղաքական գործիչների ու փորձագետների ուշադրությունից: Հայաստանի գործող իշխանությունները, այդ թվում՝ արտգործնախարար Նալբանդյանը, ոչ հրապարակային հանդիպումներում անգամ հպարտությամբ են նշում, որ իրենց հաջողվել է արձանագրություններում խուսափել Կարսի պայմանագրի հիշատակումից:
Իրականում, եթե Հայաստանը վերահաստատում է արդի Թուրքիայի սահմանների անխախտելիությունը, ապա չարյաց փոքրագույնը հենց Կարսի պայմանագրի հիշատակումն է: Ինչո՞ւ: Որովհետև Կարսի պայմանագրի երկրորդ կետում հստակ ասվում է. «Սույն պայմանագրում որպես Թուրքիա հասկացվում են այն տարածքները, որոնք մտած են 1920թ. հունվարի 28-ի Ազգային ուխտի մեջ»:
Այսպիսով, եթե Կարսի պայմանագիրը համարվում է հայերի և թուրքերի միջև ստորագրված և վավերացված վերջին պայմանագիրը, ապա ըստ միջազգային իրավունքի և թուրքական «Ազգային ուխտ»-ի՝ Սուրմալուի գավառը համարվում է քեմալականների կողմից զավթված հայկական տարածք:
1921թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Կարսի պայմանագրի բանակցություններին մասնակցող Խորհրդային Հայաստանի պատվիրակության ղեկավար Ասքանազ Մռավյանը քեմալականների ներկայացուցիչ Քյազիմ Կարաբեքիրին առաջարկել է Խորհրդային Հայաստանին վերադարձնել գոնե Սուրմալուն՝ Մասիս սարով, և Անին: Ի պատասխան՝ Կարաբեքիրը սպառնացել է անմիջապես դադարեցնել բանակցությունները:
Հայ ժողովրդի խորհրդանիշներ Մասիս սարը և Անիի ավերակները հետ ստանալու հնարավորության հարցը շոշափվել է նաև 1999թ.՝ ամերիկացիների միջնորդությամբ, երբ արցախյան կարգավորման բանակցային գործընթացում քննարկվում էր տարածքների փոխանակման տարբերակը:
Այն օրերի Հայաստանի բարձրաստիճան մի պաշտոնյա ինձ հետ զրույցում պատմեց, որ երբ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթը Մասիսն ու Անին Հայաստանին վերադարձնելու հարցը շոշափել է Անկարայում, նրան Թուրքիայի արտգործնախարարությունից պարզապես դուրս են հրավիրել: Թուրքերը բազմիցս հայտարարել են, որ Հայաստանին անգամ մի բուռ հող չեն վերադարձնի:
Անշուշտ, թուրքի կողմից ասվածը դատավճիռ չէ և չի նշանակում, որ հայերը երբեք չեն կարող վերատիրանալ իրենց հողերին և իրավունքներին: Բայց եթե հայ ժողովուրդը հավատում է, որ միջազգային-իրավական ճանապարհով հնարավոր է հող ստանալ, ապա նախևառաջ Հայաստանը և նրա իշխանությունները չպետք է ստորագրեն որևէ փաստաթուղթ և հրաժարվեն հողային պահանջատիրությունից: Հայ-թուրքական արձանագրություններ գովաբանողները պետք է գիտակցեն այս պարզ իրողությունը:
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա իշխանության յոթ տարիների կառավարությունները Թուրքիայից երբեք հող չեն պահանջել, բայց նաև չեն ստորագրել փաստաթուղթ և չեն հրաժարվել ո՛չ Արևելյան Հայաստանի գրավյալ տարածքներից՝ Կարսից, Արդահանից և Սուրմալուից, ո՛չ էլ Արևմտյան Հայաստանից:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա իշխանության տասը տարիների կառավարությունները ևս երբեք Թուրքիայից հող չեն պահանջել, բայց նրանք էլ հայկական պատմական իրավունքներից չեն հրաժարվել: Քոչարյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը բերեց Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ ոչ թե հող ակնկալելու հեռահար նպատակով, այլ առաջին հերթին՝ որպես Թուրքիայի նկատմամբ ճնշման լծակ, որպեսզի Անկարան վերջ տա շրջափակմանը, Երևանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ և Արցախի հարցում որդեգրի հավասարակշիռ դիրքորոշում:
Կորուսյալ հայկական հողերը հետ ստանալու հույսն ու հավատը Հայաստանը և հայ ժողովուրդը կպահի այնքան ժամանակ, քանի դեռ հող չեն տվել Արցախում: Որևէ հողային հավակնություն ունեցող ժողովուրդ և պետություն նախ պետք է ունեցածը պահի: Եթե մեր ուզածը հող է, ապա առաջին հերթին չպետք է տանք այն հողը, որը մերն է՝ Արցախը և ազատագրված տարածքները (անկախ միջազգային որակումների, այդ հողը այսօր մերն է, քանի որ այդ հողի վրա հայ զինվորն է կանգնած): Եվ եթե տարածքներ տանք Արցախից, ապա բարոյական, պատմական և այլ իրավունքներ չենք ունենա պահանջել այն հողը, որը հազարամյակներ եղել է հայկական, բայց որի վրա այսօր կանգնած է թուրք զինվորը:
Կորուսյալ Հայաստան վերադարձի ճանապարհն անցնում է Արցախով:
Թաթուլ Հակոբյան











