| Անվանում | 2008թ. | 2009թ. | 2010թ. | 2011թ. |
| Ընկերությունների թիվը | 175 | 196 | 197 | 300 |
| Աշխատակիցների թիվը | 5000 | 5200 | 5000 | 5500 |
| Մեկ ընկերության աշխատակիցների միջինը | 28,6 | 26,5 | 25,4 | 16,7 |
Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության այսօրվա նիստին հաստատման է ներկայացնելու «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2012թ. ծրագիրը» և միջոցառումների ցանկը։ Դրանում ոլորտի զարգացման վերաբերյալ հստակ չափորոշիչներ չկան, և ոլորտի օժանդակության հարցում Կառավարությունն իր հիմնական գործառույթը կարծես համարում է համաժողովների, ցուցահանդեսների և առանց փողկապների քննարկումների համաֆինանսավորումը։ Կառավարությունը երրորդ տարին անընդմեջ որոշել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը պետբյուջեից ուղղել Դ80 մլն:
Էկոնոմիկայի նախարարությունը ծրագրի նախագծի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնախնդիրներ» բաժնում սահմանափակվել է ընդհանուր ձևակերպումներով՝ չնշելով հստակ խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները։
Ծրագրում, օրինակ, գրված է. «Վերլուծությունները ցույց են տալիս, որ ՏՏ ոլորտից մեր ակնկալիքները կարող են արդարանալ զարգացման հետևողական, նպատակային քաղաքականություն վարելու դեպքում, երբ ոլորտի հիմնախնդիրները, ելնելով տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների թելադրանքից, արագ լուծումներ ստանան, երբ ապահովվեն խոշոր արտասահմանյան ընկերությունների մուտքը և նոր ներդրումների հոսքը Հայաստան:
ՏՏ ոլորտը պետք է ունենա առավել համախմբվելու, արտաքին աշխարհում համակարգված քայլերով շուկաներ գրավելու և ընդհանուր ոլորտային խնդիրները համատեղ լուծելու կարողություն»։
Թե որոնք են այդ արագ լուծում պահանջող խնդիրները, ծրագրում խոսք չկա: Խոսք չկա նաև արտաքին շուկաները գրավելու մեխանիզմների ու Կառավարության անելիքների մասին։
Ծրագրի նախագծում նշվում է. «Ոլորտի մասնավոր հետազոտությունների, փորձագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով։
Դրանք են, մասնավորապես, ՏՀՏ ոլորտի և տեղեկատվական հասարակության ձևավորման բարդությունները, ՏՏ ոլորտի առաջնային զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումն ապահովող կիրարկման մեխանիզմների բարելավումը, ՏՏ ոլորտի զարգացմանն ու տեղեկատվական հասարակության կայացմանը նպաստող ներդրումների խթանման հետ կապված խնդիրները, ՏՏ ընկերությունների արտադրանքի և ծառայությունների՝ տեղական, ինչպես նաև համաշխարհային շուկաներում հեղինակության և ճանաչման դժվարությունները»։
Նման ընդհանուր բնորոշումներն անհասկանալի են, եթե հաշվի առնենք, որ անցած տարի ՏՏ ոլորտի հետազոտության, իրավիճակի վերլուծության և գնահատման, ոլորտի հիմնական խնդիրների և մարտահրավերների բացահայտման համար պետբյուջեից ծախսվել է 5,8 մլն։
Այս խնդիրները հանգիստ կարելի էր նշել տնտեսության ցանկացած ոլորտի օժանդակության ծրագրում՝ պարզապես փոխելով ոլորտի անունը։
Ցուցահանդեսների հույսին
Ըստ փաստաթղթի՝ այս տարի, ինչպես վերջին մի քանի տարիներին, կկազմակերպվեն «Դիջիթեք» ցուցահանդեսը, «Դիջիթեք» բիզնես ֆորումը, Աղվերանի, Հանքավանի, Դիլիջանի և Ստեփանակերտի լավագույն հանգստյան տներում ու հյուրանոցներում «ՏՀՏ լիդերները՝ առանց փողկապների» քննարկումներ, ԱՄՆ-ում՝ «Արմթեք-2012» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաժողովը: Ընդհանուր առմամբ՝ այս և այլ միջոցառումների համար պետբյուջեից կհատկացվի Դ80 մլն։
Փաստաթղթում «Դիջիթեք» ցուցահանդեսի մասին գրված է նույն նախադասությունը, ինչ նախորդ տարիներին. «Ցուցահանդեսը հնարավորություն կտա ոլորտի ընկերությունների միջև նոր կապեր ստեղծելուն, ինչպես նաև ոլորտի նոր ընկերություններին շուկա մուտք գործելուն և իրենց ապրանքներն ու ծառայությունները ցուցադրելուն»։
Անշուշտ, համաժողովներն ու քննարկումները կարևոր են: Սակայն ՏՏ ոլորտի զարգացման համար առավել կարևոր է հստակ չափորոշիչների սահմանումը, թե ուր է այն գնում, ինչպես է գնում և ինչքան ժամանակում է տեղ հասնելու:
ՏՏ-ն Հայաստանի տնտեսության համար կարևոր ոլորտ է: 2011թ., օրինակ, ՏՏ ընկերությունների ընդհանուր հասույթը կազմել է $205 մլն, և ոլորտի ընկերությունների արտադրանքի ու ծառայությունների շուրջ կեսն արտահանվել է: Հարկավոր է, որ Կառավարությունն ավելի առարկայական մոտեցում ցուցաբերի այս ոլորտին և չթողնի միայն ինքնահոս զարգացմանը:
Ի դեպ
Էկոնոմիկայի նախարարությունն ուշագրավ թիվ է ներկայացրել. Հայաստանի ՀՆԱ-ում ՏՏ ոլորտի մասնաբաժինը 2011թ. կազմել է 1,7%, ինչը, ըստ նախարարության, համադրելի է Հնդկաստանի (1,4%) և Գերմանիայի (1,3%) ցուցանիշներին: Անցած տարի ապրիլին սփյուռքահայ գործարարների հետ համաժողովին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ՏՏ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում հասել է 5%-ի, և այդ ցուցանիշով ՏՏ-ն հավասարվել է հանքարդյունաբերությանը։
Civilnet










