Գլխավոր Լրահոս

Զարգացած երկրներում ապաստան խնդրող հայաստանցիների թիվն աճել է

Զարգացած երկրներում ապաստան խնդրող  հայաստանցիների թիվն աճել է

Վերջին երկու տարիների ընթացքում ավելի քան 11 հազար հայաստանցի է դիմել արևմտյան զարգացած պետություններին՝ ապաստան տրամադրելու խնդրանքով։ Ըստ Azatutyun.am-ի՝ դա է փաստում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության վերջին զեկույցը։

Զեկույցի համաձայն՝ միայն Ֆրանսիայում 2011թ. երկու անգամ ավելի շատ հայ է ապաստան խնդրել, քան նախորդ տարի։ «2010թ. Ֆրանսիայի իշխանությունները ստացել են 1800 հայաստանցու դիմում, մեկ տարի անց արդեն՝ ավելի քան 3600»,– փաստում է զեկույցը։ Այս ցուցանիշով հայերը Ֆրանսիայում ապաստան խնդրող տասը ազգությունների մեջ զբաղեցրել են երրորդ հորիզոնականը՝ 140 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանի և 70 միլիոն բնակչություն ունեցող Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից հետո։

Ֆրանսիայից բացի՝ նախորդ տարվա ընթացքում ապաստան խնդրող հայերի թվի աճ է արձանագրվել Ավստրիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Կանադայում։

Ընդհանուր առմամբ, Եվրոպայում ամենից հաճախ ապաստան խնդրող 40 ազգերի մեջ հայերը զբաղեցրել են 16-րդ հորիզոնականը. 2011թ. Հայաստանից եվրոպական երկրներում ապաստան է խնդրել ավելի քան 6 հազար մարդ, մեկ տարի առաջ՝ 5 հազար, աճը կազմել է 19 տոկոս։

Հարկ է նշել, սակայն, որ Եվրոպայում առավել հաճախ ապաստան խնդրող քսան ազգությունների շարքում Հայաստանն առաջինն է՝ բնակչության փոքր թվով։

Մյուս կողմից՝ անցած հինգ տարիների ընթացքում մի քանի անգամ պակասել է Հայաստանում ապաստան խնդրողների թիվը. եթե 2007թ. Հայաստանի իշխանություններից ապաստան է խնդրել 300 մարդ, ապա հաջորդող տարիների ընթացքում այդ թիվը շարունակաբար նվազել է և 2011թ. հասել 70-ի։

Ընդհանուր առմամբ, վերլուծելով համաշխարհային միտումները, զեկույցը փաստում է, որ անցած տարի՝ Արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխություններից հետո, զարգացած երկրներում ապաստան խնդրողների թիվը 20 տոկոսով ավելացել է, և Արաբական աշխարհից Եվրոպա հասած փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի։ «Վերջիններիս համար նախընտրած ուղղություններ են շարունակում մնալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Կանադան և Գերմանիան»,– փաստում է ՄԱԿ-ի Փախստականների գործակալության զեկույցը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում