Գլխավոր Լրահոս

Հյուսիս-հարավը Մանիլա չի հասել

Հյուսիս-հարավը Մանիլա չի հասել

Ասիական բանկը չի շտապում  գումար հատկացնել ՀայաստանինԱսիական զարգացման բանկի (ԱԶԲ) վարկային միջոցներով Հայաստանում իրականացվելիք Հյուսիս-հարավ ավտոմոբիլային ճանապարհի ծրագիրը կարծես սառեցվել է։ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության՝ ԱԶԲ-ի կենտրոնակայան ուղարկած փաթեթը կարծես ճանապարհին է մնացել։ Ծրագրվում էր, որ շինաշխատանքները պետք է սկսվեն այս տարվա ապրիլին, բայց առ այսօր հայտնի չէ դրանք կատարող ընկերության անունը։

Անցած տարվա վերջին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ԱԶԲ-ի կենտրոնակայան (Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում) է ուղարկել Հյուսիս-հարավ ծրագրի «Տրանշ-1» և «Տրանշ-2» մրցույթի արդյունքները՝ ակնկալելով ստանալ բանկի հավանությունը: Բայց մինչ այժմ պատասխան չի ստացվել։

ԱԶԲ-ի կողմից մրցույթի արդյունքների հաստատման ուշացումը հետաքրքրական է, եթե հաշվի առնենք, որ անցած տարվա վերջին տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը չէր բացառում, որ ԱԶԲ-ից պատասխան կարող է լինել մինչև դեկտեմբերի 25-ը։ Այս տարվա փետրվարին Վարդանյանը հայտարարել էր, որ բանկից դեռ պատասխան չի եկել, և հույս էր հայտնել, որ «Տրանշ-1»-ի և «Տրանշ-2»-ի աշխատանքները կսկսվեն ապրիլին։

Ակնհայտ է, որ ապրիլին Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումն այդպես էլ չի սկսվի, քանի որ եթե նույնիսկ այս ամիս ԱԶԲ-ից պատասխան ստացվի, կպահանջվեն մի շարք ընթացակարգեր. մրցույթի արդյունքները (հաղթող ընկերությունը) պետք է հաստատվեն Կառավարության կողմից, դրանից հետո ընկերության հետ կնքվի պայմանագիր և այլն։

Հաշվի առնելով նաև Հայաստանի նախընտրական իրավիճակը՝ ամենալավատեսական սցենարի դեպքում շինաշխատանքները հնրավոր կլինի սկսել մայիս-հունիսին։

Ինչո՞ւ է ձգձգվումՀայաստանի և ԱԶԲ-ի միջև ստորագրված վարկային ծրագրով՝ 2009-2017 թթ. ընթացքում Հայաստանն ստանալու է $500 մլն-ի վարկային միջոցներ, իսկ ֆինանսավորման վերջին տրանշն ուժի մեջ պետք է մտնի մինչև 2017թ. վերջը։ Հյուսիս-հարավ ծրագիրը պետք է մեկնարկեր դեռ 2009թ., սակայն դա տեղի չունեցավ հայկական կողմի դանդաղկոտության հետևանքով։

ԱԶԲ-ի կողմից անցած տարվա օգոստոսին հայտարարված մրցույթի արդյունքներին (ընկերությունների փաթեթները բացվել էին հոկտեմբերի 10-ին) հավանության տալու ձգձգումը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկը լուրջ կասկածներ ունի ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու Հայաստանի հնարավորությունների առումով:

Ընդհանուր առմամբ՝ այս ծրագրի առաջին փուլով պետք է կառուցվի և վերանորոգվի 164-կիլոմետրանոց Երևան-Գյումրի ավտոմոբիլային ճանապարհահատվածը, իսկ երկրորդ փուլով՝ 381-կիլոմետրանոց Երևան-Մեղրի ավտոմոբիլային ճանապարհը։ Շուրջ 500 կմ երկարությամբ ճանապարհի շինաշխատանքների կազմակերպչական աշխատանքների, բուն շինարարության համար ըստ էության 9 տարուց մնացել է 6 տարի, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում որակյալ աշխատանքներ իրականացնելու համար ժամկետը բավական սեղմ է։

Նշենք, որ ԱԶԲ-ի հավանությանն ուղարկված մրցութային փաթեթով նախատեսված է, որ հաղթող ընկերությունն ընդհանուր առմամբ պետք է վերակառուցի 82 կմ ճանապարհ, իսկ աշխատանքները գնահատված են $243  մլն։ Այս աշխատանքների կատարման համար նույնիսկ սահմանված է վերջնաժամկետ. Երևան-Աշտարակ (երկարությունը՝ 11,7 կմ) և Երևան-Արտաշատ (երկարությունը՝ 19,6 կմ) ճանապարհահատվածներում վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2013թ., իսկ Աշտարակ-Թալին ճանապարհատվածի (երկարությունը՝ 41,9 կմ) վերակառուցումը պետք է ավարտվի 2014թ.։ Հաշվի առնելով, որ այս ճանապարհատվածները պետք է լինեն բետոնե ծածկույթով, նշված ժամկետներում իրականացումն այդքան էլ իրատեսական չէ։

Տապալման եզրի՞նԱԶԲ-ից պատասխանի բացակայությունը հնարավոր է՝ պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ «Տրանշ-1»-ի և «Տրանշ-2»-ի իրականացման համար պայքարող 6 ընկերություններից ոչ մեկը չի բավարարել առաջադրված պայմանները։

Անկախ այն բանից, թե որն է ԱԶԲ-ի լռության պատճառը, ակնհայտ է, որ Կառավարության կողմից Հայաստանի տնտեսության համար կարևորագույն համարվող այս ծրագիրը տապալման եզրին է։

Բացի այն, որ տնտեսությունը և տնտեսավարողներն այս ծրագրից օգուտներ չեն ստացել, պետբյուջեն ուղղակի վնասներ է կրում։ 2010թ. գարնանը ԱԶԲ-ն հաստատել էր ծրագրի $60 մլն-ի առաջին տրանշի հատկացումը, և փաստացի, անկախ նրանից՝ ծախսվել են այդ գումարները, թե ոչ, Կառավարությունը բանկին պետք է վճարի տոկոսավճարները։ ԱԶԲ-ն ընդհանուր վարկը հատկացրել է 32 տարով, որից 8 տարին՝ արտոնյալ ժամկետով։ Արտոնյալ ժամկետում տարեկան տոկոսադրույքը կկազմի 1%, իսկ հետագայում՝ 1,5%: Ստացվում է, որ թեև ծրագիրը տեղից չի շարժվել անցած երկու տարվա համար Կառավարությունը պետք է վճարի $1,2 մլն (60 մլն-ի 1%-ը) տոկոսավճար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում