Գլխավոր Լրահոս

Բոբիկ նավթ մի էրա …

Բոբիկ նավթ մի էրա …

Թավրիզ-Երասխ նավթամթերքի խողովակաշարի կառուցման նախագծի թղթապանակը կավելանա ևս մեկ փաստաթղթով։ Կառավարությունը հերթական նիստին ամենայն հավանությամբ հավանություն կտա «Մայրուղային նավթամթերատարի տեխնիկան կանոնակարգը հաստատելու մասին» որոշման նախագծին։

Խողովակաշարի շահագործման կանոնակարգի հեղինակը՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, կանոնակարգի մշակման անհրաժեշտությունը պայմանավորվել է Իրան-Հայաստան նավթամթերատարի կառուցման, շահագործման հանձնման և շահագործման նորմեր սահմանելու նպատակադրությամբ։ «Նավթամթերատարերի բնագավառը ՀՀ-ում նոր պետք է հիմնվի, և մեր մոտեցումն է նախապատրաստել համապատասխան նորմատիվային դաշտ, նախատեսվող գործառույթները այդ դաշտում իրականացնելու համար»,- նշված է կանոնակարգի նախագծի հիմնավորման մեջ։

Ցանկացած կառույցի, ենթակառուցվածքի անվտանգ շահագործման, դրանց շահագործման կանոնների ու վերահսկողության քայլերը հստակ ամրագրող կանոնակարգի ընդունումը ողջունելի է, բայց անհասկանալի է, թե ինչու են կառավարությունում հիմա որոշել մայրուղային նավթամթերատարի շահագործման կանոնակարգ ունենալ։

Խնդիրն այն է, որ Թավրիզ-Երասխ նավթամթերատարի կառուցումը ծրագրված էր սկսել դեռևս 2009-ին, բայց յուրաքանչյուր տարվա հետ շինաշխատանքների մեկնարկը տեղափոխվում էր հաջորդ տարի։

Կառավարության 2011թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների շարքում Թավրիզ-Երասխ նավթամթերատար խողովակաշարի և նավթամթերքի տերմինալի կառուցումը նշված էր Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության գերակա խնդիրների թվում։ Բայց խողովակաշարի կառուցումը ոչ միայն անցած տարի չի սկսվել, այլ նույնիսկ դուրս մնացել կառավարության 2012թ. գերակա խնդիրների ցանկից։

«Կառավարության 2012թ. միջոցառումների ծրագիր և գերակա խնդիրներ» հրապարակման մեջ ոչ մի խոսք չկա նավթամթերատարի մասին։ Սա նշանակում է, որ այս տարի ևս նախագծի մեկնարկը հերթական անգամ չի տրվի։ Նման պայմաններում մի փաստաթղթի ընդունումը, որը «անորոշ» ինչ-որ ենթակառուցվածքի մասին է, պարզապես որոշում է որոշման համար։

Իրան-Հայաստան նավթամթերքի խողովակաշարի կառուցման հիմնական խնդիրներից մեկն այն է, որ այս նախագծի իրականացումը ֆինանսական առումով կախված է իրանական կողմից։ Նախնական պայմանավորվածությամբ՝ ֆինանսավորման 50%-ն իրանական կողմն իրականացնելու է ուղղակի ներդրումների ճանապարհով, 50%-ի համար էլ հայկական կողմին վարկ է տրամադրելու, որը խողովակաշարի շահագործումից հետո վերադարձվելու է շահութաբաժիններից:

Նախագիծն ընդհանուր առմամբ $160-$180 մլն է գնահատվում։ Սեփական միջոցներով Հայաստանն այն չի կարող իրականացնել ֆինանսական միջոցների սղության պատճառով, իսկ միջազգային կառույցներն Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների ֆոնին հազիվ թե վարկավորեն այն։

Ծրագրվում էր, որ խողովակաշարի կառուցման ժամանակ 60-70%-ով պետք է օգտագործվեն Իրան-Հայաստան գազատարի արդեն առկա հարթակները: Դա նշանակում է, որ նախագծում անուղղակի մասնակցություն կունենա նաև «ՀայՌուսգազարդը»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում