Գլխավոր Լրահոս

Եկե՛ք ԱԺ, հակառակ դեպքում հրահրում եք բախումներ․ Մարուքյանը՝ իմքայլականներին

Եկե՛ք ԱԺ, հակառակ դեպքում հրահրում եք բախումներ․ Մարուքյանը՝ իմքայլականներին

Այսօր պետք է տեղի ունենար ԱԺ խորհրդի նիստ, ներկա է եղել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ինչպես նաև Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցություններից՝ խորհրդի անդամները։ Լուսավոր Հայաստան խնբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ խորհրդի նիստը չի գումարվել, քանի որ ձայները պակասել են․ «Քվորումը բաց է դեռևս 2 ժամ, այսինքն՝ ԱԺ խորհրդի նիստ հնարավոր է գումարել, մեզ պետք է երեք անդամ, որ միանան ու նիստը գումարենք, անմիջապես նշանակենք ԱԺ նիստ»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա անդրադարձավ նաև Արցախում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ստորագրված եռակողմ փաստաթղթին՝ ասելով, որ «ստորագրվել է մի խայտառակ, կապիտուլյացիայի փաստաթուղթ»։

Մարուքյանը հիշեցրեց, որ ժողովրդի մեծամասնությունը ձայն է տվել մի քաղաքական ուժի, որի «պատգամավորներն անգամ չեն համարձակվում ԱԺ գալ»։

«Եկեք այստեղ, խոսենք, եկեք ասեք՝ լավ ենք արել, մի բան ասեք»,- ասաց նա՝ հավելելով, որ այս իրավիճակը պետք չէ կապել անվտանգության հետ, քանի որ այն ապահովվում է։

«Ձեր իշխանությունը սպառվում է, եկեք մի բան ասեք, սա խորհրդարանական երկիր է, այս երկրում ձեր ձայների հանրագումարով մեխանիկորեն վարչապետ է նշանակվել։ Եթե պաշտպանում եք վարչապետի ստորագրությունը, եկեք ասեք՝ նորմալ է, հակառակ դեպքում՝ խոստովանեք»,- հայտարարեց Մարուքյանը։

Ըստ նրա՝ «իշխանությունն անհնար է ֆեյսբուքի ֆեյքերով պահել»։

Պատգամավորը տեղեկացրեց, որ երկու օր է՝ ստանում է սպառնալիքներ․ «Իմ անվտանգությունը հստակ ռիսկի տակ է։ Երբ ինչ-որ մի բան պատահի ինձ հետ, ամբողջությամբ պատասխանատուն այս իշխանությունն է, զանգ է եղել նաև, որ ասեք նրան՝ իրեն վերացնելու ենք։ Դրա մասին գիտի ոստիկանության պետը, այդ մարդուն արդեն հայտնաբերել են։ Կա՞ իշխանություն երկրում, թե՞ անիշխանություն է սա»։ 

ԼՀԿ-ի ղեկավարը կրկին դիմեց ԱԺ պատգամավորներին․ «Ոնց որ ՀՀ վարչապետն է ստանձնել իշխանությունը, ստանձնել ու չի էլ մտածել, որ բացի դաչայից ու «մերսեդեսից» նաև կա Արցախի հիմնախնդիր, այնպես էլ մտածել են պատգամավորները։ Պատգամավորի գործն այն է, որ ռիսկ անեք ու գաք այստեղ։ Սպասում ենք խորհրդարանում, քվորումը 10։15 լրանում է։ Եթե դուք ձեր անգործությամբ չեք ուզում պրոցեսները մղել խորհրդարանական խողովակ, դա նշանակում է, որ դուք կողմ եք, որ երկրում լինեն բախումներ, իսկ որ դրանք կլինեն, ես կասկած չունեմ, բազմաթիվ զինված մարդիկ են պտտվում երկրում, մինչև ատամները զինված, այն օրը, երբ ես եկել եմ, մտել խորհրդարան, էլի զինված էին։ Եթե չեք ուզում պրոցեսները բերել քաղաքական դաշտ, այդ զինված մարդիկ սկսելու են իրար խփել։ Եկեք Ազգային ժողով»։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում