Մենք պիտի հզորանանք, դասեր քաղենք սխալներից, որոնք արել ենք 30 տարվա ընթացքում, ինչպես նաև 2,5 տարվա ընթացքում․ այս մասին դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Ռազմագերիների հետ կապված՝ մեր թշնամին շահարկում և օգտագործում է այս իրավիճակը, որպեզի ճնշում գործադրի։ Ադրբեջանը փորձում է խժդժություններ մտցնի մեր հանրապետությունում և մենք պետք է գիտակից լինենք, իրար մեջ թշնամի չփնտրենք, որ թշնամին այդ ամենինց չօգտվի»,- ասաց նա։
Լրագրողի այն հարցին, որ եթե նման փաստաթուղթ ստորագրեր Սերժ Սարգսյանը, ի՞նչ էին անելու իրենք և արդյոք որպես ընդդիմություն չէին պահանջելու նրա հրաժարականը, Սիմոնյանը պատասխանեց․ «Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չի եղել երբեք, երբ որ Ապրիլյան պատերազմ էր տեղի ունենում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր ամբողջ կազմով մեկնել էր առաջնագիծ և դրանից հետո, չնայած եղան տարածքային կորուստներ, մենք դա օրակարգային հարց չսարքեցինք»։
Լրագրողի դիտարկմանը, որ 800 և 10 հազար հեկտարների միջև մեծ տարբերություն կա, նա նշեց․ «Ես չեմ ասում տարբերություն չկա այն առումով, որ մեկը քիչ էր, մյուսը շատ, այլ որ կապ չունի, 1 միլիմետր էլ կորցնենք՝ խնդիր է, իսկ մենք ավելի շատ վատ վիճակում ենք հայտնվել, բնական է»։
Ո՞վ է պատասխանատու ստեղծված իրավիճակի մասին հարցին նա պատասխանեց, որ «այն մարդը, որը պատասխանատու է, դրա մասին անընդհատ ասում է, սակայն տպավորություն է, որ ոչ ոք դա չի ցանկանում լսել»։
«Մեր մեղքը 2,5 տարվա մեջ չէ, մեր մեղքը ստորագրված թղթի մեջ չէ, մեր մեղքը 30 տարվա մեջ է»,- ընդգծեց փոխխոսնակը։
Ճեպազրույցի ընթացքում ԱԺ փոխխոսնակը անդրադարձ կատարեց նաև տեղի ունեցող ցույցերին, անկարգություններին և այն հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը շրջում թիկնապահներով, ինչու՞ են փակել Ազգային ժողովի դարպասները և արդյոք ժամանակը չէ, որպեսզի «շղթայակապ» իշխանությունը հեռանա․ «Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ռազմական դրության մեջ, և երկու անգամ իրավիճակ է եղել, երբ, օրինակ՝ Ազգային ժողովի նախագահին փորձել են սպանել, ինչպես նաև գնացել ու մտել են կառավարության շենք, վարչապետի տուն։ Դուք համարում եք՝ անհանգստանալու բան չկա՞, երբ մենք ունենք Ադրբեջան և ունենք լարված իրավիճակ։ Իսկ ինչո՞ւ պետք է չպաշտպանվի վարչապետը։ Վանեցյանը, որը 6 թիկնապահով է մինտինգի գալիս, ինչո՞ւ իրենց չեք հարցնում։ Մենք խոսում ենք երկրի ղեկավարի մասին, որը ռազմական դրության մեջ է գտնվում։
Տեղյա՞կ եք, որ ՀՀ-ն պատերազմի մեջ է, տեղյա՞կ եք, որ Ազգային ժողովի նախագահը, որը ուշագնաց վիճակում է եղել, ասել են՝ «եկեք վառենք», ասել են՝ «մեռած ա», ասել են՝ «ոչինչ եկեք վառենք կամ կախենք», տեղյա՞կ եք։ Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են մեկը իմ տուն, և փորձել են ինձ սպանել։ Տեղյա՞կ եք, որ իմ վրա որս էր հայտարարված Մոսկվայում»։
Խոսելով արտահերթ ընտրությունների մասին՝ Սիմոնյանը ասաց՝ չի բացառում, որ այդպիսիք կլինեն, բայց Հայաստանի Հանրապետության ճակատագիրը չի որոշելու ինքը, Նիկոլ Փաշինյանը, Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այլ որոշելու է ժողովուրդը։
Գեղեցիկ Ոսկանյան
Civilnet











