Երևան ժամանած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ չեղարկվել է։ Այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ Արայիկ Հարությունյանը Երևանում է։ Գրում է news.am-ը:
«Հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,– ասաց Վահրամ Պողոսյանը:
Ավելի վաղ տարածաշրջանային այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Բաքու այցից հետո ժամանել են Երևան։
Նրանք հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ, նախատեսվում են հանդիպումներ նաև կառավարությունում։
ԱԳՆ մտնելիս նրանք չպատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես նրան, որ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու:
Civilnet











