Կառավարությունը նախատեսում է սոցիալական աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան վերջին պատերազմում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է դեկտեմբերի 17-ի կառավարության նիստի օրակարգում։
Թեև վիրավոր և զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու աշխատանքը համակարգվում էր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով, հիմնադրամի շահառու դառնալը սակայն ենթադրում է որոշակի ընթացակարգեր, որոնք կարող են ավելի երկար տևել։
Կառավարությունն առաջարկում է 100 000 դրամ տրամադրել վիրավոր և խեղված զինծառայողներին։ «Նախագիծն ընդունվելու դեպքում Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին, մինչև Հիմնադրամի շահառու դառնալը, հիմնադրամից վճարվող գումարը կավելացվի ամսական 200 000 դրամով ու կկազմի 300 000 դրամ»,- նշված է որոշման հիմնավորումներում։
Civilnet











