

2020-ի ընթացքում CivilNet.am կայքում ամենաշատ դիտում ունեցել են Ղարաբաղյան պատերազմին և կորոնավիրուսին առնչվող տեքստային նյութերը։
10-րդ տեղում Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մարտակոչն է սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի առաջին օրը։ Լուրը դիտվել է 36 644 անգամ։
9-րդ տեղում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր, միջուկային ֆիզիկոս Արեգ Դանագուլյանի հոդվածն է գիտության և բանակի մարտունակության միջև կապի մասին։ Պատերազմի 44 օրերի ընթացքում ամենաքննարկվող թեմաներից մեկը բանակի սպառազինություն էր և արդիականացումը, հատկապես, երբ հենց առաջին օրերից ակնհայտ դարձավ հակառակորդի բանակի տեխնոլոգիական առավելությունը։ Նոյեմբերի 13-ին հրապարակված «Հայ գիտնականն ու բանակը» վերնագրված հոդվածն ունի 37 222 դիտում։
8-րդ տեղում Հայաստանի նախկին արտգործնարար Էդվարդ Նալբանդյանի հոկտեմբերի 15-ին հրապարակած հոդվածն է իր պաշտոնավարման օրոք (2008-18) ղարաբաղյան բանակցային գործընթացի մասին: (Հոդվածը սկզբնապես ռուսերենով հրապարակվել էր Armeniasputnik կայքում, ՍիվիլՆեթը ներկայացրել էր հայերեն թարգմանությունը)։ Նալբանդյանն իր ծավալուն հոդվածում հակադարձում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հոկտեմբերի 14-ին ժողովրդին հղած հերթական ուղերձում հայտարարել էր, թե ինքը նախորդներից ղարաբաղյան բանակցային գործընթացի «վատ ժառանգություն» է ստացել։ Նալբանդյանը հոդվածում Փաշինյանին մանրամասն հիշեցնում է նախահեղափոխական շրջանում ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմի հաջողությունների, այդ թվում՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հայտարարությունների մասին։ «Հենց սա է «ժառանգություն» թողնվել» վերնագրված հոդվածն ունի 37 677 դիտում։
7-րդ տեղում ««Յուքոմի» ողջ տնօրինությունը հրաժարական է տվել. հակասություններ մեծամասնական բաժնետերերի հետ» հոդվածն է։ «Յուքոմ» բջջային օպերատորի փոքրամասնական բաժնետերեր և ընկերության գործադիր ղեկավարներ Եսայան եղբայրների հակասությունները մեծամասնական բաժնետերերի հետ հանրային և քաղաքական լայն հնչեղություն ստացան։ Եսայանները, որոնք ցանկանում էին ձեռք բերել «Յուքոմը», ի վերջո դուրս եկան ընկերությունից և ձեռք բերեցին BeeLine բջջային օպերատորի («Վեոն Արմենիա») հայկական դստեր բաժնետոմսերը՝ ստեղծելով Telecom Armenia ընկերությունը։ Ապրիլի 10-ին հրապարակված հոդվածն ունի 41 768 դիտում։
6-րդ տեղում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հոկտեմբերի 14-ի հայտարարությունն է։ Լավրովը կրկնում էր ղարաբաղյան հակամարտության իր՝ ավելի վաղ ներկայացրած կարգավորման ծրագիրը, որ հայտնի է որպես «Լավրովյան պլան», որը նախատեսում էր նախկին ԼՂԻՄ-ին հարակից տարածքներից հայկական ուժերի դուրսբերում, անվտանգության երաշխիքներ, խաղաղապահների տեղակայում, կարգավիճակի որոշում։ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունից հետո՝ նույն օրը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, ըստ էության կրկին մերժեց Լավրովի պլանը և ժողովրդին նորից մարտակոչ արեց՝ ասելով, որ իր նախորդներից վատ ժառանգություն է ստացել։ Հոդվածն ունի 43 646 դիտում։
5-րդ տեղում կրկին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանի հոդվածն է կրթության կարևորության մասին։ Դանագուլյանը կրթությունը կարևորում է կրկին պետության պաշտպանունակության ամրապդնման համատեքստում։ Նոյեմբերի 17-ին հրապարակված «Երեք մարգարեական կանխատեսում, որ արհամարհվեցին այս պատերազմից առաջ․ ինչպես կրթությունը դարձնել պաշտամունք» հոդվածը ունի 59 192 դիտում։
4-րդ տեղում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասին առաջին լուրն է։ «Շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը ակտիվ հրետակոծություն է սկսել, հրետակոծվում է նաև Ստեփանակերտը» լուրն ունի 65 918 դիտում։
3-րդ տեղում մարտի 31-ին հրապարակված «Ինչու շվեդները չեն վախենում կորոնավիրուսից» վերնագրված հոդվածն է, որտեղ ներկայացվում էր, թե ինչու Շվեդիան խիստ միջոցներ չի ձեռնարկում համաճարակի դեմ։ Հոդվածն ունի 71 341 դիտում։
2-րդ տեղում ՍիվիլՆեթի լրագրող Թաթուլ Հակոբյանի հոդվածն է 44-օրյա պատերազմի իր նոթատետրից։ Պատերազմի օրերին ռազմական դրության սահմանափակումներով պայմանավորված՝ լրագրողները չէին կարողանում հաղորդել կամ ամբողջությամբ հաղորդել ճշմարտությունը, թե ինչ է կատարվում առաջնագծում։ Նոյեմբերի 20-ին հրապարակված «Ադրբեջանցիները հասել են Մեղրիի սահման» վերնագրով հոդվածը պատմում է պատերազմի ժամանակ իրերի իսկական դրության մասին։ Այն ունի 72 330 դիտում։
1-ին տեղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Ալ Արաբիա» հեռուստաընկերությանը հոկտեմբերի 4-ին տված հարցազրույցի մասին լուրն է, որում Ալիևն ասում էր, թե Հայաստանի հետ հակամարտության լուծումը պետք է ընթանա երկխոսության միջոցով, սակայն բանակցությունների համար պետք է հիմք լինի: Լուրն ունի 110 442 դիտում։
Մարիա Եղիազարյան
Կարդալ ավելին
Պատմություններ

Ալիևը ցանկանում է քաղաքական պառակտում հրահրել Հայաստանում

Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների հնարավորությունները՝ Ամերիաբանկի Investor’s Day-ում

Ֆուտբոլային միջադեպ Բաթումիում՝ թուրքական ու իսրայելական թիմերի խաղին

Դիարբեքիր, Դեր Զոր, հումանիտար բուհեր, չեղարկման մշակույթ. զրույց Փիթեր Բալաքյանի հետ

Թունաքիմիկատների հետքեր են հայտնաբերվել Հայաստանում նորածինների օրգանիզմում. Գևորգյան

Առանց համակարգային փոփոխությունների աղքատությունը չի կրճատվի. Սերգեյ Մուրադյան

ԵՄ առաջնորդները փորձում են պայմանավորվել «ընտանեկան բյուջեի» շուրջ

Երեխայի խնամքի նպաստի միասնական չափ կսահմանվի
Դիտել ավելին
Civilnet


