Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ բռնություն գործադրելու, ազատությունից ապօրինի զրկելու, ունեզրկելու գործից՝ երեք մեղադրյալի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունն ավարտվել է։ Անջատված մասով մեղադրանք է առաջադրվել ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի և նրա երկու ընկերների նկատմամբ, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ռաֆիկ Հայրապետյանը մեղադրվում է ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, շորթման և ինքնիրավչության հոդվածներով։
Նշված երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին:
Ռուբեն Հայրապետյանը և նրա որդու այլ երկու ընկերները ևս ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում: Ռուբեն Հայրապետյանը ևս մեղադրվում է ինքնիրավչության, շորթման, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու հոդվածներով։
Ըստ Քննչական կոմիտեի՝ 2015թ. օգոստոսի 27-ից Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը աշխատել է Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող, վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար:
Գործադիր տնօրենը, ՔԿ հաղորդագրության համաձայն՝ 2016թ. հունվարի 20-ից մինչև 2016թ. մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերությունից երեք վարկային պայմանագրերով ստացել է ընդհանուր՝ 57,5 մլն դրամ վարկ, որի մի մասը՝ 18,4 մլն դրամը, բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ծախսել է ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, իսկ 39 մլն դրամը կանխիկացրել է, որից 20 մլն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերությունը հիմնադրելու համար՝ հետագայում կատարելով վարկային պարտավորությունները, իսկ մնացած գումարով կանխիկ կերպով հոգացել է «Հարսնաքար» համալիրի ծախսերը:
«Ռաֆիկ Հայրապետյանը հոր՝ Ռուբեն Հայրապետյանի հետ, տեղեկանալով վերջինիս կողմից վերոնշյալ վարկերը համալիրի անվամբ ստանալու և այդ գումարների մի մասը՝ 20 մլն դրամը, առանց իրենց գիտության անձնական կարիքների համար ծախսելու մասին, հոր և իր ընկերների հետ ինքնիրավչության եղանակով 57,5 մլն դրամը ստանալու նպատակով, վերոնշյալ ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած գործադիր տնօրենին ազատությունից ապօրինի զրկել են։ Առանց իրենց թույլտվության հեռախոսազանգեր կատարելու հնարավորությունից զրկելու համար նրանից վերցրել են բջջային հեռախոսը։ Մինչև 2016թ. օգոստոսի 18-ը ձեռքերով, ոտքերով և մահակներով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին»,- ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Կառույցը նաև հայտնում է, որ այդ ընթացքում՝ 2016թ. հուլիսի 26-ին, Ռաֆիկ Հայրապետյանն իր ավտոմեքենայով երիտասարդին տեղափոխել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 1 հասցեում գտնվող իրենց առանձնատան բակ, որտեղ հայրը՝ Ռուբեն Հայրապետյանը, հայհոյանքներ տալով ու երկու ապտակ հասցնելով նրա դեմքին, վերջինից, պահանջել է նրա կողմից վերցված վարկերի ընդհանուր գումարին մոտ՝ 57 մլն դրամին համարժեք 120.000 ԱՄՆ դոլար։ Նույն օրը երիտասարդին կրկին տեղափոխել են Սևանի «Հարսնաքար» համալիրի տարածք:
«Հաջորդ օրը Ռուբեն Հայրապետյանը գնացել է նշված համալիրի տարածք, հանձնարարել է իր մոտ՝ տնօրենի աշխատասենյակ բերել նրան, որտեղ էլ որդու ներկայությամբ, հայհոյանքներ տալով, էլեկտրական մահակով հարվածել է երիտասարդի այտին՝ կրկին պահանջելով 120.000 ԱՄՆ դոլար: Այդ ընթացքում նաև կիրառվելով հոգեբանական բռնություն, պարտադրել են տնօրենի կարգավիճակ ունեցող երիտասարդին համալիրի աշխատակիցների ներկայությամբ մաքրություն կատարել դրա տարածքում՝ այդ կերպ նպատակ ունենալով նվաստացնել նրան»,- տեղեկացնում է ՔԿ-ն։
Ըստ հաղորդագրության՝ Ռաֆիկ Հայրապետյանը ստիպել է երիտասարդին «Հարսնաքար» կանչել ընտանիքի անդամներին և նրա ընտանիքի անդամներից է պահանջել 57 մլն դրամը։
Գործադիր տնօրենը Ռաֆիկ Հայրապետյանին է տվել մի շարք ոսկյա զարդեր, կանխիկ գումար, մեքենա և այլ իրեր։ 2016թ. օգոստոսի 13-ին էլ երիտասարդը տեղափոխվել է Երևան՝ իր անվամբ հաշվառված տաքսի ծառայության ավտոմեքենաների առուվաճառքը կատարելու։
«Հայր և որդի Հայրապետյանները պահանջել են նաև իրենց հանձնել երիտասարդի տատի՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատունը։ 2016թ. հոկտեմբերի 18-ին նշված առանձնատան նկատմամբ ձևակերպվել է Հայրապետյանների մտերիմի սեփականության իրավունքը։ 2016թ. հոկտեմբերի սկզբներին Ռուբեն Հայրապետյանը երիտասարդից պահանջել է ընտանիքի անդամների հետ ազատել նշված առանձնատունը, հնարավորինս արագ վճարել պահանջված ամբողջ գումարի մնացած մասը՝ սպառնալով, այլապես վերջինիս քրոջն ուղարկել Քաթար՝ պոռնկության: Ռաֆիկ Հայրապետյանը և նրա հանցակիցները վերը նշված հանցավոր գործողություններով երիտասարդին և նրա ընտանիքի անդամներին զրկել են նաև միակ կացարանից՝ էական վնաս պատճառելով նրանց իրավունքներին և օրինական շահերին»,- ասվում է հաղորդագրությունում։
Civilnet











