Այսօր՝ հունվարի 21-ին, տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների առանցքում էր արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագիր ստորագրելու հարցը։
«Իմ քայլը» խմբակցությունը կարևորում է, որպեսզի խորհրդարանական երեք խմբակցությունները ստորագրեն ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ հուշագիր, սակայն ընդդիմությունը դեմ է արտահայտվում։
Վարչապետի հրաժարականից հետո, ըստ սահմանադրության, ԱԺ-ն երկու անգամ պետք է չընտրի վարչապետ, խորհրդարանը լուծարվի և նշանակվեն արտահերթ ընտրություններ։ «Իմ քայլի» առաջարկած հուշագրի էությունը կայանում է նրանում, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի թեկնածու չառաջադրի։
«Որպեսզի խնդիրը հանգուցալուծվի, պետք է ըմբռնում, որ այդ խնդիրը հանգուցալուծվելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Հուշագրի ստորագրումը հենց այդ ըմբռնման վկայությունը պետք է լինի: Եթե ասում եք, որ գնում ենք արտահերթի, և պետք է ժողովրդի քվեի արդյունքում ձևավորվի իշխանություն, ապա չպետք է խոչընդոտեք այդ գործընթացին և չառաջադրեք վարչապետի թեկնածու»,- ճեպազրույցների ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ իրենց օրակարգը անցումային կառավարություն ձևավորելն ու դրանից հետո միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը։ Մարուքյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի վերջին խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանն է առաջարկել հուշագիրը ստորագրել, սակայն համաձայնություն չի եղել․ «Ես ասել եմ, որ մեր օրակարգը անցումային կառավարություն ձևավորելն է և անցումային կառավարության մեր թեկնածուն ես եմ, և պետք է առաջադրվեմ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԼՀԿ ղեկավարը։
Էդմոն Մարուքյանը նաև հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած հուշագրին ի պատասխան՝ կոնտր-հուշագիր է ներկայացրել․«Առաջարկել եմ՝ եկեք ստորագրենք հուշագիր, որ ես ընտրվում եմ, մինչև հուշագիրը ստորագրելը պայմանավորվում ենք, որ, օրինակ, հոկտեմբերի 1-ին հրաժարական եմ տալիս և չեմ առաջադրվում: Խորհրդարանը հոկտեմբերին ցրվում է, երբ երկիրը կայունացած է լինում, և գնում ենք ընտրությունների»,- ասել է նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նկատել է, որ «Իմ քայլը», չնայած խմբակցությունից դուրս եկած պատգամավորներին, շարունակում է մեծամասնություն կազմել՝ 82 պատգամավոր, իսկ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն և «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների թիվը միասին 50 է։
«Այդ 50-ն էլ պայմանական է: Եթե իրենք վստահ չեն իրենց 82-ի վրա, որ հնարավոր է, որ ես առաջադրվեմ, ինձ ընտրեն, դա ուրիշ քննարկման հարց է: Եթե վստահ են, ապա ի՞նչ խոչընդոտ կա խորհրդարանը ցրելու։ Եվ, երբ իրենք ասում են, որ այդ ճանապարհը չի լինի առանց ընդդիմության հետ հուշագրի, դուրս է գալիս, որ 45-ը կամ 50-ը մեծ է 82-ից»,- ասել է Էդմոն Մարուքյանը:
ԲՀԿ-ն ևս կարծում է, որ պետք է անցումային կառավարություն ձևավորվի։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ճեպազրույցների ընթացքում հայտարարել է, որ անընդունելի է այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը:
«Երկրում ստեղծվել է անկայուն իրավիճակ։ Եթե այս կառավարությունը մնում է, ապա անկայունությունն ավելի է խորանում: Մենք կարծում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություն կատարելը հղի է անկայունության խորացմամբ: Մենք ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների: Եթե դու ունես քաղաքական մեծամասնություն, ուրեմն վստահ պետք է լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու»,- նշել է Միքայել Մելքումյանը:
Լուսնկարը՝ Ֆոտոլուրի։
Հակոբ Ասլանյան
Civilnet











