Գլխավոր Լրահոս

«Այբ»-ը Հարությունյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Այբ»-ը Հարությունյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Այբ» կրթական հիմնադրամը հունվարի 26-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունների ու գործողությունների վերաբերյալ։ 

Ըստ հիմնադրամի՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս իրենց նկատմամբ իրականացվում են հետապնդումներ։ Փետրվարի 1-ին շուրջ 100 էջանոց հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Հաղորդման համար հիմք են հանդիսացել նախկին նախարարի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հրապարակային հայտարարություններն ու որոշ գործողություններ, որոնց պատճառով, ի թիվս պետությանը հասցված վնասների, կասեցվել է նաև պետության և մի շարք բարերարների համատեղ ներդրումով ու ջանքերով ստեղծված Կրթության գերազանցության ազգային ծրագիրը, որի շրջանակում ավագ դպրոցներում պետք է ներդրվեր «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը։

«Այբ»-ի հաղորդագրությունում ասվում է, որ ՀՀ և Արցախի մի շարք դպրոցների սովորողներ դրա հետևանքով զրկվել են իրենց լեգիտիմ իրավունքից՝ այս ծրագրի միջոցով իրենց իսկ երկրում հայալեզու որակյալ անվճար կրթություն ստանալու, որը նրանց կապահովեր աշխարհի լավագույն բուհերի կողմից ճանաչվող դիպլոմով, որի օգնությամբ հայ երեխաները ոչ միայն կստանային որակյալ կրթություն, այլև առանց լրացուցիչ ջանքերի կարող էին սովորել աշխարհի ամենահեղինակավոր բուհերում։

«Տեղեկացնենք նաև, որ հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցող պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ «Այբ» կրթական հիմնադրամի՝ ՀՀ վարչական դատարան ներկայացրած երկու հայցադիմումները վարույթ են ընդունվել, դատական նիստերը նշանակվել է 2021 թվականի հունիսի 11-ին։ Այս հանգամանքի վերաբերյալ գրությունը նույնպես ուղարկվել է գլխավոր դատախազին։ Մենք ապահովելու ենք առավելագույն թափանցիկություն, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի այս դատական գործընթացներից»,- նշված է հաղորդագրությունում։

2018 թ․ մայիսի 22-ին Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Այսօր հանձնարարել եմ կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Դրա արդյունքներից հետո կխոսենք: Շարունակում եմ համարել, որ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Տեր Մեսրոպը հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած մարդկանցից է»,- գրել էր նա։

2018 թ․ դեկտեմբերի 27-ին նախարարությունը հայտարարել էր «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրության ավարտի մասին: Ուսումնասիրվել էր ծրագրի բովանդակությունը,  արդյունքները, մարդկային և կրթական ռեսուրսների զարգացման ընթացքը, ֆինանսական հարցերը, հիմնադրամ-պետություն հարաբերությունների բաց և խնդրահարույց կողմերը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում