Գլխավոր Լրահոս

Տարօրինակ քարոզարշավ

Տարօրինակ քարոզարշավ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ամենատարօրինակ քարոզարշավը վարում է Հանրապետական կուսակցությունը, և այդ քարոզարշավը մի շարք հարցեր է առաջացնում:

Առաջին հարցը, որ տալիս են շատերը, այն է, թե ինչու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միայնակ անցկացնում քարոզարշավը և թաղերով ու հանրապետության քաղաքներով շրջելով՝ կոչ անում քվեարկել ՀՀԿ-ի և տվյալ ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուների օգտին: Միակ մարդը, որ հաստատ կարելի է ասել՝ Ազգային ժողովում չի լինելու, Սերժ Սարգսյանն է:

Ինչքանո՞վ  է այս մոտեցումը ողջամիտ, երբ կարելի էր հրապարակայնորեն հասարակությանը ներկայացնել այն ՀՀԿ-ականներին կամ ՀՀԿ-ամետներին, որոնք անմիջականորեն պետք է զբաղվեն օրենսդրական գործունեությամբ, ասենք՝ Շուշան Պետրոսյանին կամ Արտաշես Գեղամյանին: Մի՞թե ՀՀԿ-ն կադրերի այնպիսի պակասորդ ունի, որ հանրապետության նախագահը բան ու գործը թողած միայնակ քարոզարշավ է իրականացնում: Եթե կադրերի պակասորդ չունեն, ապա հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը չի վստահում իր թիմին և համարում է, որ նրանք հրապարակային քարոզչության ժամանակ կարող են վնասել ՀՀԿ-ի՝ առանց այն էլ չփայլող հեղինակությունը: Այս պարագայում հետաքրքիր կլինի իմանալ՝ ինչով է պայմանավորված գործող նախագահի անվստահությունը թիմակիցների նկատմամբ:

Ուշագրավ է, որ ՀՀԿ-ի քարոզարշավների ժամանակ հարթակում բացակայում են նաև այդ կուսակցության առանցքային դեմքերը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանը: Նույնիսկ վերջինիս հայրենի Արարատի մարզում Սերժ Սարգսյանը քարոզարշավը կրկին միայնակ է իրականացրել, իսկ ՀՀԿ շտաբի պետը իր կուսակցապետի ելույթը լսել է հարթակի դիմաց կանգնած:

Լուր եղավ, որ Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի քարոզը լսելու բավական ուշացումով է ներկայացել: Եթե այդպես է, ապա հետաքրքիր է, թե շտաբի պետը ի՞նչ ավելի կարևոր գործեր է ունեցել, քան նախընտրական քարոզչությունն է:

Մամուլում նաև տեղեկատվություն տարածվեց, որ  Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի՝ այպես ասած թաքուն մնալը պայմանավորված է վերջիններիս միջև առկա տարաձայնություններով: Այդ ենթադրյալ տարաձայնությունները ինչքանո՞վ կխանգարեին նրանց առանձին-առանձին քարոզ անելու, ասենք՝ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունենար Արտաշատում, իսկ Տիգրան Սարգսյանը՝ հայրենի Լոռիում: Իսկ եթե ՀՀԿ-ի ներսում այնուամենայնիվ տարաձայնությունները այն մակարդակի են, որ մինչև հիմա հնարավոր չի եղել կոմպրոմիսների հասնել, և նախագահը ստիպված ամեն ինչ վերցրել է իր վրա, ապա ստացվում է, որ ՀՀԿ-ն միայն Սերժ Սարգսյանն է, առանց որի այդ կուսակցությունը կփլուզվի՝ փլատակների տակ թողնելով ՀՀԿ-ի «կոմսոմոլներին»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում