ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը և Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ստորագրել են «Մասնագիտական ուսուցում և կրթություն» ծրագրի աշխատանքների իրականացման մասին նամակ-համաձայնագիր: Ինչպես տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից, ծրագրի նպատակն է աջակցել պետության կողմից գյուղական երիտասարդության և երկարաժամկետ գործազուրկ կանանց զբաղվածության ապահովման հիմնախնդիրների լուծմանը:
Ըստ նամակ-համաձայնագրի` նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից ՄԱԶԾ-ի ֆինանսավորմամբ նշված ծրագրի շրջանակում մասնագիտական վերապատրաստումներ կիրականացվեն երկարաժամկետ գործազուրկ կանանց համար, մասնագիտություն ունեցող, սակայն մասնագիտական աշխատանքային ստաժ չունեցող երիտասարդների աշխատանքային պրակտիկա կկազմակերպվի գործատուի մոտ:
«Գործազրկության հաղթահարումը մեր պետության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Աշխատաշուկայում ունենալով առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն, գյուղական երիտասարդների և կանանց շրջանում գործազրկության մեծ տոկոս` այս ծրագրի իրագործումն առանձնակի կարևորություն է ստանում»,-ասել է Արթուր Գրիգորյանը:
Civilnet











