Գլխավոր Լրահոս

Մակրո կարգավորումներից` միկրո միջավայր

Մակրո կարգավորումներից` միկրո միջավայր

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի 2011-2012 թ.թ. Ազգային մրցունակության զեկույցի շնորհանդեսին: Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը նշել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրի մրցունակության բարձրացման խնդիրներին` դիտարկելով այն ժամանակակից աշխարհի կարևորագույն հատկանիշներից մեկը:«Ազգային մրցունակության բարձրացմանն ուղվված կառավարության միջոցառումները շեշտակիորեն փոխվել են: Մասնավորապես, կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն, որի նպատակն է մակրո կարգավորումներից անցնել միկրո միջավայրում բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այդ տեսակետից արդյունաբերական ճյուղային քաղաքականությունը, որը միտված է արտահաննման ծավալների ավելացմանը, դրա վառ օրինակներից մեկն է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ նախկինում պետությունների և կառավարությունների պարտականություններն այն էին, որ պետք է ստեղծեին բիզնեսի համար բարենպաստ միջավայր, հավասար մրցակցային պայմաններ և այդ շուկայական կանոնների դեպքում մրցակցությունը կբացահայտեր, թե որոնք են առաջնահերթ ճյուղերը, ինչպես նաև մրցակցության մեջ կայացած, ուժեղ և թույլ ձեռնարկությունները: «Այսօր շեշտադրումները փոխվել են և կառավարությունները իրավունք չունեն բավարարվել միայն միջավայրի վրա շեշտադրումներ կատարելով, նրանք պարտավոր են նաև միկրո մակարդակում աջակցություն ցուցաբերել բիզնեսի ներկայացուցիչներին, այսինքն` կառավարությունները պետք է լինեն պրոակտիվ նաև այդ միկրո մակարդակում», - ասել է Տիգրան Սարգսյանը:

Ըստ կառավարության ղեկավարի` տնտեսության կարգավորումը պետություն-մասնավոր համագործակցության մեջ է, ինչի համար պետությունը պարտավոր է ստեղծել նոր հարթակ, որտեղ փոխադարձ պարտավորությունները պետք է լինեն երկուստեք հստակ: «Այդ իսկ պատճառով մասնավոր հատվածի հետ ստեղծվել է մի հարթակ, որը ճյուղային արդյունաբերական քաղաքականությունն իրականացնելիս լեգիտիմություն է հաղորդում կառավարության որոշումներին: Այդ հարթակում ձեռք են բերվում հստակ պայմանավորվածություններ, որտեղ և մասնավոր հատվածի, և կառավարության համար հստակ են, թե ինչ գործառույթներ և պարտավորություններ են իրականացնելու կողմերը»,- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ այդպիսի պայմանավորվածությունները պայմանագրերի տեսքով պարտավորեցնում են մասնավոր հատվածին իրականացնել ներդրումներ: «Սա նոր երևույթ և շեշտադրում է մեր տնտեսական քաղաքականության մեջ: Մենք այս ուղղությամբ շարժվում ենք առաջ` գիտակցելով, որ սա մի ճանապարհ է, որը կարող է էապես բարձրացնել մեր տնտեսության մրցունակությունը»,- նշել է վարչապետը:

Ազգային մրցունակության զեկույցը, վարչապետի կարծիքով, հնարավորություն է տալիս համեմատության մեջ` տարածաշրջանային կամ համաշխարհային կտրվածքով, տեսնել ՀՀ-ի ընդհանուր պատկերը, բացահայտել մեր երկրի մրցունակության թույլ կողմերի պատճառները, ինչպես նաև ճշգրիտ գնահատել այն միտումները, որոնք կարող են էապես ավելացնել մեր երկրի մրցունակությունը:

Համաձայն զեկույցի՝ Հայաստանի մրցունակության կատարողականը, որն աստիճանական անկում է գրանցել 2005 թվականից ի վեր, 2011-ին վերափոխվել է դրականի՝ արտացոլելով կառուցվածքային փոփոխությունները: 2011-ին Հայաստանն զգալիորեն բարելավել է իր մրցունակության դիրքը 2010-ի Մրցունակության համաշխարհային զեկույցի ուսումնասիրության համեմատ: Նախորդ տարի մրցունակության կատարողականով Հայաստանն զբաղեցրել է 92-րդ տեղը 142 երկրների մեջ՝ 2010-ի արդյունքների համեմատ իր դիրքի 6 միավորով բարելավման և ընդհանուր գնահատականի 4 տոկոսանոց աճի արդյունքում:

Ըստ զեկույցի՝ 2008-ից դիտվող անկման միտումների համատեքստում 2011-ին գրանցվել է 4,6 տոկոս խոստումնալից աճի տեմպ, ինչի արդյունքում ստեղծվել են հետագա տնտեսական աճի ապահովման լավ հիմքեր: 2011-ն առաջին տարին էր, երբ մրցունակության և տնտեսության կատարողականի ցուցանիշները Հայաստանում փոխվել են նույն ուղղությամբ, ինչը կարող է մատնանշել անցում տնտեսական իրականության առավել հավասարակշռված վիճակի: Զեկույցում արձանագրվել է, որ այլ երկրների համեմատ ՝ Հայաստանը համարվում է ամենացածր պարտք ունեցող երկրներից մեկը, որի արտաքին պարտքի սպասարկման գործընթացը գտնվում է կառավարելիության մակարդակում:

Զեկույցում նշվում է նաև, որ 2010-2011 թթ-ին անցում է կատարվել առավել նախաձեռնողական, համագործակցող քաղաքականության: Այս ընթացքում մեր երկիրը գրանցել է նաև ներդրումների տպավորիչ աճ. Հայաստանի ՀՆԱ-ում համախառն կապիտալի կուտակման մասնաբաժնի ցուցանիշով մեր երկիրը գտնվում է առաջատար երկրների շարքում:

Զեկույցը պատրաստել և հրատարակել են «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությությունը:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում