Արտադրողականությունը կազմակերպչական ջիղի մեջ չէ
Առավել հաջողակ մարդիկ ունեն ընդհանուր հատկանիշներ, որոնք ներկայացրել է ամերիկյան Time ամսագիրը՝ հենվելով InfoMation Corporation, ZineZone Corporation և iCAST Corporation ընկերությունների գործադիր տնօրեն Մարգարետ Հեֆերնանի (Margaret Heffernan) «Դիտավորյալ կուրություն» (Willful Blindness) մենագրության վրա։
Ըստ Հեֆերնանի՝ ի տարբերություն վաղ առավոտվանից մինչև ուշ երեկո աշխատանքի վրա հիվանդագին կենտրոնացած մարդկանց՝ ստեղծագործական ջիղով նորարարները նախևառաջ ժամանակ ունեն անձնական կյանքի համար: Ներկայիս լավագույն գործադիր տնօրեններից մեկը՝ Կարոլ Վալոն (Carol Vallone), ով WebCT ընկերության հիմնադիրն է, ժամանակին մարզել է տեղական ֆուտբոլի թիմը, որի ընթացքում էլ կուտակել է իր առաջնորդական հմտությունները։ Սա նշանակում է, որ հաջողակ ղեկավարը ստիպված է մտածել նաև աշխատանքից դուրս ու մտածել տարբեր ուղղություններով: Զարմանալի չէ, որ հավելյալ պարտավորությունները փոխկապակցված են բարձր նվաճումների հետ:
Բացի այդ՝ արդյունավետության ձգտող մարդիկ ընդմիջումներ են վերցնում։ Տարածված կարծիք է, որ հնարավոր է ավելի շատ բան հասցնել, եթե դադար չես վերցնում: Պարզվում է՝ այս դեպքում հեշտությամբ կարելի է կորցնել աշխատունակությունը և արագ վերածվել կոշտ ու նեղ հայացքների տեր աշխատողի (թունելի տեսլական): Ընդ որում՝ մեծ է նաև ճահիճի մեջ խրվելու վտանգը: Ընդմիջումը կամ պարզապես մեկ րոպե քայլելը, կարող է վերականգնել և թարմացնել միտքը՝ թույլ տալով նկատել նոր լուծումներ, որոնք հնարավոր չէր գտնել մեկ ժամ գրասեղանի առաջ նստելով: Դա է պատճառներից մեկը, որ շատ հաճախ լավագույն գաղափարները ծնվում են մեքենայով տուն գնալիս։
Հաջողակ մասնագետները հաճախ են փոխում աշխատանքի բնույթը։ Այսինքն՝ նրանք կանոնավոր կերպով վիճարկում են ընդունված մոտեցումները, քանի որ տեսնում են նոր հորիզոններ և մոտեցումներ ու դուրս գալիս հարմարվողականության շրջանակից:
Եվ ամենակարևորը՝ հաջողակները շփումների ու համագործակցության լայն շրջանակ ունեն։ Երբեմն դրանք ֆորմալ են, հիմնականում՝ ոչ, սակայն չեն սահմանափակվում միայն անմիջական գործընկերներով կամ հաճախորդներով։ Հաջողակ մարդկանց համագործակցության լայն ցանցը թույլ է տալիս ընդլայնել մտահորիզոնը, նոր կապեր ստեղծել, հավելյալ տեղեկություններ ստանալ։ Արդյունքում դրանք լույս ու թարմ օդ են բերում բիզնես:
Բոլոր այս հատկանիշները ցույց են տալիս, որ հաջողակ մարդիկ լայն և հարուստ տեսլական ունեն՝ հավելյալ պարտավորություններ, շունչ քաշելու ժամանակ, հեռանկարներ և կապեր։ Նրանք շատ ավելին են անում աշխատանքի ժամանակ, քան նրանցից պահանջվում է աշխատանքային պայմանագրով: Նրանք արդյունավետ են, քանի որ ունեն գիտելիքներն ի մի բերելու ունակություն։ Այսինքն արտադրողականության գաղտնիքը ոչ թե կազմակերպչական ջիղն է, ծրագրային ապահովման նոր համակարգը, այլ ամբողջական ու հավասարակշիռ կենսակերպը։
Civilnet











