Գլխավոր Լրահոս

Թվերը խաղում են

Թվերը խաղում են

Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ), հիմք ընդունելով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) տվյալները, արտահանման ավելի մեծ ծավալ է հաշվել։ Այսպես. եթե ըստ ՊԵԿ-ի՝ այս տարվա 1-ին եռամսյակում արտահանումը կազմել է $293 մլն, ապա ըստ ԱՎԾ-ի՝ այն մոտ $55 մլն-ով ավելի է եղել։ Շեղումն ուշագրավ է, քանի որ ըստ մեթոդաբանության՝ ԱՎԾ-ում արտաքին առևտրի վիճակագրության համար տվյալների աղբյուր է ծառայում մաքսային վիճակագրությունը։

Պետական եկամուտների կոմիտեն իր պաշտոնական կայքում հրապարակել է արտաքին առևտրի այս տարվա 1-ին եռամսյակի ցուցանիշները, որոնք չեն համընկնում ԱՎԾ-ի կողմից օրերս ներկայացված «ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական մակրոտնտեսական ցուցանիշները» հրապարակման տվյալների հետ։

Այսպես. ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա 1-ին եռամսյակում արտահանումը կազմել է $347,7 մլն, ներկրումը՝ $955,9 մլն։ ՊԵԿ-ի տվյալներով՝ արտահանումը կազմել է $293 մլն, իսկ ներկրումը՝ այնքան, որքան ներկայացրել է ԱՎԾ-ն՝ $955 մլն։

Պետական երկու գերատեսչությունների տվյալների շեղումն ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ ըստ մեթոդաբանության՝ ԱՎԾ-ում արտաքին առևտրի վիճակագրության համար տվյալների աղբյուր է ծառայում մաքսային վիճակագրությունը։

Ստացվում է, որ ԱՎԾ-ն այս տարվա 1-ին եռամսյակի արտահանումն «ավելացրել» է մոտ $55 մլն-ով, ինչի արդյունքում 2011թ. հունվար-մարտի համեմատ այն աճել է 32,5%-ով, այնինչ ՊԵԿ-ի տվյալներով արտահանման աճն ընդամենը 17,7% է եղել։

Երեք ոլորտի հաշվին
ՊԵԿ-ի վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա 1-ին եռամսյակում արտահանման կառուցվածքում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել։ Այսպես՝ պատրաստի սննդամթերքի, ալկոհոլի և ոչ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի մասնաբաժինը 2011թ. հունվար-մարտի համեմատ ավելացել է 3,2-տոկոսային կետով՝ կազմելով 16,1% (արտահանումը՝ $47 մլն-ի)։ Ընդ որում՝ 1,1-տոկոսային կետով նվազել է հանքանյութերի տեսակարար կշիռը՝ կազմելով 28,6%։ Ոչ թանկարժեք մետաղների մասնաբաժինը նվազել է 8,3-տոկոսային կետով՝ կազմելով 27,6%։

Ընդհանուր արտահանման կառուցվածքում թեև նվազել է հանքանյութերի մասնաբաժինը, անցած տարվա 1-ին եռամսյակի համեմատ մեծ է եղել արտահանման ծավալը. ընդհանուր առմամբ արտահանվել է $83,6 մլն-ի հանքանյութ (աճը՝ $9,6 մլն)։ Ոչ թանկարժեք մետաղների մասնաբաժնի նվազումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ 2011թ. հունվար-մարտի համեմատ արտահանումն այս տարվա նույն ժամանակահատվածում կրճատվել է $8,8 մլն-ով՝ կազմելով $80,8 մլն։

Չնայած արտահանման կառուցվածքի որոշ փոփոխության` Հայաստանի արտահանման մոտ 73%-ը շարունակում է կենտրոնացած մնալ երեք ոլորտներում։ Ընդ որում` արտահանման 56,2%-ը սերտորեն կապված է ընդերքի հետ։ Եթե հաշվի առնենք, որ թանկարժեք և ոչ թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից ստացված արտադրանքի տեսակարար կշիռը արտահանման կառուցվածքում կազմել է 12,7%, ապա ստացվում է որ Հայաստանի արտահանումը բավական խոցելի է մետաղների գների տատանումների նկատմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում