Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն առաջարկում է վերացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիաչվերթների բոլոր քանակային սահմանափակումները։ Հայկական կողմը, ընդհակառակը, կողմ է սահմանափակումներին։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ՔԱԳՎ), սակայն, նախընտրում են խոսել ոչ թե սահմանափակումների, այլ կարգավորման մասին։ Հայկական կողմի առաջարկը առաջին հերթին բխում է «Արմավիա»-ի և ոչ թե ուղևորների շահերից։
Ռուսաստանի ավիացիոն տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») իր կայքում տեղադրել է ապրիլի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ տրանսպորտի նախարարության և Հայաստանի ՔԱԳՎ ներկայացուցիչների խորհրդակցության արձանագրությունը, որը բավական ուշագրավ տեղեկություններ է պարունակում։ Ըստ արձանագրության՝ ռուսական կողմը քննարկումների ընթացքում առաջարկել է երկարացնել 2009թ. դեկտեմբերի 10-ի Հայաստանի և Ռուսաստանի ավիացիոն իշխանությունների խորհրդակցության արձանագրության ժամկետը, որը վերաբերում է պայմանագրային չվագծերի ուղղությունների հաճախականությունների կարգավորման վերացմանը։ «Ռուսական կողմը նշել է, որ պատրաստ է վերացնել ցանկացած քանակային սահմանափակում պայմանագրային չվագծերի վրա»,– նշված է արձանագրությունում։
Հայկական կողմը, ընդհակառակը, առաջարկել է սահմանափակումներ մտցնել Մոսկվա-Երևան պայմանագրային ուղղությամբ չվերթների վրա՝ ավիափոխադրող յուրաքանչյուր կողմի համար։ Բացի այդ՝ նույն ուղղությամբ առաջարկվել է սահմանել շաբաթական մինչև 42 չվերթ, պայմանագրային այլ ուղղությունների համար՝ մինչև 3 չվերթ։
«Ռուսական կողմի համար ընդունելի չէ այս մոտեցումը, քանի որ Մոսկվա-Երևան ավիաուղղությամբ այսօր գործում է երեք ռուսական ընկերություն՝ իրականացնելով շաբաթական 49 չվերթ։ Այլ ուղղություններով ռուսական փոխադրողները կատարում են շաբաթական 3 և ավելի չվերթներ»,– նշված է արձանագրությունում։
Մեկնաբանելով մոսկովյան քննարկումները՝ ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանն «Օրակարգ»-ին ասաց, որ գլխավոր վարչությունը ոչ թե ցանկանում է սահմանափակումներ մտցնել Հայաստանի և Ռուսաստանի օդային փոխադրումներում, այլ կարգավորել դրանք։ Ընդ որում՝ ՔԱԳՎ պատվիրակությունն այս առաջարկով հանդես է եկել հաշվի առնելով ոչ միայն պահանջարկն ու առաջարկը, այլև շուկայի պահանջը։ Չերչինյանը նշեց նաև, որ ավիացիայում ընդունված պրակտիկա է, երբ պայմանագրային ուղղությունները կարգավորվում են միջկառավարական համաձայնագրերով։
Ո՞ւմ օգտին
Հայկական կողմի հղումը «առաջարկի և պահանջարկի»-ին, անհասկանալի է, եթե հաշվի ենք առնում, որ ներկայում ռուսական ավիաընկերությունները դեպի Հայաստան թվով ավելի շատ չվերթներ են կատարում, քան առաջարկում են հայկական ավիացիոն իշխանությունները։
Նշենք նաև, որ քանակային սահմանափակումները կամ ինչպես պնդում է հայկական կողմը՝ կարգավորումները, առաջին հերթին բխում են ազգային փոխադրող «Արմավիա»-ի շահերից։ Դրանք, ըստ էության, նպաստավոր պայմաններ են ստեղծում հայկական ավիաընկերության համար։ Քվոտաների վերացումը ենթադրում է, որ մասնակիորեն կվերանա նաև կառավարության կողմից «Արմավիա»-ին տասը տարով տրված ներքին և միջազգային չվերթներ իրականացնելու բացառիկ իրավունքը։ Այն ավարտվում է 2013թ.։ Ընկերությունը, արդյունքում, ստիպված կլինի վերանայել սակագնային քաղաքականությունը։
Առաջին հայացքից ազգային ավիափոխադրողի հզորացումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ «Արմավիա»-ն դժվար թե կարողանա մրցակցել ռուսական խոշորագույն ավիաընկերությունների հետ։ Մյուս կողմից՝ մրցակցությունը հայկական ընկերությանը կստիպի օպտիմալացնել ծախսերը, բարձրացնել կառավարման արդյունավետությունը։
Հաշվի առնելով այն, որ «Արմավիա»-ն այսօր ունի ընդհանուր առմամբ մոտ $50 մլն-ի պարտքեր և վարկային պարտավորություններ, իսկ մարտին չէր բացառում սնանկացման տարբերակը՝ Հայաստանի ավիացիոն իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մասնավոր ընկերության շահերը վեր են դասել ուղևորների շահերից և ազատ մրցակցությունից։
Նշենք, որ չվերթների քանակային սահմանափակումները «Արմավիա»-ին գումար վաստակելու լրացուցիչ հնարավորություն են ընձեռում։
Ավիաընկերությունն իր քվոտային չվերթների համար կարող է կոդ-շերինգային (Codeshare agreement) համաձայնագիր կնքել ռուսական մեկ այլ ընկերության հետ։ Չվերթը կիրականացնի ռուսական ընկերությունը, իսկ «Արմավիա»-ն գումար կստանա չվերթի տոմսերի վաճառքից։ Նշենք նաև, որ Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիաուղղության համար անցած տարի նոյեմբերին «Արմավիա»-ն արդեն ստորագրել է կոդ-շերինգային համաձայնագիր ռուսական «Տրանսաէրո»-ի հետ։
Ռուսաստանը քվոտայով

Civilnet










