Գլխավոր Լրահոս

Տարօրինակ հարցումներ

Տարօրինակ հարցումներ

«Արմենիա» հեռուստաընկերության պատվերով Gallup International Association ընկերությունը ներկայացրել է Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների առիթով սոցոլոգիական հարցման տվյալները: Հետազոտությունը իրականացվել է ապրիլի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ հարցումների տվյալների՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող քաղաքական  ուժերի վարկանիշների հետաքրքիր պատկեր է ստացվել: Մասնավորապես, հարցին, թե «եթե առաջիկա կիրակի օրը տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, համամասնական ընտրակարգով Դուք ո՞ր քաղաքական ուժի օգտին կքվեարկեիք», քաղաքացիների պատասխանները բաժանվել են հետևյալ կերպ.

  1. ՀՀԿ – 39,2
  2. ԲՀԿ – 29,9
  3. ՀԱԿ – 12,2
  4. «Ժառանգություն» - 6,3
  5. ՕԵԿ – 6,0
  6. ՀՅԴ – 5,3
  7. ՀԿԿ – 1,1
  8. ՀԴԿ – 0,1

Հրապարակված հարցումների այս արդյունքները ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ տալիս: Նախ՝ մինչև հրապարակված արդյունքների վերլուծության անցնելը, նշենք, որ հարցում անցկացրած ընկերության պրոֆեսիոնալիզմը կասկածելի է թվում: Օրինակ, քաղաքացիներին հետևյալ բովանդակությամբ հարց է տրվել. «Ըստ Ձեզ՝ ներկա պահին որո՞նք են մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները»: Տրված հարցի հնարավոր պատասխաններ են նշվել՝ 1. գործազրկություն, 2. տնտեսական վիճակ, 3. գնաճ 4. արտագաղթ, 5. ցածր թոշակներ, 6. բարձր հարկեր, 7. առողջապահական համակարգի վատ վիճակ, 8. կառավարման վատ համակարգ, կոռուպցիա, 9. կրթական համակարգի վիճակ: Ակնհայտ է, որ «տնտեսական վիճակ» ընդհանրական հարցի մեջ տեղավորվում են 1-ին, 3-րդ և 6-րդ կետերը, ուստի նման բաժանում իրականացնելը կասկածելի տրամաբանություն ունի և կասկածի տակ է դնում հարցում անցկացրած ընկերության պրոֆեսիոնալիզմը:

Անդրադառնալով հարցումների տվյալներին՝ հետաքրքիր տարօրինակություններ կարելի է հայտնաբերել, օրինակ՝ հարցին, թե «ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում կառավարության և ԱԺ-ի գործունեությունը», հարցված քաղաքացիների 44%-ը հավանություն է տվել կառավարության գործունեությանը, իսկ 47%-ը՝ ոչ: Ազգային ժողովին վստահելու առումով իրավիճակը առավել անմխիթար է: Օրենսդիր մարմնի գործունեությանը հավանության չի արժանացնում հարցվածների 55%-ը, իսկ այդ գործունեությունը դրական է գնահտում 34%-ը: Ավելին՝ հարցված քաղաքացիների մեծամասնությունը որևէ սպասում չունի ձևավորվելիք խորհրդարանից. 42%-ը համոզված է՝ ոչինչ չի փոխվելու:

Փաստացի, ընդհանուր առմամբ, հարցվածների մեծամասնությունը չի վստահում ներկայիս կառավարությանն ու խորհրդարանին և ապագա խորհրդարանի կազմից որևէ դրական ակնկալիք չունի: Տարօրինակ է, որ անվստահություն վայելող ԱԺ-ում մեծամասնություն ունեցող և կառավարություն ղեկավարող Հանրապետական կուսակցության օգտին, ըստ հարցումների տվյալների՝ պատրաստ է քվեարկել հարցվածների մեծամասնությունը՝ 39,2%-ը:  Ստացվում է, որ մեծամասնությունը դժգոհ է ՀՀԿ-ի գլխավորած ԱԺ-ի և կառավարության գործունեությունից, ոչ մի դրական փոփոխության ակնկալիք չունի, բայցևայնպես պատրաստ է կրկին իր քվեն տալ իշխող կուսակցությանը: Սա կա՛մ յուրօրինակ հայկական քաղաքական մազոխիզմի, կա՛մ հարցումների արդյունքների վրա պատվիրատուի ազդեցության դրսևորում է:

Այս հարցումների տվյալները համեմատելով նմանատիպ այլ հարցումների տվյալների հետ՝ ՀՀԿ-ն վարկանիշի բարձրացում է արձանագրել, այն դեպքում, երբ ՀՀԿ-ի քարոզարշավի մեջ որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, կուսակցության ասելիքն էլ նույնն է մնացել: Հետաքրքիր է, թե ինչի՞ց դրդված են քաղաքացիենրը սկսել ավելի շատ վստահել ՀՀԿ-ին:

Հարցումների հետ կապված մեկ հատկանշական փաստ ևս կարելի է առանձնացնել: Gаllup International Association ընկերության իրականացրած հարցումների արդյունքների համաձայն՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու է հարցված քաղաքացիների 76%-ը, հավանբար կմասնակցի 14%-ը, իսկ դեռ չի կողմնորոշվել 5%-ը: Խորհրդարանական ընտրություններին նման ահռելի մասնակցության ցուցանիշ երբևէ չի գրանցվել: Օրինակ, 2007թ. ընտրողների մասնակցության ցուցանիշը պաշտոնական վիճակագրության համաձայն կազմել է մոտ 60%, իսկ այսօր այն պոտենցիալ ունի հատելու 90%-ի շեմը: Ընտրություններին մասնակցության նման ցուցանիշ կարող է գրանցվել Հյուսիսային Կորեայում կամ բռնապետական խոր արմատներ ունեցող որևէ երկրում: Այսպիսի ցուցանիշի հրապարակումը կարող  է բազմաթիվ կասկածների տեղիք տալ. հնարավոր է՝ հարցումների միջոցով մասնակցության նման բարձր ցուցանիշների հրապարակումը հիմք է նախապատրաստում արդարացնելու մայիսի 6-ի ընտրություններում արհեստականորեն գրանցվելիք մասնակցության բարձր ցուցանիշը: Իսկ բարձր մասնակցության ցուցանիշը ուղղակիորեն կարող է հիմնավորել ընտրողների ուռճացված ցուցակների վերաբերյալ եղած կասկածները:

Կասկածելի է նաև այն հանգամանքը, որ հարցումների տվյալների համաձայն՝ ՕԵԿ-ը և «Ժառանգությունը» ավելի շատ վստահության քվե ունեն, քան ՀՅԴ-ն: Եթե «Ժառանգության» պարագայում ինչ-որ կերպ կարելի է հիմնավորել, սակայն ՕԵԿ-ի՝ ՀՅԴ-ից բարձր վարկանիշը, մեղմ ասած, անհավանական է թվում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում