Հունիսի 1-ից սոցիալական քարտերի փոխարեն քաղաքացիներին տրվելու է կա՛մ նույնականացման քարտ, կա՛մ հանրային ծառայությունների համարանիշը հաստատող փաստաթուղթ: Դրա համար անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիների սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական շտեմարանի միավորում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շտեմարանի հետ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը ՍիվիլՆեթ-ի հետ զրույցում ասում է, որ ժամանակահատվածը, որը հատկացված էր այդ գործընթացի համար, ավելի քան բավարար էր:
2012թ. հունիսի 1-ից ուժի մեջ կմտնեն «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքները, որոնք ենթադրում են, որ հունիսի 1-ից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որպես անձը հաստատող փաստաթուղթ կարող է ձեռք բերել նույնականացման (ID) քարտ ՀՀ տարածքում օգտագործելու նպատակով և կենսաչափական անձնագիր՝ որպես ճամփորդական փաստաթուղթ այլ պետություններ մեկնելու համար:
Մարտի 22-ին կառավարությունը որոշում ընդունեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից վարվող սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազան պետք է փոխանցվի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը, որի տեղեկատվական շտեմարանները վարում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը:
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը ՍիվիլՆեթ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախարարության սոցքարտերի համակարգը մի քանի բաղադրիչ է պարունակում, որոնցից մեկը հենց դրանց տրամադրումն է և գեներացիան. «Կա ևս մեկ կարևորագույն բաղադրիչ: Դա արդեն գոյություն ունեցող տեղեկատվության ավտոմատ փոխանակման համակարգն է, որի միջոցով ապահովված է տեղեկատվության փոխանցումը 15-ից ավելի տեղեկատվական ռեգիստրների միջև»:
Հայկ Չոբանյանի խոսքով՝ ոստիկանության անձնագրային վարչություն է տեղափոխվում միայն գեներացիայի և քարտերի հատկացման մասը: Հարցին, թե որքանով է իրատեսական հունիսի 1-ից նույնականացման քարտեր և կենսաչափական անձնագրեր ստանալու գործընթացը, նա պատասխանեց. «Այդ գործընթացի նախապատրաստական աշխատանքները, իմ տեղեկությամբ, ընթանում են բնականոն հունով: Ես հավատում եմ, որ այն ժամանակահատվածը, որը հատկացված էր այդ գործընթացի համար, ավելի քան բավարար էր»:
Իսկ թե որքանով է ճիշտ սոցքարտերի բազայի վարման գործընթացի տեղափոխումը անձնագրային վարչություն, Հայկ Չոբանյանն ասաց. «Մեր կազմակերպությունը կարևոր դեր է խաղացել նույնականացման համակարգերի ներդրման առումով: Հաշվի առնելով նույնականացման համակարգի նոր փուլը՝ մենք ևս ի վիճակի կլինեինք լուծել այն խնդիրները, որը ոստիկանությունը կարող է լուծել այլ կազմակերպության աջակցությամբ: Սակայն դրա համար կան ընթացակարգեր, հայտարարվել է տենդեր, և եղել է շահող կազմակերպություն: Առաջիկայում հավանաբար ևս կլինեն գնումներ պետական գնումների համակարգով»:
Ըստ նրա՝ նոր տենդերների դեպքում «Նորք»-ն անպայման կմասնակցի: Չոբանյանի խոսքով՝ իրենց կենտրոնը լավ է կատարել աշխատանքը: «Իսկ լավ աշխատանքը պետք է շարունակել, ոչ թե ջնջել և սկսել զրոյից»,– ասաց նա:
Civilnet











