Ինչ կորոշի Սահմանադրական դատարանը

Ազատ և արդար ընտրություններ ունենալու առումով մտահոգ և ընտրակեղծիքների դեմ պայքարող քաղաքական ուժերը սևեռվել են ընտրողների չափից ավելի կասկածելի ցուցակների վրա: Միակ տարբերակը, որով հնարավոր է վերահսկել այդ ցուցակները, ընտրություններից հետո քվեարկած քաղաքացիների ստորագրած ցուցակների հրապարակումն է:
ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը փորձելու է լուծել այս խնդիրը: Ներկայիս ընտրական օրենսգրքի նախագծային փուլում ընդդիմության և իշխանությունների միջև բանավեճի առարկա էր դարձել քվեարկած քաղաքացիների ցուցակների թափանցիկությունը, սակայն իշխանությունները, չնայած գոյություն ունեցող դիմադրությանը, հատկապես այդ կետի առումով զիջման չգնացին: Ընտրություններից մի քանի ամիս առաջ ընտրացուցակների հետ կապված խնդիրը այս կարգի սրությամբ արտահայտված չէր և միայն կարելի էր կասկածել, որ իշխանությունը կարող է մեքենայություններ անել ցուցակների հետ: Սակայն այդ ընթացքում որևէ հիմնավորում չկար, որ հենց այդպես էլ կլինի: Հետևաբար այս փուլում, երբ լուրջ կասկածներ կան, որ իշխանության «հաղթաթուղթը» լինելու են ուռճացված ընտրացուցակները, չի կարելի է անսկզբունքայնության մեջ մեղադրել այն կուսակցություններին, որոնք կողմ են քվեարկել ընտրական օրենսգրքի ընդունմանը: Հիմա իրավիճակ է փոխվել, և եթե այս փուլում նույն ԲՀԿ-ն հրաժարվեր ստորագրել Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի տակ՝ հիմնավորելով, որ մի քանի ամիս առաջ կողմ է քվեարկել այդ օրինագծին, ապա անկասկած մասայական մեղադրանքներ էին հնչելու այդ կուսակցության հասցեին, որ նա իմիտատիվ ներկայություն ունի ընտրությունների վերահսկման միասնական շտաբում:
Եթե հիմա շտաբում ընդգրկված ուժերը հայտարարում են, որ գերնպատակը ազատ և արդար ընտրություններ ունենալն է, ապա խիստ հիմնավորված է, որ օրինական միջոցներով փորձում են հասնել այդ նպատակին:
Բնական է, որ վաղուց ինքնուրույնությունից զրկված Սահմանադրական դատարանը չի բավարարելու երեք ուժերի դիմումը և օրենքի այդ դրույթը հակասհամնադրական չի ճանաչվելու: Պատճառաբանությունը լինելու այն, որ գոյություն ունի ընտրական իրավունքի գաղտնիության սկզբունք: Նույնիսկ իշխանության շատ ներկայացուցիչներ, իբր բարի նպատակներից ելնելով, նշում են, որ ընտրողների ստորագրած ցուցակների գաղտինությունը միտված է քաղաքացիներին զանազան հետապնդումներից ապահովելուն: Ցավալի է, որ իշխանությունը խոստովանում է, որ ընտրության մասնակցելու համար ՀՀ քաղաքացին կարող է հետապնդվել: Բնականաբար հետապնդողները ընդդիմության ներկայացուցիչները չեն:











