Օրերս ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը «Հ2» հեռուստատեսության մի հաղորդման ժամանակ քննադատության էր ենթարկել կառավարության տնտեսական քաղաքականությունը: Օսկանյանի քննադատությանը News.am-ի հետ հարցազրույցում հակադարձել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ հայտարարելով, որ «Վարդան Օսկանյանի գնահատականներն իրականության հետ ոչ մի կապ չունեն»:
Այս կապակցությամբ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է հետևյալը.
«Նշեմ մի քանի փաստ և սահմանափակվեմ այդքանով.
1. Կառավարությունը 2009 թվականի համար ծրագրում էր 9 տոկոս տնտեսական աճ և ստացավ ավելի քան 14 տոկոս անկում: Այսինքն՝ 23-տոկոսանոց շեղում կանխատեսումից:
2. Վերջին չորս տարիներին արտաքին պարտքը գրեթե եռապատկվել է:
3. Վերջին չորս տարիներին աղքատների թիվն ավելացել է 500 հազարով:
4. Արտագաղթը հասել է վտանգավոր չափերի:
5. Չնայած խոստումներին՝ որևէ մասշտաբային ծրագիր վերջին չորս տարիներին չի իրականացվել՝ նոր ատոմակայան, Իրան-Հայաստան երկաթուղի, Իրան-Հայաստան նավթատար, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղի, Մեղրիի հէկ, Հյուսիս-Հարավ ճանապարհ, Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն, Գյումրիի տեխնոպարկ, Համահայկական բանկ և այլն, և այլն:
6. Չնայած խոստումներին՝ ստվերի էական կրճատում տեղի չի ունեցել, և հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը տարածաշրջանում ամենացածրն է:
7. Ազգային պահուստային միջոցներից 700 միլիոն դոլարի փոշիացմամբ հանդերձ՝ դրամը մեկ օրում կտրուկ արժեզրկվեց, արդյունքում էականորեն բարձրացավ տնտեսության դոլարիզացիայի մակարդակը, էապես կրճատվեց տնտեսության վարկավորումը:
Իմ այն մեղադրանքին, որ Կենտրոնական բանկի նախկին պաշտոնյաները կառավարություններում շարունակում են գործել նախկին՝ բանկիրի հոգեբանությամբ, ֆինանսների նախարարը հակադարձել է և օրինակ բերել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյին, որը մինչ այդ զբաղեցրել է այդ երկրի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը: Հետաքրքիր զուգադիպությամբ, թե օրինաչափությամբ Ուկրաինան աշխարհում միակ երկիրն է, որ Հայաստանից մեծ տնտեսական անկում է ունեցել: Փաստորեն, աշխարհի երկու ամենախոշոր անկում արձանագրած տնտեսությունները ղեկավարել են ԿԲ նախկին նախագահները»:
Civilnet











