Քոչարյանի մեսիջը ուղղված է Սարգսյանին

Խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական իրավիճակի վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականներին սպասում էին ինչպես քաղաքական, այնպես էլ լրատվական-վերլուծական շրջանակներում: Առավել ևս, որ հայտարարվել էր՝ Ռոբերտ Քոչարյանը մինչև ընտրություններ խոսելու է: Սպասման ինտրիգն այն էր, թե Քոչարյանն ինչպես կգնահատի իրավիճակը՝ կքննադատի՞ գործող իշխանություններին, թե՞ կփորձի այլ մոտեցում ցուցաբերել: Հարցերի պատասխանը նա տվեց այսօր. «Մեդիամաքս» գործակալության հետ հարցազրույցում Քոչարյանը, կարելի է ասել, սկզբունքային քննադատության է ենթարկում գործող իշխանություններին և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին, թեև վերջինիս անունը ուղղակիորեն չի նշում:
Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մասնակցելը ո՛չ նախկին, ո՛չ էլ գործող նախագահների գործը չէ: Նա փաստորեն ճիշտ չի համարում նախագահի կուսակցական պատկանելիություն ունենալու հանգամանքը՝ գտնելով, որ այդ դեպքում նախագահը չի կարող արդար մրցավար լինել և երաշխավորել քաղաքական մրցակցությունը: Այսինքն՝ նախ Ռոբերտ Քոչարյանը փաստացի ասում է, որ Սերժ Սարգսյանը նախագահի մակարդակին հարիր գործով չի զբաղվում՝ ՀՀԿ-ի քարոզը անելով, ինչպես նաև նրան անուղղակիորեն մեղադրում է կուսակցությունների համար ոչ հավասար պայմաններ ստեղծելու և կողմնակալ դիրքորոշում ունենալու մեջ:
Ռոբերտ Քոչարյանը քննադատում է հատկապես իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ իրեն ամբողջովին տարանջատելով գործող իշխանություններից, այն հավաստիացումով, որ որևէ անդրկուլիսային պայմանավորվածություն իշխանությունների հետ չունի և իր հարաբերություններն իշխանության հետ միանշանակ չեն: Ավելին՝ պաշտոնաթող նախագահը մեղադրում է կառավարությանը խորհուրդներ լսելու ունակություն չունենալու մեջ: Իսկ կառավարության գնահտականը տալիս է արտագաղթի սպառնալիքի չափերը մատնանշելով:
Եզրափակիչ և թիրախային հարված կարելի է գնահատել հարցազրույցի վերջին մասը, որտեղ Քոչարյանը պատասխանում է շախմատի և քաղաքականության վերաբերյալ հարցին՝ կարծիք հայտնելով, որ այդ երկուսը ուղղակի համեմատել չի կարելի, քանի որ տարբեր խնդիրներ են լուծում:
«Շախմատում խաղի իմաստն է ամեն գնով պաշտպանել թագավորի «գլուխը»: Հանուն այդ նպատակի կարելի է զոհաբերել նույնիսկ «թագավարության» կեսը: Չեմ կարծում, որ այսպիսի շխմատային համեմատությունը երկրի ղեկավարման գործընթացի հետ կարող է ոգևորել որևէ մեկին (բացի թագավորից)»:
Թե ո՞ւմ կարող է հասցեագրված լինել Քոչարյանի այս պատկերավոր նկարագրությունը և թե ի՞նչ է նա ուզում ասել շախմատի նպատակների և կատարվող զոհաբերությունների հետ կապված, թերևս կարիք չկա մանրամասնելու:











