Գլխավոր Լրահոս

Անհասկանալի ռեակցիա

Անհասկանալի ռեակցիա

Քաղաքական և լրատվական շրջանակներում կարծես ավանդույթ է դարձել, երբ որևէ քննադատություն անմիջապես հակադարձվում է իշխանական ճամբարի տարբեր տրամաչափի ներկայացուցիչների կողմից: Այս առումով ուշագրավ և, կարելի է ասել, հակասական է արձագանքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին:

Մինչ այս պահը Քոչարյանի հարցազրույցին արձագանքել են վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը:

Տիգրան Սարգսյանը «Առավոտ» օրաթերթին երկրորդ նախագահի հարցազրույցը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Ես համաձայն եմ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ: Մեր այն թիմը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ապահովել է երկրի անվտանգությունը և երկնիշ տնտեսական աճը, ունի այդ փորձն ու կարողություններն այսօր նույնպես իրականացնել փոփոխություններ»:

Նախ, արդյոք պատահակա՞ն է, որ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ մեկնաբանության մեջ օգտագործվում է Լևոն Տեր-Պետրոսյանի անունը: Միգուցե Տիգրան Սարգսյանը ակնարկում է, որ առաջին և երկրորդ նախագահները գտնվում են նույն տիրույթում և հակադրվում են գործող նախագահին: Սակայն վարչապետի մեկնաբանության ամենահետքրքիր պահն այն է, որ նա առանց վերապահումների ընդունում է Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը, որի առանցնքն այն  է, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը ձախողվել է: Եթե վարչապետը համաձայն է այդ գնահատականի հետ, ապա հետաքրքիր է, թե մինչև հիմա ինչո՞ւ հրաժարական չի տվել, և ի՞նչ երաշխքիներ կան, որ այսօր այդ կառավրությունը կարող է փոփոխություն իրականացնել:

Բացի այդ, մինչև Ռոբերտ Քոչարյանի գնահատականը, այդ նույն խնդիրների վերաբերյալ կառավարությանը խիստ քննադատության էին ենթարկում նաև այլ գործիչներ, և այդ քննադատություններին իշխանությունը բավական ջղաձիգ ու ցավագին հակադարձում էր: Ի՞նչ է ստացվում՝ գնահատականները չեն փոխվել, փոխվել է գնահատողը, և իշխանությունն ընդունո՞ւմ է այդ քննադատությունը: Գուցե Տիգրան Սարգսյանը զգուշանո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանից և ստիպված համաձայնում է նրա հետ կամ գուցե մինչ այս հնչած քննադատություններին պատասխանելով՝ իշխանության ներկայացուցիչները պարզապես ստել են, իսկ ՀՀԿ-ի տնտեսական հաջողությունների մասին հայտարարություններն ընդամենը հանրությանը մոլորեցնելու փորձեր են:

Հետաքրքիր է նաև Դավիթ Հարությունյանի արձագանքը, որը բավական անորոշ է: Ըստ Panorama.am-ի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է. «Սա քաղաքական պաշտոն զբաղեցնող մի անձի քաղաքական հայտարարություն է, և յուրաքանչյուրը այդ հայտարարության մեջ կարող է տեսնել այս կամ այն: Այնուամենայնիվ, այս քաղաքական հայտարարությունը իսկապես մտորելու տեղիք է տալիս»:

Անհասկանալի է, թե ինչ է ուզում ասել Դավիթ Հարությունյանը և ինչի շուրջ է մտորում: Մտորում է, որ պաշտոնաթող նախագահն օբյեկտի՞վ չի գնահատում իրավիճակը, թե՞ կիսում է Քոչարյանի գնահատականները և այդ գնահատականներից հասկանալով, թե ինչ է կատարվում երկրում, սկսում է մտորել:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում