2012թ. առաջին եռամսյակում Հայաստանի բանկերն ընդհանուր առմամբ վճարել են Դ6,8 մլրդ-ի հարկեր, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 53%-ով։ Ընդ որում՝ հաշվետու ժամանակահատվածում խոշոր հարկատուների պետբյուջե վճարած հարկերն ավելացել են Դ14,8 մլրդ-ով կամ 14%-ով (ընդհանուր առմամբ՝ 121,3 մլրդ դրամ), որից Դ2,4 մլրդ-ը կամ 16,2%-ն ապահովել են բանկերը։
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի 2012թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի՝ 21 առևտրային բանկերից չորսը 28,6%-ով կամ Դ185 մլն-ով պակաս հարկ է վճարել քան անցած տարի։ Մյուս բանկերի դեպքում հարկերի ծավալն ավելացել է։ Բանկերի շարքում ամենախոշոր հարկատուն «Պրոմեթեյ բանկն» է՝ վճարած հարկերի ծավալն ավելացել է 3,5 անգամ (Դ314,5 մլն), ապա «Մելլաթ բանկը»՝ 3,46 անգամ (Դ666,7 մլն)։
Բանկերի կողմից այս հունվար-մարտին վճարած հարկերի ծավալի աճը մասամբ պայմանավորված է նրանով, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բանկերը վճարել են նաև անցած տարվա շահութահարկը, իսկ այս եռամսյակի շահութահարկի համար բազա է հանդիսացել անցած տարվա շահույթի ծավալը։
Ըստ «Շահութահարկի մասին» օրենքի՝ կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի 18,75%-ի չափով՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ։ Հիշեցնենք, որ անցած տարի բանկային համակարգն ապահովել է Դ43 մլրդ-ի շահույթ, որը 2010-ի համեմատ ավելի է 27,6%-ով (Դ9,3 մլրդ-ով)։ Սա նշանակում է, որ այս տարվա առաջին եռամսյակում ավելացել է բանկերի կողմից վճարված շահութահարկի կանխավճարների ծավալը։
Civilnet











