Ընտրությունների ընթացքի մասին

Մինչև այս պահը ամփոփելով ընտրությունների ընթացքը՝ կարելի է արձանագրել, որ ընտրական գործընթացը հանրապետությունում բավական աղմկոտ սկսվեց: Հայտնի դարձավ, որ օրենքով նախատեսված կարգով քվեարկությանը մասնակցող քաղաքացիների անձնագրերում դրվող կնիքները անհետանում են ոչ թե 12 ժամ հետո, ինչպես նախատեսված է, այլ շատ ավելի շուտ: Կնիքների արագ անհետացման ահազանգերը օրվա առաջին կեսին ստացվում էին գրեթե բոլոր մարզերից և Երևանից: Որ նմանատիպ խնդիր իրոք գոյություն ունի, հաստատեց նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա հավաստիացրեց, որ ցնդող թանաքի ամանը թափահարելուց հետո խնդիրը կլուծվի: Սակայն լրագրողների ներկայությամբ կատարված փորձարկումը ցույց տվեց, որ ԿԸՀ նախագահի առաջարկած լուծումը արդյունավետ չէ:
Այնուամենայնիվ, մոտավորապես օրվա կեսից կնիքների անհետացման ահազանգերը դադարեցին:
Ընտրությունների սկիզբը աչքի ընկավ նաև բռնության դրսևորումներով: Մի քանի ընտրատեղամասերից տեղեկություններ ստացվեցին, որ բռնություն է կիրառվել ԲՀԿ֊-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչների նկատմամբ: Իսկ Գյումրիում, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ թաղում գտնվող ընտրատեղամասում խոչընդոտել են «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի աշխատանքը և նրանից խլել տեսախցիկը:
Օրվա երկրորդ կեսին ընտրախախտումների ահազանգերի բովանդակությունը փոխվեց: Ինտենսիվորեն տեղեկատվություն է ստացվում, որ հրապարակային կերպով ընտրակաշառքներ են բաժանվում, և ցուցակագրված քաղաքացիներին անհատական մեքենաներով և միկրոավտոբուսներով տեղափոխում են ընտրատեղամասեր: Չճշտված տեղեկատվության համաձայն՝ որոշ ընտրատեղամասերում ընթացել է բաց քվեարկություն, կամ քաղաքացիների քվեարկության գործընթացը վերահսկվում է որոշ մարդկանց կողմից:
Հատկանշական է, որ մինչև ժամը 11:00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշը կազմել է 15,08 տոկոս կամ 380 417 մարդ, այն դեպքում, երբ 2007թ. խորհրդարանական ընտրություններին նշված ժամանակահատվածում մասնակցել էր 243 630 մարդ: Տարբերությունը կազմում է մոտ 140 հազար, ինչը բավական բարձր ցուցանիշ է:
Առայժմ պարզ չէ, թե ինչով է պայմանավորաված մասնակցության նման բարձր ցուցանիշը: Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը, վկայակոչելով ընտրատեղամասերում կուտակումների և անձնագրերից կնքիների արագ անհետացման փաստերը, հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը գնահատում է որպես մտահոգիչ և ընտրությունների օրինականությունը վտանգող:











